Նախընտրական ավանդական դարձած կարգախոսների և բացականչությունների ֆոնին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը կարող էր որոշակի փոփոխություն մտցնել Հայաստանի քաղաքական կյանքում: Սակայն տևական լռությունից և ինտրիգային սպասում առաջացնելուց հետո երկրորդ նախագահի հարցազրույցը մի տեսակ «սովորական» ստացվեց, և տպավորությունն այնպիսին է, որ Քոչարյանը խոսեց այն պատճառով, որ լռելու համբերությունը մինչև վերջ չբավականացրեց:
Ըստ երևույթին գլխավոր մեսիջը, որ նա փորձում էր փոխանցել իր հարցազրույցով, այն էր, որ ինքը շարունակում է հետևել քաղաքական զարգացումներին, բայց ոչ թե դրանց մասնակիցներից մեկի, այլ առավել բարձր կանգնած «արբիտրի» կարգավիճակում: Ըստ երևույթին Ռոբերտ Քոչարյանը դրանով փորձում էր ցույց տալ, որ իր վերադարձի, այսպես ասած, տերը բացառապես ինքն է, և ինքը կորոշի, թե երբ է վերադառնալու ժամանակը: Իսկ առայժմ միայն քննադատելու ժամանակն է, և Քոչարյանը քննադատեց Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը, որը հասցրել է արտագաղթի աճի:
Քոչարյանի հարցազրույցը վարագույրի ետևում թողեց այս օրերին հնչող գլխավոր հարցերից մեկի՝ ԲՀԿ հետ նրա կապի մասին հարցի պատասխանը: Նա, իհարկե, հայտարարեց, որ կապ չկա կամ կա այնքանով, որքանով ԲՀԿ-ի հետ, այնուհանդերձ, մի ուշագրավ հանգամանք լավագույնս խոսում է այդ կապի գոյության մասին: Բանն այն է, որ Քոչարյանն իր հարցազրույցում ոչ մի կերպ չանդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայ ազգային կոնգրեսի գործոնին՝ այդպիսով ըստ էության խաղալով այն կանոնով, որով միմյանց հետ ներկայումս խաղում են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և Կոնգրեսը: Այլ կերպ ասած՝ Քոչարյանը դրանով ի ցույց դրեց առնվազն, որ կամ ինքն էլ այդ խաղի մասնակից է և պահպանում է կանոնը, կամ հենց ինքն է այդ կանոնը մշակել: Եվ այս իմաստով Քոչարյանի հարցազրույցը անուղղակիորեն լավագույնս վկայեց, թե ինչ կապ ունի Քոչարյանը «Բարգավաճ Հայաստան»-ի հետ, որքան էլ որ նա հերքեց այդ կապի գոյությունն ուղղակիորեն: Ի վերջո Ռոբերտ Քոչարյանը սկսնակ, պատանի գործիչ լինելու դեպքում միայն բացահայտ կխոստովաներ ԲՀԿ-ի հետ իր կապը: Սակայն այս իմաստով էլ երկրորդ նախագահը որևէ սենսացիոն կամ անսպասելի նորություն չմատուցեց իր ելույթով, և ըստ էության մնում է եզրահանգումը, որ Ռոբերտ Քոչարյանն ավելի շատ խոսեց խոսելու համար, որովհետև դատելով նրա հարցազրույցի բովանդակությունից՝ ըստ էության շատ ավելի խորիմաստ և ուժեղ կարող էր լինել լռությունը:
Մյուս կողմից, սակայն, նախընտրական արշավի ավարտին Հայաստանի քաղաքական սուբյեկտների գործողություններն ու դաշտն ամբողջությամբ այն աստիճան են թափանցիկ և պարզ դարձել, այն աստիճան են գաղտնազերծվել ամբողջ խորությամբ, որ այլևս մեծ հաշվով որևէ նշանակություն չունի, թե ով է լռում կամ ով խոսում, և մնացել է արդեն հետևել, թե ով ինչ է անելու մայիսի 6-ից հետո:
«Ժամանակ»