Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Մենք ցանել ենք, դուք հնձելու եք»

Մայիս 03,2012 23:10

Հայ Յեղափոխական Դաշնակցության 2012 թ. ԱԺ ընտրությունների կենտրոնական նախընտրական շտաբն այսօր «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում հանդիպում էր կազմակերպել կուսակցության նախընտրական շտաբների անդամների, ընտրական հանձնաժողովներում ՀՅԴ ներկայացուցիչների եւ վստահված անձանց հետ:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ասաց, թե քարոզարշավի ավարտին ու  քվեարկության նախաշեմին հավաքվել են այն թիմով, որը պետք է արձանագրի վերջնական արդյունքներն այն աշխատանքի, որ մինչ այս կատարել է Դաշնակցությունը: Ռուստամյանը դա շատ կարեւոր գործ համարեց՝ ասելով, թե այն մարդիկ, ովքեր դահլիճում են, մեծ մասամբ նախկինում ընտրություններին մասնակցության փորձառություն ունեն, «շատ լավ տիրապետում են բոլոր հնարավոր ընտրակեղծիքների դեմն առնելու տարբերակներին, ու ամեն ինչ տեսած մի թիմ է հավաքվել», բայց խոսելու են ոչ թե փորձի փոխանակման մասին, այլ «այն կարեւոր գործընթացի, որը ՀՅԴ-ն սկսել է, եւ որն անիմաստ կլինի, եթե մենք  հանձնաժողովներում չկարողանանք կատարել մեր ընտրողի եւ ընդհանրապես իրենց  կամքով եւ համոզմունքով ընտրություն կատարող յուրաքանչյուրի քվեն պահպանելու անհրաժեշտ աշխատանքը»:

Ռուստամյանն ասաց, թե այս խնդիրը լուծելու ճանապարհին ՀՅԴ-ն փորձել է համաձայնության եւ համատեղ գործունեության լայն դաշտ ապահովել՝ նկատի ունենալով քաղաքական դաշտում ազատ ու արդար ընտրությունների ապահովման նպատակ հետապնդող ամենատարբեր ձեւաչափերին ՀՅԴ-ի մասնակցության փաստը: «Եղել են դեպքեր, երբ մենք մեկը` ութի կամ մեկը` տասի դեմ ենք պայքարել: Նախորդ ընտրությունները դրա դառը փորձը տվել են»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը՝ մատնանշելով նաեւ ՀՅԴ-ի նախաձեռնած «Քվեն ուժ է» շարժումը, որի նպատակն էր ընտրողին հասցնել իշխանության ձեւավորման ճանապարհին իր քվեի կարեւորության եւ դրա մեծ ուժ ունենալու գաղափարը: Նա նկատեց, որ եթե ընտրողը չգիտակցի դա եւ տրվի ընտրակաշառներին կամ ճնշումներին, մի կողմ քաշված մնա ընտրական գործընթացներից, հուսալքվի, հնարավոր կդարձնի  առկա վիճակի պահպանումը, որից նա դժգոհում է,  եւ ընտրություններն էլ չեն տա այն արդյունքը, որը նա ակնկալում է, ու գործող իշխանություններն էլի կվերարտադրվեն եւ կմնա էլի ժողովրդի դժգոհությունը: Ռուստամյանն ասաց, թե ՀՅԴ-ն իր քարոզարշավի ժամանակ փորձել է այդ գիտակցումը ընկալելի դարձնել ընտրողներին:

Ռուստամյանը ՀՅԴ-ական հանձնաժողովականների եւ վստահված անձանց խնդիրը համարեց ընտրակեղծարարի ձեռքը բռնելը, ընտրակեղծիքը կանխելը նաեւ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ, թեեւ հավաքվածներին նաեւ կոչ արեց զգոն եւ ուշադիր լինել նաեւ գործընկեր կուսակցությունների հանձնաժողովականների եւ վստահված անձանց նկատմամբ, եւ նրանց կողմից որեւէ կասկածելի կամ կատարված քայլի մասին անմիջապես տեղյակ պահել նախընտրական շտաբին, որպեսզի ՀՅԴ-ն էլ նույնը փոխանցի նաեւ գործընկեր ուժերին՝ ուշադրությունը կոնկրետ փաստերի վրա սեւեռելու համար: Ռուստամյանը չբացառեց նաեւ, թե ՀՅԴ-ական հանձնաժողովականների կամ վստահված անձանց շարքերում էլ կարող են նման մարդիկ լինել ու կոչ արեց այդ իմաստով էլ ավելի ուշադիր լինել, հետեւել նաեւ, թե արդյոք ընտրողն իր եւ ոչ թե ուրիշի փոխարեն է քվեարկում:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը ներկաներին հիշեցրեց, որ նրանցից ակնկալում է օրինախախտումների, ընտրակեղծիքների մասին հիմնավոր տեղեկություններ եւ փաստեր, որոնք հետո հնարավորություն են տալու ՀՅԴ-ին որոշելու իր անելիքները, որոնք կարող են իրավական հիմքերն  լինել  իրավական հարթությունում կարեւոր վճիռներ կայացնելու համար: «Դուք եք այն թիմը, որ տեղում աշխատելու, եւ, ըստ էության, կազմակերպելու է ընտրությունները: Մեր հույսը դուք եք, ձեր աշխատանքն ու նվիրվածությունն է: Հիմա,  պատասխանատու այս ընտրական շրջանում ակնկալում ենք, որ կուենանք ավելի բարձր մակարդակի վերահսկողություն»,- հույս հայտնեց Ռուստամյանը՝ հիշեցնելով, որ բազմաթիվ ընտրական տեղամասերում ՀՅԴ-ն հանձնաժողովների նախագահներ ու քարտուղարներ է ունենալու, ուստիեւ՝ «հնարավորություն  ունենք անթերի ու լիազրժեք կազմակերպելու ընտրությունները»:

«Մենք իսկապես հնարավորություն ունենք մեր անմիջական մասնակցությամբ այլ քաղաքական ուժերի հետ ավելի լիարժեք վերահսկողություն իրականացնել: Այն ինչ մենք ցանել ենք, դուք պետք է հնձեք, որ կարողանանք պատկերացնել մինչ այս պահը մեր  կատարած աշխատանքի արդյունքը»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031