Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականները տեղամասի նախագահին, որը «Ժառանգության» ներկայացուցիչ է, ծեծի են ենթարկել (լրացված)

Մայիս 04,2012 13:59

Երեկ երեկոյան, Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 9 ընտրատարածքի 9/19  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանը բռնության է ենթարկվել: Aravot.am-ին այդ մասին հաղորդեց կուսակցության նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նրա ասելով, տեղի ունեցածի առնչությամբ նախընտրական շտաբը ՀՀ ոստիկանությանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Խուրշուդյանի մատուցմամբ, Հայկ Գրիգորյանին ինչ-որ մարդիկ ավտոմեքենայով հետեւել են , մոտեցել եւ առաջարկել են զրուցելու համար  նստել իրենց մեքենան, իսկ արդեն մեքենայի սրահում «համագործակցության» առաջարկ են արել՝ մանրամասնելով, որ ընտրությունների ժամանակ ինչ-որ մարդիկ կարող են որոշակի գործողություններ ծավալել, որի վրա եթե հանձնաժողովի նախագահը աչք փակի՝ իր համար հետո «լավ կլինի»:
Հայկ Գրիգորյանի հարցին, թե՝ այդ մարդիկ ո՞ւմ անունից են խոսում եւ ո՞ւմ են ներկայացնում, անծանոթները պատասխանել են, թե  ՀՀԿ-ի մարդիկ են: «Ժառանգության» ներկայացուցիչը կտրականապես մերժել է առաջարկը, որին ի պատասխան հենց մեքենայի սրահում  նրան բռնության են ենթարկել՝ ծեծել են:
ՀՀ ոստիկանությունում, ըստ մեր տեղեկությունների, Հայկ Գրիգորյանին դատաբժշկի ուղեգիր է տրվել:
Aravot.am-ը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմեց նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությանը՝ պարզաբանումներ ստանալու խնդրանքով: Դրանք ստանալուն պես կհրապարակենք:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ի լրումն մեր տեղեկությունների, փոխանցեցին, որ գրանցված այդ միջադեպի առնչությամբ, մայիսի 3-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել 1982 թ. ծնված  Հայկ  Գրիգորյանը,  ըստ որի՝  նույն օրը, ժամը 12.30-ին, Ա. Խաչատրյան փողոցի թիվ 15 եւ Վ. Վաղարշյան փողոցի թիվ 23 շենքերի բակում 3 անհայտ քաղաքացիներ «ՎԱԶ 21012» մակնիշի ավտոմեքենայի մեջ հարվածել են իրեն եւ պատճառել վնասվածքներ: Ոստիկանությունում հաստատեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ միջադեպի հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: Ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանն Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ այս միջադեպին վերաբերող բոլոր հանգամանքներն ամենայն մանրամասնությամբ հետաքննվելու են եւ դրան համարժեք իրավական գնահատական է տրվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031