Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՀԿ-ն ՀԱԿ-ին հաստատ չի միանա

Մայիս 04,2012 13:38

«Մենք մտավորականների, իրավաբանների կուսակցություն ենք: Մենք այն մարդիկ չենք, որ փողոցներ դուրս գանք»,- երեկ «Միավորված հայեր» կուսակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ եթե ձեր ակնկալիքները չարդարանան, չանցնեք ԱԺ, չե՞ք պատրաստվում ցույցի, միտինգների ելնել: Ըստ նրա, եթե ժողովուրդն իրենց չընտրի, նշանակում է պատրաստ չէ իր վրայից թոթափել օլիգարխների լուծը. «Չենք պատրաստվում որեւէ անօրինական քայլի գնալ: Քարոզչության ընթացքում էլ մենք ունենալու ենք հանդիպումներ ժողովրդի հետ, թերթի տպագրություն, ինտերնետային հաղորդագրություններ, այս քայլերն ենք անելու: Որպեսզի դուրս գանք փողոց՝ փողոցային քարոզարշավների՝ դա մենք չենք ընդունում»: Մեր դիտարկմանը, որ ՀԱԿ-ում էլ ինտելիգենտներ, մտավորականներ կան, բայց փողոց դուրս գալիս են՝ նա պատասխանեց. «Ուրեմն  թող օրենքի սահմաներում գործեն, ինչի՞ են հակառակը գործում: Ինչի՞ համար 20 տարի առաջ  ժողովրդին մինչեւ վերջին թելը թալանեցին: Բա մտավորականը կթալանի՞ իր ժողովրդին: Նրանք հույս ունեն, որ պետք է գան՝ իրենց շահերն իրականացնելու համար: ՀԱԿ-ն ընտրազանգված չունի, դրանք ուղղակի այն մարդիկ են, որոնք դժգոհ են իշխանությունից, բայց ես այդ մարդկանց, որոնք ՀԱԿ-ին պատրաստվում են ձայն տալ՝ չեմ հասկանում: Ինչպե՞ս կարելի է մեկին ձայն տալ, որն իրեն թալանել, կեղեքել է եւ հիմա ուզում է գալ իշխանության՝ նույնը շարունակելու համար, ես դա չեմ հասկանում: Տխրահռչակ սեփականաշնորհման այն վաուչերային քաղաքականությունը միթե՞ բավական չէր, որպեսզի տեսնեն, որ չի կարելի այդ քայլն անել: Ի՞նչ է նշանակում ժողովրդի 4%-ը, դա մի 100-200 ընտանիք է, իրենց ձեռքը վերցնել ազգային հարստության եւ ժողովրդի հարստության 70%-ը: Այսինքն՝ մեկին 100, մեկին 1000 տարբերությամբ, մարդիկ չքավորության դուռը հասան: Եվ հիմա նրանք  ցանկանում են գալ իշխանության»: Մեր հարցին՝ գուցե Լեւոն Տեր-Պետրոսյանը գալիս է՝ իր նախկին սխալնե՞րն ուղղելու՝ պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Դուք հույս ունեք, որ նա իր սխալները կուղղի՞, թե՞ ընդհակառակը, ավելի վտանգավոր քայլեր կանի: Մի՞թե դուք չզգացիք, սրանից 1 տարի առաջ թե ինչպես նա փորձ արեց հին, միտինգային տարբերակով իշխանությունը վերցնելու: Նրան չհաջողվեց, դրա համար տակտիկան, ռազմավարությունը փոխում է, իսկ նպատակը նույնն է՝ իշխանությունն իր ձեռքը վերցնել: Մենք դեմ ենք այդպիսի ռազմավարության եւ միանալ նրան ես չեմ պատկերացնում: Ինչպե՞ս կարելի է միանալ հանցագործների, մարդկանց, ովքեր ժողովրդին կողոպտել են»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031