Դաշնակցություն խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն այսօր անդրադառնալով Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությանը, թե եթե ուզում եք սոցիալ-տնտեսական այս վիճակը շարունակվի՝ գնացեք ու ընտրեք ՀՀԿ-ին, ասաց, որ տարօրինակ չի համարում գործընկերոջ հասցեին նման հայտարարություն հնչեցնելը. «Այն, որ «Բարգավաճ Հայաստանը» նաեւ քննադատում է, կարելի է հասկանալ, որ ինքը դրսեւորում է ինքնուրույն տեսակ, բայց վաղը խորհրդարանում ինչ դիրքորոշում կունենա՝ դժվար է ասել: Լինելով կոալիցիայի անդամ՝ ինչու ԲՀԿ-ն չպետք է իր ինքնուրույն պահվածքն ու գործելաոճն ունենա: Լավ է, երբ իշխանության մեջից են քննադատում, ավելի լավ կլինի, որ դա գործնական բնույթ ստանա ու արտահայտվի»:
Պարոն Շահբազյանն ասաց, որ Դաշնակցությունը ԱԺ-ում ցանկանում է աշխատել այն ուժերի հետ, որոնք հասկանում են, որ այսպես այլեւս ապրել չի կարելի. «Անբարոյականության մթնոլորտի մեջ ենք, երկիրը գնում է անընդհատ նահանջի ու գոհ լինել այս վիճակից ու ասել լավ է՝ նշանակում է միամիտ ձեւանալ, ավելի կոպիտ բաներ չեմ ուզում ասել: Ցավոք, մեզ մոտ կոալիցիա ստեղծելու ցանկությունը նաեւ թելադրված է այն հաշվարկով, որ մեզ հետ լինեն՝ մեզ չքննադատեն, մենք ուժեղ կլինենք, վերեւից կասենք ինչ պիտի լինի ու չի քննադատվի, այսպիսի թիմ ստեղծելու ցանկությամբ է ստեղծվում կոալիցիա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ