Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մի՞թե ես ապրել եմ այլ Հայաստանում»

Մայիս 04,2012 14:18

1997-2007թթ. աշխատել եմ «Հայփոստ» ՓԲԸ-ում, սկզբում որպես բաժնի պետի տեղակալ, այնուհետեւ ինֆորմացիայի կառավարման վարչության պետ: Այս վարչությունը, որը հետագայում վերանվանվեց ֆինանսական հոսքերի հաշվառման վարչություն, կազմավորել եւ ստեղծել եմ ես: Իմ անմիջական ղեկավարությամբ է սկսվել «Հայփոստ» ՓԲԸ-ում ներդրվել համակարգչային տեխնիկա, ծրագրեր, ստեղծել եւ ներդրել եմ կենսաթոշակ-նպաստների, այլ սոցիալական վճարների, կոմերցիոն ապրանքների վաճառքի, կոմունալ վաձավճարների, գանձումների էլեկտրոնային կառավարման համակարգերը, որոնց արդյունքում «Հայփոստը» թոշակ բաժանող հիմնարկից վերածվեց հեղինակավոր հիմնարկի: 2006-ի վերջին «Հայփոստ» ՓԲԸ կառուցվածքային փոփոխության, նոր փոստային ինդեքսների ներդրման ծրագրերը ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու համար գրել եմ կոմունալ վարձավճարների գանձման բոլորովին նոր ծրագրային համակարգ, որը ներդրվել է «Հայփոստի» բոլոր մասնաճյուղերում: «Հայփոստի» նախկին ղեկավար, հոլանդացի Հանս Բոնն ամեն անգամ խոստանում էր, որ հաջորդ եռամսյակում կվճարի «big money», սակայն տարբեր պատճառաբանություններով ձգձգում էր: Վերջին անգամ 2007-ի սեպտեմբերին «Հայփոստի» հանձնարարությամբ գրված «Կենսաթոշակ-նպաստների ու այլ սոցիալական վճարների» նոր բիզնես- ծրագիրը հանձնելուց առաջ ստացել եմ հավաստիացում, որ շուտով կվճարի, սակայն մեկ ամիսը չլրացած՝ հոկտեմբերի 5-ին անսպասելի ինձ ներկայացվեց հրաման, որով դադարեցվում էր իմ աշխատանքային պայմանագիրը: 2007-ի նոյեմբերի 7-ին դիմեցի դատարան եւ պահանջեցի իմ ստեղծած՝ «Հայփոստ» ՓԲԸ-ում անօրինական օգտագործվող համակարգչային ծրագրերի համար խոստացած գումարները: Անհնարին համարեցի աշխատել ՓԲԸ ղեկավարի հետ եւ աշխատանքից անհիմն ազատելու հարցը չվիճարկեցի: 2007-ի դեկտեմբերի 29-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը վճռեց իմ ստեղծած ծրագրերի դիմաց հօգուտ ինձ բռնագանձել 45000000 դրամ գումար՝ ապացուցված համարելով, որ դրանց հեղինակը ես եմ եւ «Հայփոստ» ՓԲԸ-ն դրանք օգտագործում է անօրինական: Դատարանի վճիռը վերաքննիչ դատարանի որոշմամբ բեկանվեց այն պատճառաբանությամբ, թե ծրագրերի արժեքը որոշվել է առանց փորձագետի եզրակացության: Երբ գործը գտնվում էր Երեւանի քաղաքացիական դատարանում, ՀՀ-ում գործող փորձագիտական կենտրոնները պատասխանեցին, որ նման ծրագրերը գնահատելու մասնագետ չունեն: Դատարանը այս անգամ էլ վճռեց հօգուտ ինձ «Հայփոստից» բռնագանձել 34400000 դրամ՝ նմանատիպ ծրագրերի պայմանագրային արժեքների նվազագույն արժեքը: Մեկ անգամ եւս վճիռը բեկանվեց մասնակիորեն՝ վերաքննիչ դատարանում, արժեքի մասով, սակայն վերաքննիչը հիմնավոր համարեց նման ծրագրերի համար գումար պահանջելու եւ չվճարված տարիների համար տոկոս հաշվարկելու իմ պահանջը: Վճռաբեկ դատարանը գտավ, որ վերաքննիչի եզրահանգումը ճիշտ է եւ վճարվելիք գումարի չափը փորձագետների կողմից որոշելու համար գործը ուղարկեց ստորադաս դատարան: Վճռաբեկ դատարանի որոշումից հետո անցել է 3 տարի, որի ընթացքում թեեւ դատարանի կողմից փորձագետ ճանաչված 3 մասնագետներն այդ համակարգչային ծրագրերը գնահատել են մինչեւ 43000000 դրամ, սակայն դատարանը նշանակել է լրացուցիչ փորձաքննություն: Թեեւ կա ուժի մեջ մտած դատարանի վճիռ եւ ակնհայտ է, որ այդ ծրագրերի հեղինակը ես եմ, սակայն ծրագրերի արժեքի որոշման հետ կապված վերջնական լուծումը միտումնավոր ձգձգվում է: Անցյալ տարի դիմել եմ ՀՀ նախագահին, ստացել եմ «սպառիչ» պատասխան ՀՀ արդարադատության նախարարությունից, այն է՝ «հարցի լուծումը դուրս է ՀՀ արդարադատության նախարարության իրավասության շրջանակից»: Ավելի քան 5 տարի, որից վերջին 4-ը մնալով անաշխատանք, սպասում եմ իմ աշխատանքով ստեղծված ծրագրերի համար հասանելիք գումարին, իսկ «Հայփոստը», 2006-ից սկսած, տարեկան միլիարդավոր դրամների եկամուտ է ստանում՝ օգտագործելով դրանք: Թվում է, թե ապրել եմ արդար ու զարգացող Հայաստանում եւ ապրելու եմ կատարյալ Հայաստանում: Շուտով 50-ս կլրանա, համալսարանից հետո մասնակցեցի Ղարաբաղյան շարժմանը, հետո՝ գիտական աշխատանքներ, 1997-ից օրական 15-20 ժամյա աշխատանք «Հայփոստում», իսկ 2007-ից՝ անգործություն, պարտքեր, վարկեր ու տոկոսներ: Ունեցածս երկու զինվոր որդի է ու մի կիսատ տուն, որն առնող էլ չկա, որպեսզի պարտքերս փակեմ, ընտանիքս վերցնեմ ու որեւէ գրողի ծոցը կորչեմ:

Մեծարգո այրեր, մի՞թե ես ապրել եմ ձեր կառուցած մեկ այլ Հայաստանում:

ՀԵՆՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031