2011թ. հուլիսի 15-ին «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել լրագրող Նաիրա Խաչիկյանի եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի դեմ, հայտնելով, որ 2011թ. հունիսի 21-ին Հ2-ի «Լրաբեր» լրատվական ծրագրով, ինչպես նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվել է տեսանյութ, որի մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկություններ: Հայցվորը դատարանին խնդրել է Ն. Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիային» պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել եւ պատասխանողներից համապարտությամբ որպես փոխհատուցում բռնագանձել 3 միլիոն դրամ, 264 հազար դրամ՝ որպես դատական ծախսեր եւ 64 հազար դրամ՝ որպես վճարված պետական տուրքի գումար:
Նշենք, որ հայցը վերաբերում է պետբյուջեի միջոցներով «Իջեւանի ՃՇՇ»-ի կողմից Իջեւանի մի քանի փողոցների նորոգման հետ կապված հանգամանքներին: «Առավոտ» նախկինում անդրադարձել է այդ դատին («Կաֆկային վերհիշելով, կամ երկու դատավոր 8 ամսում չկարողացան վճիռ կայացնել»):
Գործի քննությունը դատարանի Դիլիջանի նստավայրում սկսվել է 2011թ. օգոստոսի 18-ին: Դատավոր Արշակ Շահոյանը նոյեմբերի 4-ին որոշել է գործի քննությունը հետաձգել մինչեւ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ Սահմանդրական դատարանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի քննության ավարտը: Ա. Շահոյանի ամենամյա արձակուրդ գնալու կապակցությամբ դեկտեմբերի 12-ին գործը հանձնվել է դատավոր Արման Կուրեխյանին (Իջեւանի նստավայր): Վերջինս 2012թ. մարտի 7-ին գործի քննությունը համարել է ավարտված, վճռի հրապարակման օր է հայտարարել ապրիլի 22-ը, սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության 131-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա այդ օրը վերսկսել է գործի քննությունը: «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ն պատշաճ ծանուցվել է գործի քննության վայրի եւ ժամանակի մասին, սակայն վերջինիս ներկայացուցիչը երբեւէ դատական նիստերին չի մասնակցել, հայցադիմումի պատասխան չի ներկայացրել: Ն. Խաչիկյանը նույնպես դատարան չի ներկայացրել, դատարանում նրա շահերը պաշտպանել է փաստաբան Գարիկ Գալիկյանը: «Իջեւանի ՃՇՇ»-ի շահերը դատարանում ներկայացնում էր փաստաբան Նաիրա Խաչատրյանը: Դատավոր Ա. Կուրեխյանը այս գործով որպես նախադեպ համարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Լիգենսն ընդդեմ Ավստրիայի (08.06.1986թ.) գործով վճիռը՝ Ն. Խաչիկյանի ռեպորտաժում տեղ գտած «Գործարար դիմակի տակ իսկական ավերողներ են թաքնված մի պարզ անվամբ՝ Իջեւանի ճանշին ձեռնարկություն» արտահայտությունը վիրավորանք չի համարել, իսկ «սալահատակը քանդել են եւ ծածուկ վաճառել», «Իջեւանի ճանշինի թեթեւ ձեռքով վաճառվել է» արտահայտությունները համարել է պատասխանողի գործարար համբավն արատավորող եւ զրպարտություն:
Դատարանը համարել է, որ «Լրաբերի» 2011թ. հունիսի 27-ի թողարկման մեջ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի տնօրենը եւ աշխատակիցները ներկայացրել են հունիսի 21-ի թողարկման մեջ տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ իրենց պատասխանը եւ եզրակացրել. «տեսականորեն նույն լսարանը հնարավորություն է ունեցել ծանոթանալու նրանց դիրքորոշմանը»: Ա. Կուրեխյանը հայցը բավարարել է մասնակի եւ վճռել Նաիրա Խաչիկյանից հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել 50 հազար դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար եւ մնացած մասով հայցը մերժել: Դատարանը վճռել է Ն. Խաչիկյանից հօգուտ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել 20 հազար դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար եւ 1500 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Կարդացեք նաև
Հավելենք, որ «Իջեւանի ՃՇՇ»-ն 2011թ. պետական բյուջե է մուծել 267 միլիոն դրամ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ