Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոլորյալ մոլորեցնողները

Մայիս 04,2012 14:36

Այսօր այնպիսի մտայնություն է ձեւավորվել, որ կարծես բազմաթիվ ու բազմաբնույթ աղանդավորական հոսանքների ակտիվ գործունեության եւ մեր իրականության մեջ արձանագրված ցավալի մի շարք երեւույթների (ինքնասպանություն եւ սպանություն, ընտանիքի քայքայում եւ այլն) միջեւ փոխադարձ կապ է հաստատվել: Թե որքանով է փոխադարձ այդ կապն ու պայմանավորվածությունն՝ իրական, ոչ միշտ է տեսանելի լինում: Ամեն դեպքում, անտարակուսելի եւ անվիճելի է, որ աղանդավորությունը, առավել քան մեր կյանքի որեւէ երեւույթ, հոգեւոր պառակտում է սերմանում հասարակության գիտակցության մեջ:

Աղանդավորական ներթափանցումները հոգեւոր դաշտ մտահոգիչ եւ սպառնացող երեւույթներ են ամբողջ աշխարհում: Անձի հոգեբանական մշակումը, սիրո «ռմբակոծումը», մտածողությունը մթագնող կամ կասեցնող մեթոդների կիրառումը, վախի եւ մեղքի զգացողության առաջացումը, գիտակցության ապակայունացումն ու ապակողմնորոշումը եւ աղանդներին բնորոշ մյուս մեթոդները թույլ են տալիս վերահսկելու մարդու ներաշխարհը: «Սրանք երբեւէ իմ հանդիպած ամենաբարեհամբույր մարդիկ են, ովքեր կիսում են իմ մտահոգությունները եւ պարուրում հաճոյախոսություններով, հավատում են իմ ուժերին ու կարողություններին եւ միեւնույն ժամանակ գիտեն բոլոր հարցերի պատասխանները»,- ահա թե ինչ մտքեր են պտտվում հետաքրքրության մղումով աղանդավորական հավաքներին մասնակցած մարդու գլխում: Եվ այստեղ է, որ առավել ակնհայտ է դառնում մի պարզ ճշմարտություն՝ փոս ընկնելն այնքան վտանգավոր չէ, որքան փոսում մնալը:

Այսպիսի հոգեպարար իրավիճակում հայտնված մարդուն բավական է մի քանի անգամ ասել, որ նա ընտրյալ է՝ բացառիկ իր ունակություններով ու կարողություններով, եւ նա կսկսի նույն բանում «համոզվել»: Այստեղից էլ սկսվում է աղանդի թիրախում հայտնված մարդու՝ սեփական անձը եւ հոգեբանությունը քայքայելու գործընթացը: Սա ավելի քան ցավալի երեւույթ է, քանզի նման մարդիկ սովորաբար նվիրված, անկեղծ մղումներով առաջնորդվող եւ որոշ արժեքներ փնտրող անհատականություններ են, ովքեր այդ արժեքների փնտրտուքի ճանապարհին եւ կյանքի ինչ-ինչ հանգամանքներում հայտնվել են աղանդների ցանցում՝ պատկերացում չունենալով անգամ, թե ինչ սպառնալիքի տակ են դրել իրենց եւ շրջապատի ֆիզիկական ու հոգեւոր առողջությունը: Սովորաբար հենց նման մարդիկ էլ դառնում են այն գործող ու պատրաստակամ ուժը, ովք

եր առավելագույն ջանք են ներդնում՝ իրենց համար արդեն «ճշմարիտ դարձած» գաղափարները հասանելի դարձնելու նաեւ իրենց եղբայրներին: Նրանք անգիտակցորեն դառնում են մոլորյալ մոլորեցնողներ:

Բայց, ի վերջո, մտացածին կեղծ գաղափարների անհամատեղելիությունը քրիստոնեական ճշմարտության հետ նախապայման չպետք է դառնա անհանդուրժող վերաբեմունքի եւ թշնամական տրամադրվածության: Պարզապես պետք է հիշել, որ աղանդի մեխանիզմը, հանուն ինքնանպատակության, վարագույր է քաշում ճշմարտության եւ կեղծիքի միջեւ՝ անտեղյակ մարդուն մեկուսացնելով իրականությունից: Պարզապես պետք է պատռել այդ վարագույրը, որպեսզի նա երեւույթները զանազանելու եւ ճանաչելու հնարավորություն ունենա:

Արդի ժամանակների հոգեւոր անառողջ այս վիճակը հրամայական է դարձել՝ խորհելու այն մասին, որ այսօր, առավել քան երբեւէ, մեր ապագան կախված է նրանից, թե ինչպիսի արժեքների կտանք առաջնայնությունը:

ԺՈՐԱ սարկավագ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031