Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինքնության բռնկումների պատճառով եւ ո՛չ թե՝ «քաղցր աչքի»

Մայիս 04,2012 14:34

Գոյատեւման բանաձեւ՝ ըստ ռեժիսոր Լեւոն Իվանյանի

ԱԺ ընտրությունների քարոզարշավները հաճախ ուղեկցվում են բեմական-հանդիսային արարողություններով: Դրանք պատշաճ կազմակերպելու համար, բնականաբար, անհրաժեշտ են փորձառու, բարձրակարգ մասնագետներ: Սակայն այդ համերգները դիտելիս դժվար չէ հասկանալ, որ դրանցով ոչ միշտ է մասնագետ զբաղվել:

«Առավոտը» հանդիպեց շուրջ 20 տարի Հայաստանում եւ արտերկրում բազմաբնույթ մասսայական հանդիսությունների ռեժիսոր Լեւոն Իվանյանին:

Մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ ռեժիսորն ասաց, որ ինքը չի մասնակցում նախընտրական քարոզարշավին, որովհետեւ, որպես կանոն, հիմնականում քաղաքական գործընթացները խիստ անարվեստ են:

Մեր զրուցակցի խոսքերով՝ «Սովորաբար քարոզարշավները նմանվում են ֆուտբոլային խաղի, որտեղ բոլոր թիմերն էլ նույն դարպասին են հարվածում»:

Նշեց նաեւ, որ իր տեսակետների մեջ սկզբունքային է ու հաստատ գիտի՝ ինչ է ուզում, բայց՝ «այն, ինչ ուզում եմ, հակասության մեջ է այն ամենի հետ, ինչ պահանջվում է»: Հիշեցրեց, որ գործի բերումով ինքը ընդհանրացնում է դեպքերը ու դրանց նայում մեծ ժամանակի մեջ: Այնուհանդերձ, արվեստագետի մասնագիտական խղճի թելադրանքով, հայ մարդու քաղաքացիական պարտքի գիտակցությամբ հորդորում է. «Զգույշ պետք է վարվել դեմոկրատիայի հետ: Այդքան մի հավատացեք դեմոկրատական շեփորվող բարբաջանքներին. դա մեր ազգային պետության համար կործանարար խաղ է»: Արվեստագետը շեշտեց, թե ինքը ոչ մի կուսակցության ու ոչ մի անձի դեմ չէ, եւ եթե դեմոկրատիայի գաղափարը վտանգում է հայ ազգի հարատեւ զարգացմանը, ուրեմն, իր խոսքերով՝ «կորչի նման դեմոկրատիան»:

Պարոն Իվանյանը կարեւորելով ազգայինը, որը քչերի մոտ է հասել գիտակցական մակարդակի, հայտնեց, թե իր համար անընդունելի է աշխարհի ներկայիս դրվածքը. «Մեր ազգային ինքնության բռնկումների պատճառով է, որ մինչ այժմ գոյատեւում ենք, այլ ոչ թե՝ «քաղցր աչքի», ուրեմն պետք չէ չռված աչքերով ու բաց բերանով լսել ամեն բան ու կուրորեն ընդունել: Չե՞ք տեսնում՝ աշխարհը ուրիշ արժեքներով է ապրում: Այդ ո՞վ ասաց, որ նրա՛նք են ճիշտ: Բացեք աչքներդ, տեսեք, որ Արեւմուտքը բարոյապես խիստ հետամնաց է, այն ավելի վայրենի աշխարհ է, քան մեր խեղճուկրակ երկիրը: Վերցնենք դեմոկրատիայից այն, ինչն օգտակար է մեր պետականությանն ու ազգին»:

Իսկ կոնկրետ այս ընտրությունների հետ կապված՝ փաստեց, որ ընտրաթերթիկում տեղ չի գտել «բոլորին դեմ եմ» տողը եւ ասաց. «Եթե հայության մեջ երբեւէ հայտնվի մի գործիչ, որ կարողանա միավորել հայությանը, ապա ես փակ աչքերով կգնամ նրա ճանապարհով, նույնիսկ եթե նա երեխա լինի»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031