Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնաբարություն ու ծեծուջարդ՝ նախընտրական Բասենում

Մայիս 04,2012 14:06

Նախորդ օրը Ախուրյանի տարածաշրջանի այս գյուղում 60-ամյա կնոջ են բռնաբարել, ՀՀԿ-ական գյուղապետին էլ արյունլվիկ են արել:

Մի քանի օր է՝ մոտ 2000 բնակչություն ունեցող այս փոքր գյուղում մեկը մյուսը հետեւից արտառոց իրադարձություններ են տեղի ունենում: Ամենաթարմ դեպքը 60-ամյա Գոհարիկ Բենոյանին բռնաբարելն է. համագյուղացի 53-ամյա Իշխան Հովսեփյանը՝ Չուչո մականունով, երեկոյան ժամը 21-ի սահմաններում, ներխուժելով երբեւէ չամուսնացած ու միայնակ ապրող Գոհարի տուն՝ նրան ծեծելով բռնաբարել է: Շիրակի մարզի դատախազությունից մեզ փոխանցեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ Քր օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, Իշխանը ձերբակալված է: Նշենք, որ այս հոդվածը նախատեսում է 3-6 տարի ազատազրկում: Դատախազությունից մեզ նաեւ տեղեկացրեցին, որ Իշխանը նախկինում վեց անգամ դատված է եղել: Իսկ բասենցիները նրան բնութագրեցին որպես մանկուց ավազակությամբ ու գողությամբ զբաղվող մարդու: Ըստ գյուղացիների, վերջինս 3 երեխաների հայր է, 2 տարի առաջ նրա որդիներից մեկը հիվանդության պատճառով մահացել է բանակում, նախագահ Սերժ Սարգսյանն էլ, որպես զոհված զինվորի ընտանիքի, նրանց արտահերթ բնակարան է հատկացրել Գյումրու նորակառույց Մուշ 2 թաղամասում: Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանի տեղեկացմամբ էլ, Իշխանի մյուս որդին Ռուսաստանում է, իսկ դուստրը՝ դպրոցահասակ երեխա է: Գյուղապետի ասելով, Գոհարիկ Բենոյանը նույնպես առողջական խնդիրներ ունեցող, անպաշտպան կին է, խոցելի խավ: «Նման ամոթալի դեպք երբեք տեղի չի ունեցել գյուղի պատմության մեջ, իմ գիտակցական կյանքում, տեղյակ եմ, որ Իշխանը հիվանդության թուղթ ունի, Գոհարը նույնպես հիվանդ է, սա հանգիստ գյուղ է, մարդիկ իրոք լավն են ու ջերմ, բայց պատկերացրեք մի հոգի իր անհավասարակշիռ, անպատկառ ու անամոթ պահվածքով ստվեր է գցում այս գյուղի անբիծ անվան վրա: Ես շատ վատ եմ զգում: Իսկական աստվածուրացության շրջան է սկսվել: Գիտեմ, որ նա միշտ գողությունների համար դատվել է, բայց երբեւէ բռնաբարության համար նստած չկար»,- մեզ հետ զրույցում ասում էր գյուղապետը: Ի դեպ, գյուղացիները պնդում են, որ Իշխանը հարբած է եղել, նրանք նաեւ խոստովանում են, որ թեեւ դեպքը ցնցել է իրենց, այդուհանդերձ գիտակցելով Իշխանի հիվանդ լինելը, հավասարաչափ խղճում են թե Գոհարին, եւ թե Իշխանին: Այս շաբաթը իրոք թարս է սկսվել բասենցիների համար, երկուշաբթի օրն էլ մեկ այլ սկանդալ էր տեղի ունեցել: Գյուղապետ Համլետ Պետրոսյանի նախկին տեղակալը՝ Կամո Հովհաննիսյանը, ամբողջ գյուղի ներկայությամբ գետին էր գցել գյուղապետին՝ նրան ոտքերով հարվածելով ու արյունլվա անելով: Ինչպես պատմեց գյուղապետը, երեկոյան ժամը 19-ի սահմաններում, ինքը աշխատանքից տուն է եկել ու դեռ շորերը չփոխած՝ իր մոտ է եկել Կամո Հովհաննիսյանի զարմիկը՝ իրեն խնդրելով գալ ու բացել գյուղամիջյան ճանապարհներից մեկը: Համլետ Պետրոսյանի պատմելով, խոսքը այն ճանապարհի մասին է, որը մոտ 15-20 տարի փակ է, ընտանիքներից մեկը փակել է այն, որպեսզի գյուղացիները իրենց դռները չկեղտոտեն. անասուններին այդտեղով չտանեն արածացնելու: Կամո Հովհաննիսյանը, ով վեճի մեջ է մտել տանտերերի հետ, տեսնելով գյուղապետին՝ պահանջել է անհապաղ բացել այն՝ իր անասուններին նախիր տանելու համար: Եվ մինչեւ Համլետ Պետրոսյանը գործիքներ է բերել տվել ճանապարհը բացելու համար, Կամո Հովհաննիսյանը հոխորտացել է, նրան սպառնացել է, ամենալկտի հայհոյանքներ տեղացել նրա հասցեին, այնուհետ հրահանգել է լոմը վերցնել ու անձամբ ճանապարհը բացել: Ըստ պարոն Պետրոսյանի, իր նախկին տեղակալը այս ամենը կազմակերպել է՝ ցույց տալու համար, որ գյուղապետը անկարող, թույլ մարդ է: Այնուհետ Կամո Հովհաննիսյանը գետին է գցել գյուղապետին՝ ձեռքերով ու ոտքերով հարվածել նրան, շորերը պատառոտել է, արյունլա արել: Իսկ ո՞րն է եղել պատճառը, մի՞թե Կամո Հովհաննիսյանը ԲՀԿ-ական է, ով փորձել է դուրս գալ ՀՀԿ-ական գյուղապետի դեմ, Համլետ Պետրոսյանը պատասխանեց. «Ես իրոք չգիտեմ նա ԲՀԿ-ական է, թե՝ ոչ, ես 3 տարի է՝ նրա հետ կապ չեմ ունեցել, բայց ենթադրում եմ, որ նա այս ձեւով որոշեց ինձանից անձնական վրեժ լուծել: Երբ ես 4 տարի առաջ ընտրվեցի գյուղապետ, նա իմ տեղակալն էր, նա իրեն վատ պահեց ու 3 ամիս անց իր դիմումի համաձայն հեռացավ աշխատանքից: Դրանից հետո կարծես թե առիթ էր փնտրում ինձանից վրեժ լուծելու: Իսկ հիմա՝ ընտրությունների նախաշեմին, փորձեց ինձ վարկաբեկել, շանտաժի ենթարկել, որպեսզի ես չկարողանամ ձայներ հավաքել իմ կուսակցության՝ ՀՀԿ-ի օգտին, ինքն էլ կանգնի՝ հայտարարի, որ ես չկարողացա ՀՀԿ-ին օգնել: Բայց ասեմ, որ ամբողջ գյուղը իմ կողքին է: Ես ուզեցի մտածել, որ այս ամենը պատահականություն է, բայց տվյալ պահին իմ զգացածը ու նաեւ դեպքերի զարգացումը ինձ հուշում են, որ այդ մարդը իր առջեւ քաղաքական խնդիր է դրել՝ ինձ վարկաբեկել, շանտաժի ենթարկել: Մինչեւ օրս էլ այդ ճանապարհը փակ է, բո ո՞նց են տանում իրենց անասուններին նախիր, ուրիշ ճանապարհ էլ կա իհարկե, հարց է ծագում՝ ինչու՞ հենց այս պահին մտքերն ընկավ փակ ճանապարհը բացել տալը»,-հարցնում է գյուղապետը: Նրա ասելով, ինքը 35 տարեկան է, իսկ Կամոն՝ 55, այսինքն ավելի երիտասարդ է, ուժեղ, կարող էր նրան համարժեք պատասխան տալ, սակայն, որպես հայ Առաքելական եկեղեցու հավատացյալ, զսպել է իրեն, քանի որ առհասարակ հայհոյանքներ չի անում, առավել եւս կանանց ներկայությամբ, այդ պատճառով էլ դիմել է իրավապահների օգնությանը: Շիրակի մարզի դատախազությունից մեզ տեղեկացրեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ այդ հոդվածը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելն է, առաջին մասը նախատեսում է առավելագույնը հինգ տարի ազատազրկում, իսկ երկրոդ մասը՝ կախված մարմնական վնասվածքների ծանրությունից՝ 5-10 տարի ազատազրկում: Կամո Հովհաննիսյանը ձերբակալված չէ, ստորագրությամբ ազատ է արձակվել:Ըստ գյուղապետի, նա փողատեր է, ամեն անգամ գյուղացիներին դատի է տալիս ու տները ձեռքներից խլում, մի ժամանակ զբաղվում էր անասնապահությամբ, մի ժամանակ էլ շինարարության վրա բրիգադիր էր աշխատում: «Ես ուզում եմ, որ նա իր արժանի պատիժը ստանա օրենքով, վերջապես հասկանան, որ այս երկիրը օրինական երկիր է, եւ ով ինչ ուզի չի կարող անել, եթե իշխանության վրա ձեռք են բարձացնում, ուրեմն հասարակ, անճար քաղաքացու վրա կբարձրացնեն ու կբարձրացնեն: Բայց չպիտի թույլ տանք, իմ երկիրը սկսվում է իմ գյուղից, եթե գյուղը ուժեղ լինի, ուժեղ կլինի երկիրը»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ իր օրոք առաջին անգամ են տեղի ունենում համապետական ընտրություններ:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031