Շատերը թեթեւացած շունչ քաշեցին, երբ պարզվեց, որ ՀՀ երկրորդ նախագահը չի պատրաստվում հրաժարվել իր՝ պասիվ դիտորդի կարգավիճակից։ Իհարկե, դուռն էլ չի փակում՝ իր վերադարձի համար տեղ թողնելով եւ կրկին ակնարկելով, որ սպասում է մասսաների ծնկաչոք աղերսներին։ Բայց երեկվա հարցազրույցն այլ՝ ավելի կարեւոր հետեւությունների տեղիք էլ տվեց։ Նախ, ինչքան էլ հարցազրույց տվողը ձգտել էր թաքցնել, բայց նեղացածությունը գործող նախագահից եւ ընդհանրապես հասարակությունից՝ նկատելի էր։ Իմ փորձն ու գիտելիքները պահանջված չեն, բողոքում է Ռոբերտ Քոչարյանը։ Ես ՀՀ վարչապետի հետ վերջին անգամ հանդիպել եմ 2008-ի նոյեմբերին։ Միաժամանակ խայթոցներ գործողի հասցեին. նախընտրական քարոզարշավին մասնակցելը նախագահի գործը չէ՝ ոչ նախկին, ոչ էլ գործող։ Արտագաղթի եւ տնտեսական անկման թեմային անդրադառնալն էլ առանձնապես բարյացակամության եվ գործընկերության դիրքորոշում չէր նշանակում։ Իսկ շախմատի վերաբերյալ դիտարկումն ընդհանրապես Սերժ Սարգսյանի «արտն» ուղարկված քար էր՝ տգեղ ու անվայել։ Սակայն եթե իր իրավահաջորդի հասցեին ուղղված թունոտ ակնարկները կարելի է հասկանալ՝ դե ով է իրենից հետո եկողին սիրում, ապա Վարդան Օսկանյանի հասցեին ասվածն արդեն ոչ մի շրջանակի մեջ չի տեղավորվում։ Պարզվում է՝ վերջինս ոչ մի ինքնուրույն քայլ չի արել եւ սպասում է, թե Քոչարյանն իր ճակատագիրն ինչպես կտնօրինի։
«Հրապարակ»