Հայաստանում ֆրանսիական մասնագիտական ավագ դպրոցի փորձառության տեղայնացման և միջին մասնագիտական կրթության ոլորտում մրցունակ մասնագետների պատրաստման նպատակով նախաձեռնվել է «Հայաստանում ֆրանսիական քոլեջի» ստեղծումը: Ծրագիրն իրականացնելու համար Հայաստանը կհամագործակցի Ֆրանսիայի Գաղեն Կոլոմբ քաղաքում գտնվող «Լա Տուղնել» մասնագիտական ավագ դպրոցի հետ:
Դպրոցի տնօրեն Ժյուստեն Ազանկպոն այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանի բակում հավաքվածներին ասաց, որ այստեղ անելու են այն, ինչ անում են իրենց քոլեջում. «Պատմեմ մի փոքրիկ պատմություն: Այն եկել է Ձեր ռեկտորից` տիկին Մորզելեկից: Արձակուրդի օրերին նա ինձ նամակ էր ուղարկել: Մենք սովորություն ունենք այդ օրերին նույնպես մտնել մեր աշխատասենյակները: Տեսա մի ֆաքս, որը գրված էր ռեկոտրի կողմից: Ֆաքսում ինձ համագործակցության առաջարկություն կար` Հայաստանում ստեղծել ֆրանսիական քոլեջ: Զանգեցի նրան ու նա հաստատեց, որ դա կատակ չէ: Դրանից հետո մենք հանդիպեցինք և որոշեցինք այն իրականացնել»:
Ըստ Ազանկպոյի` ծրագրի հաջող իրականացման համար անհրաժեշտ է երկու կողմերի փորձի փոխանակում:
Կարդացեք նաև
«Լա Տուղնել» մասնագիտական ավագ դպրոցը ունի երկու տիպի կրթություն` առևտրական և ծառայությունների: Կրթության տևողությունը երեք տարի է, որից հետո ուսանողներին տրվում է բակալավրի դիպլոմ: Բացի սրանցից կա նաև արդյունաբերական բնագավառը` երեք մասնագիտություններով: Մեկը հեռահաղորդակցման ոլորտն է, մնացած երկուսը` անավտանգության սարքերի ու տնային սարքերի ոլորտներն են:
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհդի նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարևորում է Հայաստանում ֆրանսիական քոլեջի ստեղծումը. «Հայաստանում ստեղծեցինք Ֆրանսիական համալսարանը, հետո Եվրոպական համալսարանը: Ասեմ, որ այս երկուսի բացմանը ոչ ոք չէր հավատում, եւ այսօր էլ սա ենք բացում: Այն շատ մեծ խթան կհանդիսանա մեր կրթական ոլորտի առաջխաղացմանը»:
Համագործակցությունը, երկու երկրներում անցկացվելիք ընտրությունների պատճառով ավելի կզարգանա հունիս ամսին, և ինչպես իր խոսքում նշեց պարոն Բաղդասրայանը, սեպտեմբերին մենք արդեն կունենանք առաջին ուսանողները, ովքեր կմեկնեն «Լա Տուղնել»:
Վերջում, տեղի ունեցավ ֆրանսիական «Լա Տուղնել» մասնագիտական ավագ դպրոցի եւ «Հայաստանում ֆրանսիական քոլեջի» համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ