Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիտորդները զարմացած են գումարների այն ծավալից, որ ՀՀ-ում ծախսվել է նախընտրական քարոզչության համար

Մայիս 04,2012 16:08

ICES-ընտրական համակարգի միջազգային դիտորդական կենտրոնն այսօր ամփոփեց մինչ այժմ կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Կենտրոնը հիմնադրվել է 2005-ին և ունի 20  անկախ փորձագետներ: Այն ուսումնասիրություններ է անցկացնում ԱՊՀ երկրներում: Իսրայելը ներկայացնող փորձագետ, փորձագիտական խմբի ղեկավար Ալեքսանդր Ցինկերը նշեց, որ իրենց դիտարկումները ցույց են տալիս, որ ՀՀ-ում ընդհանուր առմամբ նախընտրական գործընթացները հանգիստ են ընթանում և հույս կա, որ նույն իրավիճակը կգրանցվի նաև ընտրության օրը ու հետընտրական փուլում:

Դառնալով համամասնական-մեծամասնական ընտրական համակարգերի արդյունավետությանը՝ Ա. Ցինկերը նշեց. «Մենք եկանք այն եզրակացության, որ այս փուլում ՀՀ-ի համար նպատակահարմար է այս երկու համակարգերի կիրառությունը, քանի որ մի կողմից համամասնական ընտրակարգը հնարավորություն է տալիս խոշոր կուսակցութուններին մուտք գործել խորհրդարան, մյուս կողմից մեծամասնականով կարող են խորհրդարան մուտք գործել հասարակության շրջանում հեղինակություն վայելող անհատներ»:

Երկար տարիներ տարածաշրջանում Իսրայելի դեսպան նշանակված Բարուկ Բեն Ներիան էլ, ով 16  տարի առաջ էր եղել ՀՀ-ում, նշեց, որ այն ապշեցուցիչ կերպով փոխվել է, հիշեց, որ 1990-ականներին, երբ Հայաստանում էր, նույնիսկ մոմ չկար, իսկ հիմա տեսնում է լուսավորված Երևանը: Սակայն նա որոշ թերութուններ է նկատել ՀՀ ընտրական օրենսգրքում. «Թերություն է այն, որ ընտրական օրենսգրքում եղած դրույթները թույլ չեն տալիս հարկ եղած դեպքում չեղյալ համարել ընտրությունները: Ընտրության ընթացակարգերի հետ կապված մտահոգություններ էլ ենք արձանագրել, օրինակ տվյալների համակարգչայնացման գործընթացում»:

ԱՄՆ-ի քաղաքական մոնիթորինգի անկախ համալսարանի ղեկավար Լիդիա Լոսոնն էլ խոսեց ընտրացուցակներում իրենց կողմից արձանագրված անճշտությունների մասին և նշեց. «Սա բնական երևույթ է այն երկրների համար, որտեղ կա միգրացիա»:

Լեհաստանը ներկայացնող փորձագետ Մատեուս Պիսկորսկին էլ, խոսելով հայաստանյան ԶԼՄ-ների մասին, ասաց. «ՀՀ-ում հիմնականում գործում են քաղաքական կողմնորոշում ունեցող լրատվամիջոցներ: Բավականին փոքր տոկոս են կազմում հանրային և պետական լրատվամիջոցները: Սակայն խոսքի ազատության առումով Հայաստանի հարևան երկրները օրինակ ունեն վերցնելու ՀՀ-ից»: Նա նաև զարմացած էր, թե որքան շատ գումար է ծախսվել նախընտրական քարոզչության վրա: Միևնույն ժամանակ արձանագրեց. «Այցելելով Հայաստան՝ մենք տեսանք, որ իրականում քարոզարշավ չկա: Մենք չտեսանք արտաքին գովազդ, չտեսանք հանրային տրանսպորտ, որը կրում է այս կամ այն կուսակցության կարգախոս և այլն»:

Հանդիպման ավարտին Ա. Ցինկերը շեշտեց, որ, իհարկե, դեմոկրատական զարգացումները կարևոր են, սակայն առավել կարևոր են մարդկային կյանքերը և կարծում է, որ այն, ինչ տեղի ունեցավ 2008-ին, այս ընտրություններից հետո չի կրկնվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031