Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հավատանք, որ ամեն ինչ լավ կլինի

Մայիս 04,2012 14:40

Օլիմպիական խաղերում կանանց ծանրամարտի մրցաշարին Հայաստանը ներկայացված է լինելու երկու մասնակցով

Հռիփսիմե Խուրշուդյանը

Ի տարբերություն մեր յոթ տղամարդկանց, որոնք միմյանց միջեւ մրցակցում են հավաքականի չորս թափուր տեղերն զբաղեցնելու համար, այստեղ ամեն բան հայտնի է: Լոնդոն մեկնելու են 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 75+ քաշային կարգ: Նրանք ներկայումս ուսումնամարզական հավաքում են եւ պատրաստվում են քառամյա մարզական ցիկլի գլխավոր մեկնարկին:

«Առավոտը» զրուցեց կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ: Նա հավատում է, որ ամեն ինչ լավ կլինի:

– Անցած մրցաշրջանը մեր աղջիկների համար էլ հաջող չստացվեց: Երկուսն էլ լուրջ վնասվածքներ ստացան եւ այս ընթացքում ամբողջ ժամանակի մեծ մասն անցկացրին դրանք բուժելով: Ի՞նչ մարզավիճակում են նրանք հիմա, երբ Խաղերի մեկնարկին երեք ամսից էլ պակաս ժամանակ է մնում:

– Փառք Աստծո, վատ ժամանակներն արդեն ետեւում են, եւ երկուսն էլ ձեռնամուխ են եղել լիարժեք մարզումների: Ճիշտ է, լավագույն մարզավիճակին դեռ չեն հասել, սակայն աստիճանաբար մոտենում են դրան: Հույս ունենք, որ օլիմպիական մեկնարկների օրերին թե Մելինեն եւ թե Հռիփսիմեն հասած կլինեն իրենց իրական կարողությունների առավելագույնին: Միայն թե՝ այս ընթացքում նրանց հետ չնախատեսված նոր տհաճ անակնկալներ չլինեն:

– Գիտենք, որ երկուսն էլ Լոնդոն մեկնելու են մեդալներ նվաճելու համար: Ո՞ր գույնը ձեզ կբավարարի:

– Մենք իրականության աչքերին ուղիղ ենք նայում եւ չենք ցանկանում խաբել ոչ մեզ, ոչ էլ մեր երկրպագուներին ու ղեկավարությանը: Հռիփսիմեի իրական «կռիվը» լինելու է բրոնզե մեդալի համար, թեեւ հանգամանքների հաջող զարգացման դեպքում կհավակնի ավելի բարձր տեղերի: Նրա քաշային կարգում շատ ուժեղ մրցակցություն է: Այստեղ են ռուսաստանցի Տատյանա Կաշիրինան, չինացի աշխարհի գործող չեմպիոնը: Շատ ուժեղ մարզուհիներ կան Կորեայից, Նիգերիայից, Ադրբեջանից, որի դրոշի ներքո հանդես է գալիս ուկրաինուհի: Նրանց բոլորին էլ տեսել ենք Փարիզում անցկացված աշխարհի վերջին առաջնությունում: Բայց Հռիփսիմեն ամենեւին էլ չի զիջում: Ավելին, հանգամանքների հաջող զարգացման դեպքում նա կարող է լուրջ խնդիրներ առաջադրել թվարկածս մրցակիցներին:

– Ի՞նչ ասել է՝ հանգամանքների հաջող զարգացում:

– Ֆրանսիայում Հռիփսիմեն շատ լավ մարզավիճակում էր: Նրան ծանրաձողն այնքան հեշտ տրվեց, որ նա մի պահ «կորցրեց» այն, չկարողացավ ծանրաձողը գլխավերեւում ճիշտ ընդունել եւ վարժությունը մինչեւ վերջ կատարել: Եվ այն պահելու համար մղած պայքարը վնասվածքի պատճառ դարձավ:

Մելինե Դալուզյան

Վիրահատությունից ու տեւական բուժումից հետո Խուրշուդյանն արդեն վերսկսել է մարզումները, եւ այս երեք-չորս ամիսների ընթացքում առաջընթացը նկատելի է: Մենք չենք շտապում: Ժամանակ կա: Հիմա կարեւորն այն է, որ ոտքից վերցրած եւ թեւին պատվաստված ջիղը ադապտացվի ու սկսի լիարժեք աշխատել:

– Գերծանր քաշային կարգերում եւ, ընդհանրապես, ծանրամարտում մեծ կարեւորություն ունի մարզիկի անձնական քաշը: Ֆրանսիայում Հռիփսիմեն ամենաթեթեւներից էր: Այդ մասի՞ն ինչ կասեք:

– Մարզիկի անձնական քաշի ամեն մի կիլոգրամը ծանրաձողի լրացուցիչ քաշ է ենթադրում: Հռիփսիմեն աղջկական մտածողությամբ առաջ այնքան էլ չէր ցանկանում հետեւել այդ կանոնին: Բայց հիմա նման խնդիր չկա: Նրա գենետիկ եւ ֆիզիոլոգիական տվյալներն այնպիսին են, որ որքան էլ անձնական քաշն ավելանա, նա չի ճարպակալվում, ինչպես տեսել ենք մրցակիցներից շատերի մոտ: Հռիփսիմեի քաշի ավելացումը կատարվում է մկանների զարգացման հաշվին, եւ նա մնում է գեղեցկատես: Բայց նրա հիմնական խնդիրը, մեր կարծիքով, հոգեբանական կարող է լինել՝ կապված վերջին վնասվածքի հետ կապված վախի բարդույթի հետ: Եթե կարողանա մոռանալ կատարվածը, լիովին հավատալ իր ուժերին, հավատացեք, որ կարող է նաեւ Լոնդոնում անակնկալներ մատուցել մրցակիցներին:

– Ի՞նչ կասեք Մելինե Դալուզյանի մասին:

– Նա էլ լիովին ապաքինվել է ու լիարժեք մարզվում է: 69 կգ քաշային կարգում Մելինեն համարվում է օլիմպիական մեդալների հավակնորդներից մեկը: Լոնդոնում նրա հիմնական մրցակիցը, թերեւս, նույնպես ռուսաստանցի Օքսանա Սլիվենկոն է լինելու: Բայց չեմ բացառում, որ ուրիշներն էլ կարող են հայտնվել: Այնպես որ, հարկավոր է, որ նա էլ մոռանա բոլորի եւ ամեն ինչի մասին ու շարունակի մարզավիճակը բարձրացնել:

– Նա է՞լ է պայքարելու բրոնզե մեդալի համար:

– Բոլոր հարցերի պատասխանը մրցահարթակն է տալու: Կարծում եմ՝ երկամարտի 270 կիլոգրամը մեդալ է, լավ մեդալ: Եվ եթե ամեն բան ընթանա մեր ծրագրածով, Դալուզյանը պետք է որ առնվազն այդ արդյունքը ցույց տա: Բայց եկեք առաջ չընկնենք: Օլիմպիական խաղերում ինչ արդյունք էլ որ լինի, մենք՝ մարզիչներս, ինչպես ասում են՝ տեր ենք:

– Հավաքները նորմա՞լ են անցնում:

– Միանգամայն: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ մեր ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը ոչինչ չեն խնայում: Ուսումնամարզական հավաքներն ընթանում են ըստ պլանի: Մարզվում եւ առաջիկայում էլ մնալու ենք հանրապետությունում՝ մինչեւ Լոնդոն մեկնելը: Հավատանք, որ ամեն ինչ լավ կլինի:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Ճշտում

Մայիսի 2-ի «Առավոտում» տպագրված «Յոթ լավագույններից ընտրվելու են չորս արժանիները» նյութում երկու անճշտություն է եղել: Նյութում տպագրվել է, թե ծանրամարտի տղաների հավաքականը Ծաղկաձորից հետո պատրաստվում է մեկնել Թեոդոսիա: Իրականում Թեոդոսիայում այս տարի արդեն հավաք անցկացվել է: Իսկ թիմը ոչ մի տեղ մեկնել չի նախատեսում եւ ուսումնամարզական հավաքները շարունակելու է Հայաստանում: Ծաղկաձորում մարզվող եւ օլիմպիական խաղերին նախապատրաստվող մեր ծանրորդների թվարկումում դուրս են մնացել 85 կգ քաշայիններ, պոկում վարժությունում աշխարհի չեմպիոն Արա Խաչատրյանի եւ Արայիկ Միրզոյանի անունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031