Երեք ամսվա մեջ լույս է տեսել դիվանագետ, քաղաքական մեկնաբան Արման Նավասարդյանի «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն» մատենաշարը, որում երկու գիրք է: Առաջինը կոչվում է «Հերմեսից մինչև մեր օրերը»: Այստեղ խոսքը գնում է դիվանագիտության ծագման, դիվանանգիտության` որպես արվեստի տեսակի, որպես գիտության մասին` սկսած հինգերորդ դարի Հունաստանից մինչև այն բոլոր ուղղությունները, որտեղ դիվանագիտությունը հանդես էր գալիս այդ ժամանակ: «Դիվանագիտությունն ու մարդկությունը երկվորյակ եղբայրներ են: Դիվանագիտության պատմությունը սկսվել է այն պահից, երբ մի ցեղապետ որոշել է լսել իր մոտ եկած բանբերին՝ նախքան նրան ուտելու ազդանշան տալը»,- Aravot.am-ին ասում է պարոն Նավասարդյանը:
Գրքում կարելի է տեսնել նաև հետաքրքիր պատմական փաստեր, որոնք վկայակոչում է գրողը: Կան նաև խորհուրդներ` հատկապես սկսնակ դիվանագետներին, որոնցից մեկն էլ չվրիպելու կոչն է. «Վրիպելը հակացուցված է դիվանագետին, ասել կուզի՝ նրա ներկայացրած երկրին: Դիվանագետի սխալը սակրավորի սխալ է: Երկուսն էլ սխալվում են միայն մեկ անգամ»:
Մեզ հետ զրույցում նա նշեց նաև, որ երկրորդ գիրքը որոշ չափով առաջինի շարունակությունն է: Գրքերում զետեղված են նաև դեպքեր հենց իր դիվանագիտական կյանքից: Նա մեզ հետ զրույցում հիշեց, որ շատերն են խառնում, օրինակ, Armenian ambassador-ը, Albanian-ի հետ»:
Խոսելով ապագա անելիքների մասին` Արման Նավասարդյանն ասաց, որ նպատակ ունի լույս ընծայել մատենաշարերի 3-րդ ու 4-րդ հատորները: Սրանք արդեն ուրիշ ձև են լինելու և տարբերվելու են նախորդներից շատ բաներով: Իսկ թե ինչով` գրքի հեղինակը չցանկացավ բարձրաձայնել:
Կարդացեք նաև
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ