Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս ներկայացման մեջ դերասանուհիները կարծես ի սկզբանե մեռած են

Մայիս 04,2012 12:36

Երիտասարդներից կազմված «Իրական» կոչվող թատերախումբը նախապատվությունը տալիս է ավանգարդիստական, արդեն դասական դարձած դրամատուրգիային: Թատերախմբի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Սարգիս Արզումանյանն իր ներկայացումներում իրական աշխարհն ասես ընկալում է որպես կյանքի խտանյութ, որը շունչ է առնում ու ապրվում միմիայն թատրոնում, թատերական միջավայրի շրջանակներում:

Բեմադրելով Ժ. Կոկտոյի «Ձայն մարդկային» մոնոպիեսը, որն, ըստ դրամատուրգի, հնարավորություն է տալիս պիեսը խաղացող դերասանին փայլել իր տաղանդի նոր, դեռևս չբացահայտված կողմերով` նկատի ունենալով արդեն կայացած, ճանաչված որևէ դերասանի, սրան հակառակ, Սարգիս Արզումանյանը դերը բաշխեց չորս, երիտասարդ դերասանուհիների` Գոհար Բաղդասարյանի, Սիրան Ալեքսանյանի, Մերի Առաքելյանի, Հերմինե Հարությունյանի միջև:

Ներկայացումը խաղացվեց «Փոքր թատրոնում», հետևաբար կամերային տարածքում, ինչը ճիշտ ընտրություն էր ռեժիսորի կողմից այս տեսակ ներկայացման համար: Բեմի ետնապատը ծածկված է մոմլաթե թաղանթով, բայց մինչ դա տեսնելը, մթության մեջ լսվում են չորսի ձայները, ավելի ճիշտ ձայնարկությունները: Խոսքը հինգ-տասը վայրկյանի մասին չէ, այլ ուղիղ ութ րոպեի, որը պիտի հաղթահարի հանդիսատեսը, նյարդայնանա ու շփոթմունքի մեջ ընկնի, կամ փորձի իմաստ գտնել դրա մեջ: Գուցե հասկանա, որ մարդկային ձայնը անսպառ է, մոգական, և սրանք էլ սիրենաների «քույրերն» են, ովքեր իրենց ձայներով փորձելու են գերել, գայթակղել և սպանել ըստ սովորության:

Եթե դիմադրում ու հաղթահարում ես այդ ութ րոպեները, ապա բեմում, աչքիդ առաջ, իրենց բոժոժ- շրջազգեստներից դուրս են գալիս դերասանուհիները` ապրելու, սիրելու ու սիրվելու նպատակով, բայց թաղանթից դժվար թե հնարավոր լինի դուրս պրծնել, մանավանդ ամեն ինչ կարմիրի մեջ է, որն իր մեջ հաղթանակի, սիրո խոստում ունի, բայց միաժամանակ այն սարսափելի է , արնաշաղախ, կուրացնող: Ներկայացման մեջ կինը ոչ թե որպես տղամարդուն հավասար ուժեր ունեցող ու պայքարող է, թեև անդադար կրկնում է` « Ես կլինեմ ամուր», այլ դժբախտ, թույլ, զոհի կարգավիճակում հայտնված արարած է: Նա ընդամենը կարող է վեր բարձրացնել իր բոժոժ- շրջազգեստի փեշերից կարված պարանները` դառնալով ինքն իր խամաճիկը:

Մեկի ասած խոսքը գործողության է վերածում մյուս դերասանուհին, սկսվում է երկխոսություն նաև երրորդի ու չորրորդի միջև: Նայելիս մտածում ես` անձնական դրամայի /բաժանում սիրած տղամարդուց/ հետևանքով կինը գուցե ցնորվել ու ինքն իր հե°տ է խոսում, մանավանդ` չորսն էլ նույն հանդերձով, նույն հասակի ու կազմվածքի են: Հնարավոր է այլ իմաստ է թաքնված. օրինակ` բոլոր կանայք էլ միատեսակ են` զգացմունքային, ծայրահեղ, երբեմն ագրեսիվ, երբեմն քնքուշ ու նուրբ, վանող, սպառնալից, վրեժխնդիր լինող, միևնույն ժամանակ ներող, տառապող ու միմիայն սիրվելու համար ապրող:

Ժ. Կոկտոն պիեսի սկզբում գրում է. «Դերասանուհին պետք է արնահոսող մարդու տպավորություն թողնի և վիրավոր կենդանու պես ամեն շարժման հետ արնահոսի: Ներկայացման վերջում բեմը թվա արյունով շաղախված»:

Ռեժիսոր Ս. Արզումանյանը, ասես հավատարիմ մնալով հեղինակի ցուցումներին` գտել է ձևը ներկայացնելու տվյալ մթնոլորտն ու դերասանուհիների հոգեվիճակը` նրանցից յուրաքանչյուրի մազերից կապելով կարմիր կտոր, որն ընթացքում օգտագործվում է որպես գլխաշոր, հայտնվում է նրանց ուսերին, ձեռքերին` որպես մեղքի ու արյան նշան: Պիեսի ավարտին հասկանում ենք, որ կինն իր սիրեցյալի հետ խոսելուց և խոսափողը դնելուց անմիջապես հետո կտրելու է իր կյանքի թելը: Այս ներկայացման մեջ դերասանուհիները կարծես ի սկզբանե մեռած են, ավելի հստակ` արդեն իսկ հայտնվել են դժոխքում` ի պատիժ իրենց մեղքերի: Ի°նչ կստացվի վերջում, ինչպես կասեր Շեքսպիրը` “մնացյալը` լռություն…”:

Թատերական քննադատ` Սաթենիկ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031