Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր տարրեր

Մայիս 04,2012 13:07

Մայիսի 6-ի երեկոյան ՀՀԿ-ն կասի, որ ընտրություններն անցել են աննախադեպ թափանցիկ եւ ժողովրդավար պայմաններում, իսկ ՀԱԿ-ը կասի, որ սրանք առավել խայտառակ ընտրություններն էին Երրորդ հանրապետության պատմության ընթացքում, եւ եթե ժողովուրդը չբռունցքվի եւ ոտքի չկանգնի, ապա Հայաստանը վերանալու է աշխարհի քարտեզից: Այդ երկու ծայրահեղացված գնահատականները կապ չունեն իրականության հետ՝ մենք նույնքան հեռու ենք ժողովրդավարությունից, որքան՝ աշխարհի քարտեզից ջնջվելուց: Այս սպառնալիքի մասին չեմ էլ ուզում խոսել. առանց այդ էլ «պատմականորեն» եւ «գենետիկորեն» վախեցած ժողովրդին հերթական անգամ սարսափեցնել կործանումով՝ ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի քաղաքական դիվիդենտներ է հնարավոր դրանից շահել:

Լավատեսական «ժողովրդավարական պատկերների» համար էլ որեւէ հիմք չկա. ընտրակաշառքներն արդեն բաժանված են, վարչական բոլոր լծակները կիրառված են, ուռճացված ցուցակները «դզած են», անգրագետ օլիգարխներն էլ իրենց տեղերն արդեն ապահովել են: Այդ պայմաններում դժվար է ակնկալել, որ որեւէ քաղաքական ուժ, բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, կարող է ստանալ ավելի մեծ, քան 10-15 հոգանոց խմբակցություն:

Այսքանով հանդերձ, այս շաբաթների ընթացքում ի հայտ են եկել քաղաքական մշակույթի նոր տարրեր: Ընդդիմությունը չէր բավարարվում կախաղանների եւ տրիբունալների հնամաշ սպառնալիքներով, հայհոյանքներով եւ վիրավորանքներով, այլ փորձում էր նաեւ քաղաքական եւ տնտեսական այլընտրանքներ առաջարկել: Ավելի մեծ չափով դա վերաբերվում է, բնականաբար, Դաշնակցությանն ու «Ժառանգությանը»: Իշխանությունը չէր միացրել ռեպրեսիվ ապարատը, ինչպես որ դա եղել էր նախկինում, երբ, մասնավորապես, ոստիկանությունը ահաբեկում էր ընդդիմության համակիրներին: Իշխանությունը, որպես կանոն, չէր պատասխանում իր հասցեին հնչող վիրավորական որակումներին: Հեռուստաեթերում ընդդիմության համար ստեղծվել էին ինքնարտահայտվելու նորմալ պայմաններ: Երեք քաղաքական ուժեր, ունենանալով տարբեր մոտեցումներ, պայմանավորվել են միասնաբար վերահսկել ընտրությունների օրինականությունը:

Այդ ամենը մի փոքր հույս է ներշնչում, որ մեր քաղաքական համակարգը, թեեւ շատ դանդաղորեն, բայց սկսել է շարժվել մեռյալ կետից: Որ ընտրություններից հետո թեեւ կլինեն հանրահավաքներ, բողոքարկումներ եւ վերոհիշյալ «էսթախոլոգիկ» սպառնալիքներ, բայց չեն լինի բախումներ: Որ խորհրդարանում հայտնված ուժերը, անկախ նրանից, թե ինչ կոալիցիաներ են կազմելու, կձեւավորեն այնպիսի կառավարություն, որը ունակ կլինի մեղմացնել ներկայիս սոցիալական լարվածությունը: Բոլոր դեպքերում, լավատեսությունը մեր դեպքում պետք է չափազանց զգուշավոր լինի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031