Շարլ Ազնավուրի հրապարակում «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական շտաբի նախաձեռնած հանրահավաքում «Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ մասնավորապես կուսակցության դեմ տարվող հակաքարոզչությանը: «Ժառանգության նկատմամբ ընդհանուր հարձակում կա թե ընդդիմության եւ թե իշխանությունների կողմից, ու պատճառն այն է, որ «Ժառանգությունը» չենթարկվեց այն ընդհանուր սցենարին, որը ձեւավորվել էր իշխանության կողմից։ «Ժառանգությունը» մասը չդարձավ այն մարմնին, որն ուներ մեկ նպատակ՝ պաշտպանության տակ վերցնել կոալիցիոն ուժերից մեկի անօրինական գործողությունները, եւ դա չներվեց «Ժառանգությանը»:
Հակոբյանն ասաց, թե չի ուզում ընտրություններից առաջ դավադրությունների մասին խոսել, բայցեւ նկատեց. «Մեր կարգախոսը տարբերվում է բոլորի կարգախոսից։ Իշխանափոխություն ասելով մենք հասկանում ենք՝ որպեսզի պետության մեջ բարեփոխումներ լինեն` պետք է ժողովուրդը միասնաբար պայքարի, որ իշխանությունից հեռացնի ամբողջ կոալիցիային՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին (հավաքվածներն այս թվակմանն իրենց հավանությունը ծափողջույններով հայտնեցին-խմբ.): Եթե որեւէ քաղաքական ուժ 3-4 տարի շարունակ իշխանափոխություն ասելով այսօր ասում է, թե իշխանափոխությունը նշանակում է պահպանել կոալիցիան, ուղղակի կոալիցիայի առաջատարներին մեկը մյուսով փոխարինել՝ հասկացեք, որ դա ընդամենը դավադրություն է ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ժողովրդի նկատմամբ»:
Հակոբյանն ասաց, թե «Ժառանգությունը» գալիս է իր պատգամավորների՝ Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ստեփան Սաֆարյանի ու Անահիտ Բախշյանի նման մարդկանց քանակն ավելացնելու եւ ԱԺ-ին նոր որակ հաղորդելու համար»: Նա վստահեցրեց, թե բոլոր նրանք, ովքեր անձնապես շահագրգիռ են ԱԺ բերել կոճակ սեղմողների՝ կապ չունեն պետության հետ եւ ամեն ինչ անում են իրենց խմբակային շահն ապահովելու համար: Որպես օրինակ նա բերեց մասնավորապես Արարատի մարզում կոալիցիոն ուժերի կողմից իր ձեւակերպմամբ՝ մեջ-մեջքի տված, տնտետուն ընկած մարդկանց փող բաժանելու փաստը, եւ հայտարարեց, թե «Ժառանգությունը» ընտրողի ձայնն անտեր չի թողնելու, գալիս է նաեւ քաղաքական դաշտին բարոյականություն բերելու համար:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Կարդացեք նաև