Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Ում ձայները գողացվեն՝ ՀՀԿ-ն կմիանա նրան»

Մայիս 04,2012 15:37

«Ես կարծում եմ, որ դա պետք չէ դիտել, զուտ որպես մի լուրջ երեւույթ: Նման դեպքերում պետք է անմիջապես ահազանգել իրավապահ մարմիններին: Մենք ինքներս էլ մեր կողմից կատարում ենք համապատասխան աշխատանք»,- այսպես արձագանքեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն Aravot.am-ի դիտարկմանը՝ կարծես «առաջին ծաղիկները» սկսեցին երեւալ եւ ՀՀԿ-ական տարբեր դասի ներկայացուցիչների կողմից արդեն իսկ ճնշումներ, միջադեպեր են լինում ընդդիմադիրների նկատմամբ՝ ընտրական գործընթացներում:

Մեր զրուցակիցը նաեւ հավելեց. «Մի քանի դեպքերը, որոնք ըստ նախնական ենթադրությունների, կատարել էին հանրապետականները, որեւէ առնչություն չունեին կուսակցության հետ եւ ես կարծում եմ, որ սա, ցավոք, շատ հաճախ լինում է ուղղակի սադրանք»:

Aravot.am-ի հաջորդ դիտարկմանը՝ քարոզարշավը հարթ ընթացավ եւ բոլորը սպասումներ ունեն, որ ընտրությունների օրը պոռթկումներ են լինելու, կիսո՞ւմ եք այդ մտավախությունները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես հուսով եմ, որ որեւէ պոռթկումներ չեն լինելու: Թեեւ տեղերում կարող է լինեն առանձին միջադեպեր: Այնուամենայնիվ, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի դրանք անմիջապես վերացվեն: Եվ այս տեսանկյունից, շատ կարեւորում եմ նաեւ իրավապահ մարմինների օպերատիվ աշխատանքը, արձագանքը նման միջադեպերին: Ընդհանուր առմամբ, ես նորից իմ վստահությունն եմ հայտնում, որ այս ընտրությունները որակապես այլ ընտրություններ են լինելու»:

Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը հայտարարում են, որ եթե իրենց ձայները «գողանան»՝ չեն լռելու եւ պայքարելու են: Պարոն Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ՀՀԿ-ն ի՞նչ է անելու: «Եթե որեւէ մեկի ձայները գողացվեն՝ մենք կմիանանք նրանց»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Նա վստահեցրեց, որ ՀՀԿ-ն, որպես ընտրությունների կազմակերպման եւ իրականացման պատասխանատու, նախ իր կողմից անելու է առավելագույնը, որպեսզի որեւէ մեկի ձայները չգողանան. «Այնպես որ, մենք նույն ձեւով մտահոգ ենք ընտրությունների անցկացման պատշաճ որակ ապահովելու հարցում եւ պատրաստ ենք անելու ամեն ինչ, որպեսզի ընտրությունները լինեն պատշաճ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031