Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտված քարոզարշավի առանձնահատկությունները

Մայիս 04,2012 11:47

Քարոզարշավի ընթացքում այնքան շատ նախընտրական բեմականացումներ են եղել երկրի ողջ տարածքում, որ կբավականացնեին մեր բոլոր թատրոնների տարեկան խաղացանկը լրացնելու համար։
Հերոսական, պաթետիկ, կոմիկական եւ այլ ժանրերով բեմադրված «ներկայացումների» միջոցով քաղաքական ուժերից յուրաքանչյուրը փորձում է դուր գալ ընտրողներին՝ գործի դնելով իր վարձած երգիչների, պարողների, ասմունքողների եւ այլ ժանրերի արվեստագետների ողջ ներուժը։
Սրանից անշուշտ շահել են արվեստի բնագավառի ներկայացուցիչները, առաջին հերթին՝ երգիչները, որոնց թերեւս հաջողվել է կուտակել իրենց տարեկան եկամուտներին հավասար գումարներ։ Զգալի գումարներ են «վաստակել» նաեւ ընտրակաշառք բաժանողները, մասամբ էլ նրանց «զոհերը», ինչպես նաեւ նախընտրական շքեղ բուկլետներ տպագրողները, մայրաքաղաքի տարբեր խաչմերուկներից մեզ նայող պատգամավորացուների ահռելի դիմանկարները պատրաստողները։ Եվ այսպես շարունակ։
Ընտրապայքարի գրեթե բոլոր մասնակիցները ժլատ չեն եղել իրենց նպատակին հասնելու ճանապարհին։
Տեղի է ունեցել զգալի գումարների վերաբաշխում, այսինքն՝ այն, ինչ նախընտրական քարոզչության լեզվով կոչվում է «սոցիալական բեւեռացման մեղմացմանն ուղղված քաղաքականություն»։ Նման միտումը պահպանելու նպատակով առաջիկայում հարկ կլինի հնարավորինս հաճախ կազմակերպել ընտրություններ՝ երկրում կուտակվող հարստությունից աղքատ խավերին էլ բաժին հանելու համար։
Բայց սա, ինչպես ասում են, քարոզարշավի ձեւն է, արտաքին պատյանը, քանզի նրա բովանդակությունն ընտրողներին սեփական ծրագրերի ու մոտեցումների ճշմարտացիության մեջ համոզելն է։ Այս առումով ավարտված քարոզարշավը «խփել է» մեկ այլ ռեկորդ, այն է՝ բովանդակային առումով փաստորեն որեւէ նոր, հիմնարար հայեցակարգ չի առաջադրվել, հիմնավորվել ու ապացուցվել։
Անշուշտ առանձին կուսակցությունների նախընտրական ծրագրերում նկատվում են կոնկրետ այս կամ այն ոլորտում գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծմանն ուղղված հետաքրքիր առաջարկություններ ու դրանց հիմնավորման առանձին փորձեր։ Սակայն ընտրարշավի մասնակիցներից եւ ոչ մեկը այդ ամենը չի «փաթեթավորել» ընդգրկուն գաղափարախոսական-հայեցակարգային մոտեցումների շրջագծում։ Մինչդեռ հենց դրանք են միմյանցից տարբերում պետական եւ կուսակցական հայեցակարգերը։
Ավելին՝ տեղի չի ունեցել նման «փաթեթները» կրողների նախընտրական որեւէ լուրջ բանավեճ, որի միջոցով կարելի էր հիմնավորել երկրի զարգացման այս կամ այն ուղու ընտրության նպատակահարմարությունը։
Նորություն գրեթե չկա նաեւ այդ ամենը կուսակցությունների տարբեր դեմքերի միջոցով մատուցելու տեխնոլոգիաներում։ Քարոզարշավի գրեթե բոլոր մասնակիցների առաջին դեմքերի իմիջը փաստորեն նույնն է մնացել, այսինքն՝ նրանք ընկալվում են այնպես, ինչպես ընկալվում էին 2007 թվականին։
Էական տարբերություններն այս առումով ընդամենը երկուսն են.
ա) Հանրապետականն այժմ ընկալվում է որպես նախագահի կուսակցություն, այսինքն՝ ունի «ստատուսային առաջընթաց»,
բ) որոշակիորեն բարելավվել է նաեւ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի իմիջը, որը, անկասկած, քաղտեխնոլոգների լուրջ աշխատանքի արդյունք է։
Մնացած կուսակցությունների ե՛ւ առաջին դեմքերն են նույնը մնացել, ե՛ւ նրանցից յուրաքանչյուրի քաղաքական իմիջը։ Օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը ինչպես 2007-ին, այնպես էլ 2012-ին ներկայացել է միեւնույն կերպարով։ Տարբերությունը միայն երգիչների փոփոխությունն է, ինչը չի կարող էական ազդեցություն ունենալ հանրային ընկալումների վրա։
Իսկ ահա ՀԱԿ-ի առաջնորդ Տեր-Պետրոսյանի իմիջը զգալիորեն խունացել է 2008-ի համեմատությամբ։
Այսպիսով՝ ավարտված քարոզարշավի բովանդակային կողմը շատ ավելի թույլ էր եւ աղքատ նախորդ բոլոր խորհրդարանական ընտրապայքարների համեմատ։ Որպես որոշակի գաղափարախոսություն ունեցող կուսակցություններ երբեմն-երբեմն առկայծում էին 1-2-ը եւ ոչ ավելին, այն էլ առկայծում էին, ոչ թե փայլատակում, ամբողջացնում սեփական կերպարի էական գծերը եւ դրանք մատուցում հանրությանը։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031