Թվով վեց քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, Դեմկուսի, Կոմկուսի եւ ՕԵԿ-ի, ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են տարածել, որում ասված է, թե որոշել են միասնական կամք դրսեւորել ու միավորելով իրենց հնարավորությունները համատեղ ջանքերով ՀՀ հնարավորինս մեծաքանակ ընտրական տեղամասերում իրականացնել քվեարկության գործընթացի եւ արդյունքների ամփոփման տեսանկարահանում` չխախտելով քվեարկության գաղտնիությունը: Ըստ այդմ, յուրաքանչյուր մասնակից կուսակցության վստահված անձի կատարած տեսանկարահանումը ըստ պահանջի կտրամադրվի մյուս մասնակից կուսակցությանը: Ասվում է նաեւ, թե սույն հայտարարությանը կարող են միանալ ԱԺ ընտրություններին համամասնական կարգով մասնակցող մյուս կուսակցությունները:
Ի պատասխան Aravot.am-ի հարցին՝ «Ժառանգությունը» կմիանա՞ արդյոք այս մի նախաձեռնությանը, կուսակցության նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, թե իրենք անպայման կքննարկեն դա եւ ապրիլի 4-ին կհրապարակեն դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումը:
Ավելի վաղ, նույն հարցի շուրջ Aravot.am-ը զրուցել էր նաեւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ, որն իր անձնական կարծիքն էր հայտնել այս նախաձեռնության առնչությամբ. «Անձամբ ես գտնում եմ, որ քվեարկության ընթացքի, բայց ոչ քվեարկության գաղտնիությունը խախտելով, նկարահանումը կարող է ընտրախախտումների համատեքստում լուրջ կանխարգելիչ նշանակություն ունենալ, եւ նրանց, ովքեր գայթակղություն կունենան օրինախախտումներ անելու՝ զերծ պահել նման քայլերից ու չարաշահումներ անելուց»:
Իսկ արդյոք «Ժառանգությունը» չի՞ կաշկանդվի իր դիրքորոշումը հայտնելուց եւ այդ նախաձեռնությանը միանալուց՝ նկատի ունենալով, որ առայժմ հրաժարվել է որեւէ ձեւաչափով գործող նախաձեռնություններին մաս կազմել: Ստեփան Սաֆարյանը մեր հարցին ի պատասխան կարծիք հայտնեց, թե՝ «Ժառանգությունը» համագործակցել ու համագործակցելու է բոլոր այն մարդկանց հետ, ովքեր իսկապես պայքարելու են արդար ընտրությունների համար, «եւ դա անելու է նաեւ տեղերում՝ անխտիր, առանց տարբերակելու, թե հանձնաժողովի անդամները որ քաղաքական ուժի ներկայացուցիչներ են: Մենք հարցն առանց անձնավորելու տեղերում էլ համագործակցելու ենք, որովհետեւ մեզ համար կարեւոր է Հայաստանի ժողովրդավարացման հաղթանակը, եւ այդ ուղղությամբ թե՛ տեղերում հանձնաժողովի անդամների, վստահված անձան հետ , թե՛ այլ ձեւաչափով համագործակցությունը բխում է նաեւ «Ժառանգության» շահերից»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ