Այո, այդ մարդը ես եմ: Եվ ներիր ինձ, իմ քարոզարշավհալած ազգ, ներիր ինձ՝ քո խոնարհ զավակին: Եվ, եթե ժամանակ ունես, կարդա այսօրվա Գիրս:
Գարունը եկավ, իսկ մեզ սկսում են հուսահատեցնել: Եվ ինչ լավ է, որ անկախ հուսահատողներից, գարունը հայտնվում է ճիշտ ժամանակին, երբ մենք ձմռան ցրտից հալածական ներանձնանում ենք ու մեզ լքված ու մոռացված ենք համարում:
Ցուրտը միշտ էլ վիրավորել է ինձ: Եվ երբ որպես մխիթարություն վրա է հասնում գարնան անվախճանականությունը եւ ջնջում մայթերի սառույցի պես լպրծուն քաղաքական թախիծը, որը ձյունաեղյամի նման փակում էր հեռաստանը եւ մեզ բթացնելով դարձնում մանրախնդիր՝ բանբասողներին համամիտ նախընտրական զանգված… Հայտնվում է գարունը, որպես միակ փրկություն:
Եվ բոլոր զգայուն հոգիները միանգամից հասկանում են. ոչինչ որ իրենք մեծամասնական ցուցակում չկան եւ ոչ էլ համամասնականի թեկնածուներ են:
Կարդացեք նաև
Կարեւորը գարունն է, զարդարված ծիրանի ծառով, կարեւորը ծաղիկն է ու ծաղկող ծառը, խոտը, խոտը կանաչող, որի հայտնվելը մենք այդպես էլ չենք տեսնում, քանզի այն հայտնվում է, երբ մենք քնած ենք լինում եւ երեւում է մեզ որպես մեր չտեսած երազի շարունակություն:
Եվ քանի դեռ մենք բոլորս չենք դարձել սոսկ անդեմ ընտրազանգված եւ ունենք մեր անուն ազգանունը, փորձենք վայելենք գարունը, որը նոր բացվող ծաղկի հետ, արթնացնում է հին, քամուց քշված մի անցյալ ծաղկի չմոռացվող ցավը, մեր կյանքի, մեզանից հեռացած գարունները, որ մենք մեր երկրի անկախությունը հաստատելու ճանապարհին, այդպես էլ չվայելեցինք մանրամասն:
Իսկ հիմա մոռանանք ամեն ինչ ու մեզ հանձնենք գարնան ծփանքին, քանի դեռ ընտրություններին գրեթե օր չի մնացել: Եվ հիշենք, որ մենք ենք մեր եւ մեր կորուսյալ գարունների ու մեր երկրի այսօրվա գարնան Տերը:
Հայը զարմանալի մարդ է. հազար կորուստներից հետո վերքերը մոռանում եւ բարեկամության ձեռք է մեկնում իր թշնամուն: Ճիշտ է, թե՝ սխալ. դա հայի բնույթն է: Թեեւ, պատմությունը մեր անցյալը չէ, պատմությունը մեր ապագան է: Եվ մեր անցավոր Մեծերը ոչ թե մեր թիկունքում են, այլ՝ մեր դիմաց, ում խոսքին, մտքին ու գործին պիտի կարողանանք հասնել:
Քարոզարշավհալած իմ այս օրերի մեջ, երբ բոլոր խոսափողներն ինձ, իմ տիկնոջն ու զավակներիս փրկելու առաջարկություն էին անում՝ հինգ րոպեում ավելացնելով մեր աշխատավարձը եւ թոշակները՝ ես զարմանալիորեն լսեցի մի ձայն(թույլ տվեք անունը չհնչեցնել¤, ով իր տանը նստած ասում էր, որ չկա մի մարդ մեր հանրապետությունում, ով իր կամոք ձայն տա այսօրվա իշխող կուսակցությանը: Թող ինձ ների իմ հին բարեկամը, որովհետեւ մի մարդ հաստատ կա, եւ այդ մարդը ես եմ, ով ձայն է տալու:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ