«ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի ներկայացրած տվյալներով, 4-րդ գումարման Ազգային ժողովն անցած 5 տարիների ընթացքում ընդունել է 1412 օրենք, որից 1200-ի հեղինակը կառավարությունն է:
Ասել է թե՝ ԱԺ պատգամավորները օրենսդրական նախաձեռնությունների հարցում ցուցաբերել են ընդամենը 15 տոկոսանոց ակտիվություն՝ հիմնականում առանց զգալի փոփոխությունների ընդունելով կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները: Նման ցուցանիշներ արձանագրած ԱԺ գործունեությունը կարելի՞ է հաջողված համարել: Այս հարցի շուրջ դեմ առ դեմ բանավիճում են «ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:
Լուսինե Վասիլյան- Բացի այն, որ ԱԺ ընդունած 1412 օրենքներից միայն 200-ն է պատգամավորների նախաձեռնությունը, դրանցից 200-ն էլ եղել են օրենքներ, որոնք կառավարությունն անհետաձգելի է համարել եւ խորհրդարանը դրանք ընդունել է հատուկ կարգով: Այսինքն, 5 տարվա ընթացքում ընդունված օրենքների մեկ վեցերորդը քննարկել է քսանչորսժամյա ռեժիմով, հետեւաբար, անգամ ոչ պրոֆեսիոնալ աչքի համար է պարզ, որ այդ օրենքները շատ հանգամանորեն չեն քննարկվել: Թեեւ դրանք վերաբերվել են շատ կարեւոր հարցերի: Որպես կանոն, կառավարությունն անհետաձգելի է համարում հանրային կարեւորություն եւ մեծ հրատապություն ունեցող օրենքները: Ուզում եմ նշել եւս մեկ ցուցանիշ, որը վերաբերում է խմբակցությունների քվեարկությունների ընդհանրացված պատկերին. ըստ այդմ կոալիցիոն խմբակցությունները հիմնականում կողմ են քվեարկել, եւ միայն բացառիկ դեպքերում են եղել դեմ: Սա նշանակում է, որ խորհրդարանը հիմնականում պաշտպանել է կառավարության ներկայացրած օրինագծերը: Այդպիսով, չասեմ անվերապահորեն, բայց գրեթե հարյուր տոկոսին մոտեցող լիարժեքությամբ հավանություն է տվել այն օրենսդրական քաղաքականությանը, որն առաջարկել է կառավարությունը:
Կարդացեք նաև
Արամ Սաֆարյան- Այդուամենայնիվ, ես ուզում եմ նշել, որ չորրորդ գումարման Ազգային ժողովն իր առանձնահատկություններն է ունեցել նախորդ խորհրդարանների համեմատ: Դա այն է, որ այս խորհրդարանում չեն եղել օդեոզ, սկանդալային, աղմկահարույց դեպքեր, որ այստեղ գերակշռել են ինտելեկտուալ քննարկումները, խոսակցություները եւ քաղաքական բանավեճերը իշխանության եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ:
«Առավոտ»- Դուք իսկապե՞ս ինտելեկտուալ քննարկումների ու բանավեճերի գերակշռություն եք տեսել այս ԱԺ-ում:
– Այո, քիչ ինտելեկտուալներ չեն եղել այս Ազգային ժողովում եւ նրանց դերակատարությունն ու ներկայությունը միշտ էլ իրեն զգացնել է տվել, ուզում եմ նշել՝ ոչ միայն իշխանության, այլ նաեւ ընդդիմության շարքերում:
«Առավոտ»- Այնուամենայնիվ, պարոն Սաֆարյան, ինչպես եք գնահատում Ձեր ընդդիմախոսի ներկայացրած ցուցանիշները: 1400–ից 200 օրենսդրական նախաձեռնությունն ըստ Ձեզ, օրենսդիր մարմնի աշխատանքի նորմա՞լ ցուցանիշ է: Բացի այդ, եթե ինտելեկտուալ քննարկումների գերակշռության հարցում համեմատական անցկացրեցիք նախորդ խորհրդարանների հետ, ապա այս դեպքում նույնը անելով՝ ինչ կարող եք ասել՝ նախորդ գումարումների խորհրդարաններում որքանով է օրենսդրական նախաձեռնողականության ցուցանիշը տարբերվել ներկայիս 15 տոկոսից:
– Ես ծանոթ չեմ նախորդ խորհրդարանների ցուցանիշներին, բայց վերջին 5 տարիներին աշխատանքի բերումով եղել եմ եվրոպական 10-ից ավելի երկրների խորհրդարաններում: Եվ ամենուրեք ինձ հետաքրքրել է այդ հարցը՝ ամեն տե՞ղ է այդպես, որ կառավարությունը բերում է, եւ խորհրդարանն էլ քվեարկում: Ուրեմն ասեմ, Շվեդիայից սկսած, Նորվեգիայով եւ Հունաստանով վերջացրած՝ ամենուրեք նույն պատկերն է: Ամենուրեք կառավարությունը գերակշիռ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակն է: Հարաբերակցության մասին կդժվարանամ ասել, թե արդյո՞ք 1400-200 հարաբերակցությունն է, բայց օրինակ երբ Հունաստանում ես այդ մասին հարցրեցի իշխող կոալիցիայի անդամներին, նրանք ասացին՝ այո, իհարկե, բա կառավարությունը պետք է ներկայացնի…
«Առավոտ»- Դրա համար ել Հունաստանը հայտնվել է նման վիճակում:
Արամ Սաֆարյան- Բայց նույն պատկերն է նաեւ ամենազարգացած երկրում՝ Նորվեգիայում:
Լուսինե Վասիլյան- Այո, թերեւս շատ երկրներում է կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների թիվը գերակշռում, սակայն այստեղ խոսքը հարաբերակցության մասին է. նման 1400-200 հարաբերակցությամբ որեւէ խորհրդարան չի հանդիպել: Կա գերակշռություն՝ բայց առավելապես հավասար նժարներ են, որոնցից որոշ երկրներում գուցե մի թեթեւ առավելություն ունի կառավարությունը: Բայց ես կրկին ուզում եմ շեշտել, որ հարցը միայն այդ ցուցանիշը չէ, դրանից հետո գալիս է օրենքների քննարկման ընթացքում խորհրդարանի դրսեւորած վարքագծի հարցը:
Արամ Սաֆարյան- Այստեղ ես լիովին համաձայն եմ: Դա անտանելի է, եվ մենք էլ, մյուս կուսակցություններն էլ միշտ փորձել ենք պայքարել այդ քսանչորսժամյա ռեժիմների դեմ: Միշտ ասել ենք՝ եղբայր, չի կարելի երկուշաբթի առավոտյան ժամը 10-ին օրինագիծը բերել եւ պահանջել, որ դա ժամը 12-ին ընթացակարգով մտնի խորհրդարանի լիագումար նիստի քննարկման:
Բանավեճը վարեց
ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել Aravot.am կայքում:
Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:
«Առավոտ» օրաթերթ