Լրահոս
Օրվա լրահոսը

Վերլուծաբանն ամփոփում է քարոզարշավը

Մայիս 04,2012 10:58

Տեղ հասանք, փառք Աստծո։ Կարելի է ասել՝ առանց շառի ու փորձանքի, եթե այն, ինչ մեզանում տեղի ունեցավ այս վերջին ամսվա ընթացքում, թեկուզ համեստորեն որակելու լինենք որպես քարոզարշավ։ Ընդունենք, որ մենք նույնիսկ Ֆրանսիայից քաղաքակիրթ գտնվեցինք ու քաղաքների (գոնե Երեւանի) շենքերի պատերը չլղոզեցինք նախընտրական պաստառներով ու թեկնածուների նկարներով։ Տարոնին իրոք հասնում է դրա համար «Տարոն ջան» ասել։

Ի՞նչ քարոզեցինք հիմնականում։ Կարծում եմ՝ ամենակարեւոր բանը, որ բոլոր քաղաքական ուժերը փոխանցեցին հանրությանը, ընտրություններին մասնակցելու կոչն էր։ Արժանին պետք է հատուցել ՀՅԴ-ին այս հարցում։ Քարոզարշավի մեկնարկից առաջ ծայր առած «Քվեն ուժ է» հասարակական նախաձեռնությամբ հասարակության հնարավորինս լայն շերտերում փորձ արվեց արմատավորել այն կարծիքը, որ քաղաքացին, այո, շատ բան կարող է փոխել իր կյանքում, եթե կարեւորի այն ընտրությունը, որ կատարում է քվեախցում՝ միայնակ, ինքն իր խղճի հետ։ Որպես այս ամենի օրգանական շարունակություն՝ կարելի է դիտել նաեւ ՀԱԿ-ի 30 վայրկյանի «տեսությունը», ԲՀԿ-ի հանդիպումներում պարբերաբար կրկնված «գնացեք եւ ընտրեք այն թիմին, ում հավատում եք» կոչը, «Ժառանգության»՝ միասին սարեր շարժելու հրավերը եւ այլն։ Այս տեսանկյունից մի փոքր ավելի համեստ է ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներդրումը, բայց նրանք էլ, ի վերջո, չարեցին այնպիսի բաներ, որոնցով հուշեին քաղաքացիներին՝ ակտիվություն չցուցաբերել։ ՀՀԿ-ի պարագայում «հավատանք, որ փոխենք»-ը, ըստ էության, մի փոքր պասիվություն է ենթադրում, բայց դա ավելի շատ բանկային գովազդի վերածվեց՝ «դուք հանգստանում եք, իսկ մենք ձեր փոխարեն աշխատում ենք» թեմայով։ Համեմատիր՝ դուք հավատում եք, իսկ մենք փոխում ենք։ Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա նա էլ շեշտում էր օրենքների երկիր կառուցելու հրամայականը։ Մյուսները՝ կոմունիստները, Դեմկուսը եւ միավորված հայերը, առանձնապես ոչնչով աչքի չընկան, եթե հաշվի չառնենք լենինյան գաղափարակիրների ներսում ծագած առտնին վեճն ու Արամ Սարգսյանի շլացուցիչ սպիտակ շարֆը։

ՀՀԿ-ն քարոզարշավի ընթացքում չդավաճանեց իր անդրդվելի էությանը։ Ոնց կար, այդպես էլ մնաց՝ չլսելու տալով իր հասցեին հնչած ամենածայրահեղ քննադատություններն անգամ։ Ճիշտ է, այդ ամենին հակադարձելու համար նա իր ցանկերում ուներ Արտաշես Գեղամյան, Հայկ Բաբուխանյան եւ էլի մի քանի մանրումիջիններ, բայց երանք ՀՀԿ-ի անունից խոսք ասելու բախտին այդպես էլ չարժանացան ու «մկան մեզն էլ ջաղացին օգուտ է» ասացվածքի չափով միայն նպաստեցին Սերժ Սարգսյանի ծավալած միանձնյա քարոզարշավին։

Քարոզարշավի շեմին ջրերը հատկապես պղտոր էին ԲՀԿ-ում եւ նրա շուրջ։ Այս կոալիցիոն կուսակցությանը ՀՀԿ-ից տարանջատելու լեւոնտերպետրոսյանական  քաղաքագիտական  վերլուծությունները,

կարելի է ասել, իրենց ազդեցությունն ունեցան եւ էլ ավելի իմաստավորեցին Գագիկ Ծառուկյանի «այդ մասին՝ հաջորդ դասին» արտահայտությունը։ ՀՀԿ-ին դեմ լինելը չասենք, բայց ՀՀԿ-ից տարբեր մտածողությունը ԲՀԿ-ում խորացավ նաեւ Վարդան Օսկանյանի ներգրավումով եւ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի շուրջ խոսակցություններով։ Ճիշտ է, «Բարգավաճ Հայաստանին» սատարող լրատվամիջոցները հասան մինչեւ այստեղ, որ բացեիբաց հայտարարում էին ՀԱԿ-ի հետ համագործակցաբար ՀՀԿ-ի իշխանությունից ազատվելու մասին, բայց Գագիկ Ծառուկյանն ու Վարդան Օսկանյանը շատ արագ «փարատեցին» այդ ոգեւորությունը՝ խոսելով ամենալայն համագործակցության, համատեղ ուժերով երկիրն առաջ տանելու մասին, որից բավականին փափկեցին նաեւ ՀՀԿ-ի փշերը, որոնք ցցվել էին նոր հուշագրի շուրջ ԲՀԿ-ի կողմից համաձայնություն չստանալու պատճառով։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031