Ինչպես տեղեկացրել էինք` ապրիլի 27-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել թիվ 13 ընտրատարածքի ՀԱԿ պատգամավորի թեկնածու Վիոլետա Պետրոսյանը և հայտնել, որ ժամը 14.20-ի սահմաններում, Մ. Խորենացու փողոցի թիվ 229 հասցեի մոտակայքում, քարոզարշավի ժամանակ, անհայտ անձինք իրենց խոչընդոտել են:
Մեկնած օպերատիվ խմբին Վ. Պետրոսյանը հայտնել է, որ բնակիչներին քարոզչական նյութեր տրամադրելիս իրեն են մոտեցել միջին տարիքի 7-8 տղամարդիկ և գոռգոռալով պահանջել հեռանալ, ինչի պատճառով քարոզարշավը դադարեցվել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է հիշյալ անձանց ինքնությունները, որոնք ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին և տվել բացատրություններ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն