Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՀՅԴ-ի քվեն էլի կեղծվի ու կեղծիքի ապացուցողական հիմքերն ամուր լինեն՝ Դաշնակցության քայլերը չեն ուշանա

Մայիս 04,2012 12:03

«Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում ՀՅԴ-ն երեկ հանդիպում էր կազմակերպել կուսակցության նախընտրական շտաբների անդամների, ընտրական հանձնաժողովներում Դաշնակցության ներկայացուցիչների եւ վստահված անձանց հետ: Այդ հանդիպման ավարտից հետո Aravot.am-ը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից փորձեց պարզել՝ Հայաստանի տարածքում կա՞ն արդյոք ընտրական տեղամասեր, որտեղ ՀՅԴ-ն ինչ-ինչ պատճառներով չի հասցրել հանձաժողովի անդամներ նշանակել կամ որտեղ հանձնաժողովի իրեն հատկացված քվոտաներով նշանակվել են քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ: «Ոչ, նման օրինակներ չկան: Մենք մեր բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել ենք եւ ընտրական բոլոր տեղամասերում մերոնք են նշանակված, վստահված անձինք՝ իրենց փոխարինողներով, եւս կան եւ դաշնակցականներ են: Անգամ նրանք, ովքեր, առանց անունները տալու, չեն կարողացել իրենց տեղերը լրացնել ու դիմել են մեզ, մենք անգամ այդ տեղերն ենք լրացրել»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Արձագանքելով մեր հարցին՝ հույս ունե՞ն, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ ՀՅԴ-ն կկարողանա պաշտպանել իր քվեները, Ռուստամյանն ասաց. «Այո, կարծում եմ: Մենք մեր եւ ոչ միայն մեր, այլեւ ժողովրդի ձայներն ընդհանրապես եւ հիմնականում միշտ ենք պահել: Այս անգամ ավելի մեծ է դա անելու հնարավորությունը»: Իսկ դիտարկմանը, թե նախորդ ե՛ւ համապետական, ե՛ւ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն հայտարարում էր իր ձայները կեղծելու մասին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց, թե ընտրակեղծիքը տեղի է ունենում նաեւ այն դեպքում, երբ ստացված քվեների տոկոսը ընտրողների թվի արհեստականորեն ուռճացված լինելու արդյունքում ցածրանում է: Այդ դեպքում, Արմեն Ռուստամյանի մատուցմամբ՝ հնարավոր է, որ որեւէ ուժի ստացած քվեն պահպանվի, բայց մասնակցության քանակի մեծացման ֆոնին տոկոսային հարաբերությամբ կուսակցությունը պարտվի: «Ի վերջո, տոկոսով է որոշվելու մանդատների բաշխումը, իսկ դա ընտրողների ուռճացված ցուցակն է, բազմակի քվեարկություններն են եւ այլն, որոնք մենք պետք է կարողանանք կանխել»,- ասաց Ռուստամյանը:

Եթե Դաշնակցության ստացած քվեները հերթական անգամ այս կամ այն կերպ կեղծվեն՝ ՀՅԴ-ն փողոց դուրս կգա՞: «Մենք այս հանդիպման ժամանակ հենց դա էինք ասում: Մենք մեր ընկերների, ընտրական տեղամասերի ներկայացուցիչների տված տեղեկություններով պետք է կողմնորոշվենք՝ ընտրակեղծիքները եղել են այնքան, որ ազդե՞լ են ընտրությունների արդյունքների վրա, թե՞ ոչ: Սրանից է կախված լինելու մեր բոլոր մյուս քայլերը: Իհարկե, եթե մենք արձանագրենք, որ ընտրակեղծիքներն այնպիսի ծավալների են եղել, որ ազդել են ընտրությունների արդյունքների վրա՝ մենք ընտրություններն անվավեր ճանաչելու հարց կբարձրացնենք եւ կսկսենք քաղաքական գործընթաց»: Իսկ դա այս անգամ էլ է արվելու այնքան երկչոտ, որքան նախորդ ընտրություններից հետո էր: «Մենք երկչոտ երբեք չենք եղել: Մենք պարզապես կեղծարարության փաստը չենք կարողացել լիարժեք արձանագրած ունենալ, որպեսզի գնանք Սահմանադրական դատարան ու չպարտվենք, կամ ունենանք համապատասխան քանակի ապացուցողական բազա եւ կեղիծքների մասին մեր հայտարարությունները չլինեն զուտ քաղաքական հայտարարություններ: Մեզ պետք են իրավական հիմքեր, ապացուցողական եւ հիմնավոր բազա, որը պիտի ձեռքբերենք հենց հանձնաժողովների մեր անդամների օգնությամբ: Եթե մեր եզրակացություններն այդ հիմքերով անենք՝ մեր քայլերը չեն ուշանա»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031