Կարծես թե որեւէ մեկը կամ որեւէ քաղաքական ուժ չկա, որ բարձրաձայն չմտահոգվի, թե ինչպիսի՞ ընտրություններ կունենանք մայիսի 6-ին: Եվ այս առթիվ բարձր խոսքերի կամ խոստումների պակաս չի եղել: Արտահայտվել են բոլորը` ե՛ւ պոտենցիալ ընտրակեղծիքներ իրականացնողը, ե՛ւ ընտրակեղծիքների պոտենցիալ զոհերը, ե՛ւ մնացած բոլոր հայեցողները: Եվ լսողն էլ, որը սովորական ընտրողն է, շատ լավ գիտե յուրաքանչյուր հնչող այս տեսակ խոսքի արժեքը` անցյալ բոլոր ընտրություններն առավել քան խոսուն են: Հիմա որքան կուզեք ընտրությունների մասնակիցներին, վստահված անձանց, քվեարկողներին եւ քվեարկվողներին հղված ուղեցույցներ տպագրեք` լինելու է այն, ինչին հոգեբանորեն բերել-հասցրել են ընտրողին, ինչ բարոյականության ու կենցաղի որ նրան ազգի պատասխանատուներով պատրաստել են: Դրամի դիմաց ընտրողները շարունակելու են ընտրել դրամի դիմաց, չինովնիկական դասը ընտրելու է իր գործատուի ցանկություններին համահունչ, կուսակցականները, նրանց ընտանիքները ընտրելու են համակիր կուսակցությանը:
Բայց այս երկրի ճակատագիրը որոշելու են ոչ այնքան այս բոլոր շերտերը` «կողմնորոշվածները», որքան այն մարդիկ, ովքեր չնայած ամեն տեսակ գայթակղություններին, ամեն տեսակ նյութական ու այլ կարգի ճնշումներին, իրենց մեջ ուժ են գտնելու եւ երկրի իսկական քաղաքացու պատուհանից են նայելու ընտրություններին, ում կրթությունը, դաստիարակությունը, աշխարհայացքն ու երկրի ճակատագրով իրապես մտահոգվածությունը մղելու են նրան գնալու ընտրատեղամաս, շրջանցելու են զանազան լավ տղերքի հարայ-հրոցն ու «դվիժենիները», քվեաթերթիկը վերցնելու հետ մի անգամ եւս հիշելու են այս երկրում առկա լավի ու վատի պատճառներն ու դրանց հեղինակներին, նայելու են առաջ եւ փորձելու են երկրի ճակատագիրն առաջ մղել իրենց իրական, խղճի հետ հաշտ որոշման արդյունք-քվեարկությամբ: Այդ մարդի՛կ են երկրի աղը` զանազան լավ տղերքի փողին, ունեցվածքին եւ ուժի պարտադրանքին դիմակա, այդ մարդի՛կ են որոշելու, որքան էլ նրանց որոշմանը դեմ եղողները նույնպես քիչ չեն, այդ մարդի՛կ են այս երկրի իրական քաղաքացիները: Իսկ այդ մարդկանց քվեն պետք է հայցեին ու հայցեն բոլոր մեծ ու փոքր քաղաքական ուժերը: Ու, ասենք, զանազան այլ միջոցառումները` ԲՀԿ-ի ընտրատեղամասերի թվով տեսախցիկ բաժանելը, ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի` Սահմանադրական դատարան կամ ԱԱԾ դիմելը` ընտրակեղծիքների դեմն առնելու մտահոգությամբ, անհրաժեշտ միջոցառումներ լինեին ընտրակեղծիքների թիվը նվազեցնելու առումով, բայց գլխավոր հույսը բոլոր ուժերը պետք է դրած լինեին այս` բարոյական ընտրողի վրա: Ընտրությունների օրվա գլխավոր գործող անձը այդ, մեր ասած բաեխիղճ, բարեկիրթ, հայրենասեր, չծախվող, երկրի ապագայի մասին իրապես եւ ոչ թե ըստ պատեհության ճառ ասող ընտրողն է, որին պարտական ենք լինելու ե՛ւ հետընտրական ցնցումները բացառելու, ե՛ւ երկրի հետո գնալիք ճանապարհը ընտրելու, ե՛ւ լավ խորհրդարան ու կառավարություն ունենալու առումով: Այդ համեստ, աննկատ ու միջին վիճակագրական հայն ու իսկական ընտրողը կարող է մեր կյանքը տանելի դարձնել իր ընտրությամբ ու մի լավ դաս տալ մեր քաղաքական ուժերին: Այդ ընտրողն իր ճիշտ ընտրությամբ պետք է իր տեղը ցույց տա մեր բոլոր քաղաքական ուժերին: Նա՛ պատասխանատու է հետընտրական զարգացումների համար, քանի որ համարյա բոլոր ուժերն են հայտարարում, որ եթե ընտրությունները կեղծվեն, ու ընտրությունների արդյունքները չբավարարեն (այս կամ այն քաղաքական ուժին), ապա նրանք դուրս են գալու փողոց, տեր են լինելու իրենց քվեին, կամ բողոքի ալիքն անխուսափելի է:
Այնպես որ բոլորիս հայացքը պետք է ուղղված լինի ա՛յդ, իսկական ընտրողին, նրանից հայցենք մեր հետագա ընթացքը եւ ոչ թե տարբեր շահերի կրող «պսեւդոընտրողից»: Ու նայած ո՞ր ընտրողը կգերակշռի` իրակա՞ն, թե՞ «պսեւդոընտրողը», մեր հետագա կյան
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ազգ»