Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտրակաշառքներ` դատվածին` ազատություն, երկրից գնացողին` ավիատոմս (Տեսանյութ)

Մայիս 04,2012 14:16

 Պետության կողմից իրեն հատկացված ծառայողական մեքենայով քարոզարշավի գնալը, ճիշտ է՝ վարչական ռեսուրսի չարաշահում է, բայց այդ երեւույթի ազդեցությունը հայաստանցի ընտրողի ընտրության վրա վճռորոշ ազդեցություն չի կարող ունենալ, ինչպես, օրինակ`զանգվածային կուսակցականացումը: Այսօր «Գոլդեն Թուլիփ Երեւան» հյուրանոցում քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչները ներկայացրին իրենց նախընտրական դիտարկումները:

«Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը վտանգավոր երեւույթ է համարում կրթական եւ առողջապահական համակարգերի համատարած կուսակցականացումը: Պարոն Հոկտանյանի խոսքերով, իրենք շատ հաճախ ահազանգեր են ստանում, որ այս կամ այն մարզպետը «պլան» է դրել գյուղապետերի վրա` ապահովել իր կուսակցության օգտին գյուղի ընտրողների ձայների գերակշիռ մեծամասնությունը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի մոնիթորինգն էլ ցույց է տվել, որ նմանատիպ «առաջադրանքներ» են ստանում նաեւ պետական եւ համայնքային այլ հաստատությունների ղեկավարները: Ըստ նրա, մեր երկրում կրթական համակարգը շարունակվում է օգտագործվել իշխանության թեկնածու անձանց եւ կուսակցությունների համար որպես կարեւոր գործիք. Դպրոցների, բուհերի կոլեկտիվները, ուսանողները եւ դպրոցականները վերադասների հրահանգով տարվում են թեկնածուների հետ հանդիպման.

Lեւոն Բարսեղյանի տվյալներով, ՀՀ խոշոր քաղաքաների պետական դպրոցների եւ վարժարանների տնօրենների 70%-ը ՀՀԿ անդամ է.

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին էլ քաղաքացիները ընտրակաշառքների վերաբերյալ տեղեկություններ են հայտնել, բայց պայմանով, որ նրանց անձը գաղտնի կպահվի: Մարզի մի բնակիչ, որի հարազատը ընդդիմադիր կուսակցության անդամ է եղել եւ ընդգրկված  հանձնաժողովում` սպառնալիքի տակ դիմում է գրել եւ դուրս եկել: Մեկ այլ քաղաքացի էլ, որը դատապարտյալի հարազատ է, պարոն Իշխանյանին պատմել է, որ իրենցից կոնկրետ թվով ստորագրություն են ուզել` խոստանալով դատված հարազատին 1/3-ով ազատել բանտից: Մի քաղաքացուց էլ ձայներ են գնել ավիատոմսի դիմաց: Ավետիք Իշխանյանի խոսքերով, Արմավիրում բջջային հեռախոս են նվիրել` փոխարենն ակնկալելով, որ հեռախոսով նկարի ու ցույց տա քվեարկության արդյունքը` բնականաբար հօգուտ կաշառատու թեկնածուի:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի խոսքերով էլ, կյանքը ցույց տվեց, որ այն մարդիկ կրկին առաջադրվեցին, որոնք մինչ այս մեղադրվում էին, կոռուպցիայի, հանցագործության, կրիմինալի մեջ. «Այսինքն` քրեաօլիգարխիկ տարրերով թեկնածուների չառաջադրվելու հարցն այդպես էլ չլուծվեց»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031