Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԱՏՐՈՆԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ

Մայիս 04,2012 14:44

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ ութերորդ

ԹԱՏՐՈՆԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ

Եվ Կարենը մեղավոր տոնով Լիանային հարցրեց՝ «վստահ ե՞ս, որ  աղջիկդ տեհել ա», եւ Լիանան թարս նայեց Կարենին ու ասաց՝ «լավ կանես՝ քո բնական լեզվով խոսաս», եւ Կարենը մի քիչ մտածեց ու բաժակը բարձրացնելով ասաց՝ «արի էրեխեքի կենացը խմենք», եւ Լիանան թարս նայեց Կարենին ու հարցրեց՝ «ո՞ւմ էրեխեքի», եւ Կարենը բաժակը Լիանայի բաժակին խփելով ասաց՝ «բոլոր էրեխեքի» եւ ժպտալով ավելացրեց՝ «քո աղջկա գլխավորությամբ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «թող աղջիկդ սրանից հետո էս տեսակ տհաճ տեսարանների ականատես չլինի», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես եմ էս ամեն ինչի մեղավորը» եւ մի քիչ էլ մտածեց ու կարմրելով ավելացրեց՝ «լավ ա՝ դու էլ ես ընդունում, որ տհաճ տեսարան էր», եւ  Կարենը բաժակից կում անելով ասաց՝ «նայած ում համար» եւ մի քիչ  մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իմ համար հեչ էլ տհաճ չէր» եւ մի քիչ էլ  մտածեց ու ժպտալով հարցրեց՝  «քո համար տհաճ է՞ր», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «շա՜տ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ որ՝ էրեխեն տեհավ», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «կմեծանա՝ կմոռանա», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «արդեն ահագին մենձ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս տեսակ բաները չեն մոռացվում», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «ճիշտ ես ասում», եւ Լիանան հարցրեց՝ «ի՞նչն եմ ճիշտ ասում», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «էդ տեսակ բանը հնարավոր չի մոռանալ», եւ Լիանան Կարենին թարս նայելով ասաց՝ «էս ամեն ինչի մեղավորը ես եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես մենակ ինձ եմ մեղադրում», եւ Կարենը հարցրեց՝ «քե՞զ ինչի ես մեղադրում», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «բա ո՞ւմ մեղադրեմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գոնե ինձ մեղադրի», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «քե՞զ ինչի պիտի մեղադրեմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ ես եմ քեզ պաչել, ոչ թե դու՝ ինձ», եւ Լիանան մի քիչ մտածեց ու կարմրելով  ասաց՝ «իմ թույլտվությամբ ա էղել», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «լավ էլ դիմադրում էիր», եւ Լիանան մի քիչ մտածեց  ու ավելի կարմրելով ասաց՝ «որ լավ դիմադրեի, մատով էլ ա չէիր կարա ինձի դիպչեիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես իմ սխալն ընդունում եմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու բաժակը բարձրացնելով ասաց՝ «սխալն էն ա, որ շատ ենք ջանջալացնում», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ենք ջանջալացնում», եւ Կարենն ասաց՝ «էրեխեքի կենացը», եւ Լիանան ասաց՝ «էրեխեքի կենացն արդեն խմեցինք», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ո՞նց խմեցինք», եւ Լիանան փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «կում-կում», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «հազիվ էրեսիդ ժպիտ հայտնվեց, տնաշեն» ու էդ ասելով՝ փորձեց գրկել Լիանային, բայց Լիանան Կարենի գրկից դուրս պրծնելով ասաց՝ «ըսենց որ շարունակես, էս մեր վերջին հանդիպումը կըլնի», եւ էդ պահին սրահ մտավ Զավենն ու Կարենին հարցրեց՝ «հո բան չի՞ պատահել», եւ Կարենը զարմացած  հարցրեց՝ «ի՞նչ պիտի պատահեր», եւ Զավենը  հարցրեց՝ «ամեն ինչ նորմա՞լ ա», եւ Կարենը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «նորմալից մի բան էլ լավ ա», եւ Զավենը նայեց Լիանային ու ասաց՝ «ինձ կներեք», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ Զավենն ասաց՝ «արտասահմանից հյուրեր ունեմ. իրանց ճանապարհեմ, կգամ՝ ձեզնով կզբաղվեմ», եւ Կարենը ծիծաղելով ասաց՝ «դարդ մի արա, Զավեն ջան. մենք մեզնով կզբաղվենք» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «մեր մոտ ինքնասպասարկում ա», եւ Զավենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դե ինքնասպասարկվեք՝ մինչեւ հյուրերիս ճամփու դնեմ ու գամ» եւ ժպտալով ավելացրեց՝ «ձեզ զգացեք՝ ինչպես ձեր տանը», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «ըտենց էլ անում ենք, Զավեն ջան», եւ երբ Զավենը գնաց, Կարենն ասաց՝ «ինչքան էդ հյուրերն ուշ գնան, էնքան մեր օգուտն ա», եւ Լիանան Կարենին ասաց՝ «ես պիտի գնամ», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ո՞ւր պիտի գնաս», եւ Լիանան  պատասխանեց ու ասաց՝ «հորքուրիս տուն», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ հորքուր», եւ Լիանան ասաց՝ «հորքուրիս տանն ենք մնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «արդեն մի շաբաթ ա», եւ Կարենը հարցրեց՝ «մարդդ էլ ա՞ հետներդ», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ մարդ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ աղջիկ ունես, պիտի որ մարդ էլ ունենաս», եւ Լիանան մի  քիչ մտածեց ու ասաց՝ «մի ժամանակ ունեի», եւ Կարենը հարցրեց՝ «ի՞նչ ունեիր», եւ Լիանան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մարդ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ձեր լեզվով ասած՝ ամուսին», եւ Կարենը հարցրեց՝ «բա հիմա ամուսինդ ո՞ւր ա», եւ Լիանան իր բաժակից կում արեց, մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գրողի ծոցումն ա» եւ մի կում էլ արեց ու ավելացրեց՝ «սխալ բաներ արեց՝ գրողի ծոցն ուղարկեցի», եւ Կարենը հարցրեց՝ «ի՞նչ սխալ բաներ արեց», եւ Լիանան նորից կում արեց ու ժպտալով ասաց՝ «դու էլ ես սխալ բաներ անում», եւ Կարենը հարցրեց՝ «ես ե՞րբ եմ սխալ բան արել», եւ Լիանան իր կոնյակից կում անելով ասաց՝ «մի քիչ առաջ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «խոստացի, որ չի կրկնվի», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես ո՞նց կարամ էդ տեսակ անհավանական բան խոստանամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «տարիքս առած մարդ եմ, ճիշտ ա, բայց հո քար չեմ, որ քո հմայքին դիմանամ», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պարզվում ա՝ բանաստեղծ էլ ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ոնց ասեցի՞ր. կարա՞ս էդ պատկերավոր ասածդ  մի հատ էլ արտասանես», եւ Կարենը ոտքի կանգնելով ու ձգվելով արտասանեց՝ «ես հո քար չեմ, որ քո հմայքին դիմանամ», եւ Լիանան ժպտալով ասաց՝ «քեզ ոչ ձեռնտու տեղերը կրճատեցիր», եւ Կարենը հարցրեց՝ «ո՞ր տեղերը կրճատեցի», եւ Լիանան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «տարիքիդ վերաբերյալ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի հատ շատ իմաստուն մարդ մի հատ շատ իմաստուն բան ա ասել», եւ Լիանան հարցրեց՝ «ի՞նչ իմաստուն բան ա ասել», եւ Կարենն ասաց՝ «ասել ա՝ քանի տարեկան քեզ զգում ես, էդքան էլ կաս», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով Կարենին հարցրեց՝ «դու քեզ շատ ջահել ե՞ս զգում», եւ Կարենը մի քիչ  մտածեց ու ասաց՝ «նայած ժամանակ եւ նայած հանգամանքներում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «քո ներկայությամբ ինձ շատ ջահել եմ զգում» ու էդ ասելով՝ փորձեց գրկել Լիանային, բայց Լիանան ճարպկորեն Կարենի գրկից ճողոպրելով ասաց՝ «արդեն  շատ ես հանգամանքներիդ ազատություն տալի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «թե՞ որ իմացար մարդաթող եմ, մտքովդ արքայություն անց կացավ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քո կողքին գտնվելն արդեն արքայություն ա, Լիանա ջան», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «իսկապես շատ ջանջալացրինք», եւ Կարենը հարցրեց՝ «ի՞նչը», եւ Լիանան պատասխանեց ու ասաց՝ «էրեխանց կենացը», եւ Կարենն ասաց՝ «նոր էլ ասում էիր, որ էդ կենացը խմել ենք», եւ Լիանան ժպտալով ասաց՝ «ես խմեցի, բայց դու չես խմել», եւ Կարենը ոտքի կանգնելով ու Զավենի բաժակը բարձրացնելով ասաց՝ «էրեխեքի կենացը» եւ բաժակից կում արեց, եւ Լիանան ժպտալով ասաց՝ «շատ ճիշտ ես անում, որ կում-կում ես խմում», եւ Կարենը հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ Լիանան ժպտալով ասաց՝ «առանց էդ էլ հարբած ես», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էդքան շուտ չեմ հարբում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս անգամ ոնց որ մի քիչ շուտ ա ստացվել»,  եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քո հմայքից հարբեցի» եւ մի քիչ էլ մտածեց եւ բաժակի ողջ պարունակությունը մի շնչում խմելով ասաց՝ «էրեխեքի կենացը չի կարելի կիսատ խմել», եւ Լիանան վախեցած ասաց՝ «հիմի ավելի կհարբես», եւ Կարենն ասաց՝ «իմ ու քո էրեխեքի կենացն էլ ա», եւ Լիանան բաժակից կում անելով  ասաց՝ «մեր ու բոլորի էրեխեքի կենացն էր», եւ Կարենն իր բաժակը լցնելով ասաց՝ «ես ուզում եմ անձամբ մեր էրեխեքի կենացը խմենք», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր խմած կենացի մեջ  անձամբ մեր էրեխեքի կենացն էլ էր մտնում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ չհասկացար» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինձ վաբշե չես հասկանում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ շատ բանաստեղծական ես խոսում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փոխանակ դու բանաստեղծական խոսաս, ես եմ բանաստեղծական խոսում», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ե՞ս ինչի պիտի բանաստեղծական խոսամ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ համ դրամատուրգ ես, համ էլ՝ բանաստեղծ», եւ Լիանան կարմրելով ասաց՝ «ես ի՞նչ դրամատուրգ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու սովորական դրամատուրգ չես. դու բանաստեղծ դրամատուրգ ես», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ավելի կարմրելով հարցրեց՝ «ձեռ ե՞ս առնում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «ինձ չես հասկանում», եւ Լիանան հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ չեմ հասկանում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ հասկանայիր, իմ ու քո էրեխեքի կենացը կխմեիր», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ կենացը խմել ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց որ շատ ես ուզում, կարանք մի հատ էլ խմենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց՝ կում-կում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «քանի՞ հատ էրեխա ունես», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ», եւ Լիանան բաժակը բարձրացնելով ասաց՝ «քո շատ էրեխեքի ու իմ աղջկա կենացը», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ կենացն արդեն  խմել ենք», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ  էի ասում, որ էդ կենացը խմել ենք»,  եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ էրեխեքի կենացը խմեցինք, մեր էրեխեքն էլ էին դրա մեջ մտնում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ էի էդ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չեմ հասկանում՝ ինչ ես ասում», եւ Կարենը հոգոց հանելով ասաց՝ «ես էլ եմ էդ ասում», եւ Լիանան հարցրեց՝ «ի՞նչ ես ասում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «ասում եմ, որ ինձ չես հասկանում», եւ Լիանան հարցրեց՝ «ի՞նչը չեմ հասկանում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու նեղսրտելով ասաց՝ «ավելի ճիշտ՝ սխալ ես հասկանում», եւ Լիանան հարցրեց՝ «ի՞նչն եմ սխալ հասկանում», եւ Կարենը բավական երկար մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «ոչ թե ասում եմ՝ ընդհանրապես էրեխեքի կենացը խմենք, այլ՝ անձամբ իմ ու քո էրեխեքի կենացը», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ կենացն  արդեն խմել ենք», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ո՞ր կենացն ենք խմել», եւ Լիանան ժպտալով ասաց՝ «իմ մի հատիկ աղջկա ու քո շատ էրեխանց կենացը», եւ Կարենը մի քիչ մտածեց ու սրտնեղած ասաց՝ «ո՞նց ասեմ, որ հասկանաս» եւ մի քիչ էլ մտածեց ու պայծառացած ավելացրեց՝ «ասում եմ՝ անձամբ իմ ու քո ապագա էրեխեքի կենացը խմենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի պայծառանալով ասաց՝ «ավելի ճիշտ՝ իմ ու քո համատե՛ղ  ապագա էրեխեքի կենացը», եւ Լիանան Կարենի ասածի վրա մի քիչ մտածեց եւ Կարենի ասածը հասկանալով գոռաց՝ «արդեն լրիվ ես չափերդ անցնում, Կարեն տղա», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շա՜տ լավ ասեցիր», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ի՞նչը լավ ասեցի», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «էդ որ ասեցիր՝ Կարեն  տղա», եւ Լիանան մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ պիտի ասեի. կարող ա՞ ասեի՝ Կարեն աղջիկ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ասում ես՝ Կարեն տղա, ուրեմն՝ դու էլ ես ընդունում», եւ Լիանան ապշահար հարցրեց՝ «ի՞նչն եմ ընդունում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ընդունում ես, որ ջահել տղա եմ ու կարամ էրեխա ունենամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «քեզանի՛ց», եւ կասկարմիր Լիանան ինչ-որ բան էր ուզում գոռալ, բայց հենց էդ պահին սրահ մտավ Զավենն ու կոնյակի շշին նայելով՝ զարմացած ասաց՝ «ընդամենը էսքանն ե՞ք խմել», եւ Լիանան մի քիչ մտածեց ու Զավենին ասաց՝ «ինքն էսքանից էլ ա հարբել», եւ Զավենը մի քիչ մտածեց ու ժպտալով Լիանային ասաց՝ «ինքը գեղեցիկ կանանց ներկայությամբ շատ շուտ ա հարբում», եւ Լիանան թարս նայեց Զավենին ու ասաց՝ «էս ձեն-ձենի ե՞ք տվել», եւ Զավենը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ենք ձեն-ձենի տվել», եւ Կարենը ժպտալով Զավենին ասաց՝  «ես էլ էի մի քիչ առաջ ասում, որ գեղեցիկ կանանց ներկայությամբ շատ շուտ եմ հարբում», եւ Լիանան ավելի կարմրելով ինչ-որ բան էր ուզում ասել, բայց հենց էդ պահին սրահ մտավ աղջիկն, ու Լիանան իրեն զսպելով՝ աղջկան ասաց՝ «հիմի գնում ենք, բալես», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ո՞ւր եք գնում», եւ Լիանան թարս նայեց Կարենին ու ասաց՝ «ուր որ պետքն ա», եւ Կարենն ասաց՝ «պիեսիդ մասին պիտի խոսեինք, Լիանա ջան», եւ Լիանան մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «ինչ որ խոսալու էինք, արդեն խոսացինք պրծանք», եւ Կարենը խեղճանալով ասաց՝ «քեզ շատ կարեւոր բան պիտի ասեի», եւ Լիանան հարցրեց՝ «ի՞նչ կարեւոր բան», եւ Կարենն ավելի խեղճանալով ասաց՝ «պիեսիդ հետ կապված», եւ Լիանան բարկացած հարցրեց՝ «ի՞նչ պիես», եւ Կարենն ասաց՝ «քո գրած», եւ Լիանան բարկացած ասաց՝ «ես ոչ մի պիես էլ չեմ գրել», եւ Կարենը մի քիչ մտածեց ու խեղճացած ասաց՝ «կարող ա դու պիես չես գրել, բայց էդ գրածդ չտեսնված պիես ա դառել», եւ Լիանան մի քիչ մտածեց ու արհամարհական ասաց՝ «ով որ դարձրել ա, թող էն էլ մտածի», եւ Կարենը խեղճացած ասաց՝ «մի քանի բան կա ճշտելու» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «գլխավոր կերպարի հետ կապված», եւ Լիանան հարցրեց՝ «ի՞նչ գլխավոր կերպար», եւ Կարենը պատասխանեց ու ասաց՝ «հայրիկիդ կերպարի» եւ մի քիչ  մտածեց ու ավելացրեց՝ «որոշ բաներ թատրոնի  օրենքներին չեն համապատասխանում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «ամեն ինչից ուզում եք թատրոն սարքեք», եւ Կարենը մի քիչ մտածեց ու խեղճացած ասաց՝ «մեր գործն էլ էդ ա, Լիանա ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի խեղճանալով ավելացրեց՝ «չարչարանքն ա ափսոս, Լիանա ջան», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ չարչարանք», եւ Կարենը մի քիչ մտածեց ու  ասաց՝ «քո չարչարանքը», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչ եմ չարչարվել», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ահագին գրել ես», եւ Լիանան մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «առանց չարչարվելու եմ գրել», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «իմիջիայլոց՝ շատ ուժեղ ես գրել», եւ Լիանան հարցրեց՝ «ո՞վ ա ասում, որ ուժեղ եմ գրել», եւ Կարենը պատասխանեց ու ասաց՝ «ես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իմիջիայլոց՝ մեր մասնագետն էլ ա էդ կարծիքին», եւ Լիանան հարցրեց՝ «ի՞նչ մասնագետ», եւ Կարենն ասաց՝ «մեր թատրոնի գրական մասի վարիչը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց ինքն ասում ա, որ որոշ բաներ պիտի փոխվի» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «պիտի թատրոնի օրենքներին համապատասխանացվի», եւ Լիանան մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «ամեն ինչ ուզում եք թատրոնի օրենքներին համապատասխանացնեք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ էդքան ուզում ա, թող ինքն էլ համապատասխանացնի», եւ Կարենը հարցրեց՝ «ո՞վ», եւ Լիանան պատասխանեց ու ասաց՝ «ձեր էդ մասնագետը», եւ Կարենը մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «ես ու ինքը որոշ փոփոխություններ արել ենք, բայց հեղինակի համաձայնությունը պարտադիր ա», եւ Լիանան հարցրեց՝ «ի՞նչ հեղինակ», եւ Կարենը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «պիեսի հեղինակի», եւ Լիանան մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «չմեռանք՝ պիեսի հեղինակ էլ դառանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Կարենին հարցրեց՝ «որ հեղինակ եմ, ի՞նչ պիտի անեմ. ինձնից ի՞նչ ա հասնում անել», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նախ եւ առաջ՝ մի հատ պիտի կարդաս», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ի՞նչը պիտի կարդամ», եւ Կարենը պատասխանեց ու ասաց՝ «էդ պիեսդ», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ոչ մի պիես չեմ գրել», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու պիես չես գրել, բայց մենք էդ գրածդ պիեսի ենք վերածել», եւ Լիանան հարցրեց՝ «ո՞վ ա պիեսի վերածել», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ու մեր էդ մասնագետը», եւ Զավենը՝ որ մինչ էդ լուռ էր, փռթկացնելով Լիանային ասաց՝ «թատրոնի օրենքներին են համապատասխանացրել», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրանց իրավունքն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրանք են, իրանց թատրոնը», եւ Կարենը Լիանային ասաց՝ «բայց դու էլ անելիք ունես, Լիանա ջան», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ անելիք», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի հատ պիտի կարդաս», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ի՞նչը պիտի կարդամ», եւ Կարենը պատասխանեց ու ասաց՝ «քո գրածը», եւ Լիանան ասաց՝ «ես իմ գրածը հազար անգամ եմ կարդացել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «պարապությունից», եւ Կարենը մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «ինձ ճիշտ չհասկացար, Լիանա ջան», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ի՞նչը ճիշտ չհասկացա», եւ Կարենը մի քիչ մտածեց ու խեղճացած ասաց՝ «ոչ թե քո գրածը պիտի կարդաս, այլ՝  մեր փոփոխած տարբերակը», եւ Զավենը փռթկացնելով Լիանային ասաց՝ «համապատասխանացրած տարբերակը պիտի կարդաս», եւ Լիանան  թարս նայեց  Զավենին ու ասաց՝ «որ ձեր թանգարանում ենք գտնվում, էդ չի նշանակում, որ պիտի ձեռ առնեք», եւ Զավենը մեղավոր ժպտալով Լիանային ասաց՝ «ձեռ չեմ առնում, Լիանա ջան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կատակ եմ անում», եւ Լիանան  մի քիչ մտածեց ու վրդովված ասաց՝ «որ ձեր սեփական թանգարանում ենք գտնվում, էդ չի նշանակում թե՝ իրավունք ունեք ամեն տեսակ կատակներ անեք», եւ Զավենը մեղավոր ժպտալով ասաց՝ «էս մեր սեփական թանգարանը չի, Լիանա ջան. էս Փարաջանովի սեփական թանգարանն ա», եւ Լիանան մի քիչ  մտածեց ու ասաց՝ «առավել եւս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ Փարաջանովի թանգարանն ա, էդ չի նշանակում, որ իրավունք ունեք անծանոթների հետ կատակներ անեք», եւ Զավենը մեղավոր ժպտալով Լիանային ասաց՝ «ինձ թվաց՝ արդեն ծանոթներ ենք», եւ Լիանան մի քիչ մտածեց ու Զավենին ասաց՝ «սխալ ա թվացել» եւ մի քիչ էլ մտածեց ու Կարենին թարս նայելով ավելացրեց՝ «պարոն Ջանիբեկյանին էլ ա թվացել թե՝ վաղուցվա ծանոթներ ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Զավենին ասաց՝ «որ կոնյակ եք հյուրասիրել, էդ չի նշանակում թե՝ իրավունք ունենք իրար հանդեպ կատակներ անենք», եւ Զավենը մի քիչ մտածեց ու շիվարած ասաց՝ «եթե սխալ բան եմ արել, ներողություն եմ խնդրում, Լիանա ջան»:

 

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031