«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր, Շարլ Ազնավուրի հրապարակում Կենտրոն համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե նրանց բոլորին շատ է սիրում, բայց ոչ թե այն բանի համար, որ նրանք եկել են «Ժառանգության» հանրահավաքին՝ կրկնվող ելույթներ լսելու համար, այլ այն աջակցության ու վստահության համար, որ ցուցաբերում են այս կուսակցությանը: Նա ասաց, թե այդ աջակցությունն ու վստահությունը, որի օրինակը նա կոնկրետ եւ իրական պատմությամբ համեմեց, շատ պարտավորեցնող է «Ժառանգության» համար: «Ձեր վստահությունն ու աջակցությունը մեզ ուժ է տալիս: Անձամբ ես ինձ Տորք Անգեղից ավելի ուժեղ եմ զգում, իմ քաղաքական ուժը՝ առավել եւս: Ամենակարեւորն այն է, որ մեր քաղաքացին էլ է սկսել հավատալ, որ իր քվեն ուժ է, որ իր ձայնը բերելու է այն փոփոխությունը, որն ակնկալում է: Ոչ միայն ակնկալում է, այլեւ ամեն ինչ անում է, որ այդ քվեն փոխի վիճակն ու մեր պետության մեջ բերի այն փոփոխությունը, որին նա եւ մենք բոլորս գնում ենք»: Բախշյանն ասաց, թե «Ժառանգությունը» պատասխանատու ուժ է, որի յուրաքանչյուր խոսքն անպայմանորեն գործ է դառնալու «եւ այնպիսի գործ, որի արդյունքում ՀՀ հաջորդ նախագահ է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանը»:
Արձագանքելով իր կուսակցի այս հայտարարությանը` Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց. «Հաստատ, ՀՀ հաջորդ նախագահը այսօր այստեղ ներկա է, եւ մենք միասին պետք է որոշենք, թե ով է լինելու, եւ հավաքական ուժով այս ընտրություններից հետո Հայաստանին բերելու ենք նոր հանգրվանի եւ նոր նախագահության»:
Ելույթ ունեցով նաեւ «Ժառանգության» համամասնակն ցուցակում ընդգրկված անկուսակցական, բայց ընդդիմադիր գործիչ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, ով ասաց, թե ՀՀ քաղաքացիների երազած Հայաստանը ոչ ոք նրանց սկուտեղի վրա չի մատուցելու, քանի դեռ երկրի իշխանությունը զավթված է Սերժիկ Սարգսյանի կողմից, ու ամենօրյա պայքարի կոչ արեց հավաքվածներին: Խոսելով «Ժառանգության» մասին՝ Ռուբինյանն ասաց, թե իրենք` այդ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվածները, ԱԺ-ում երկու նպատակ են հետապնդելու՝ երկու առաքելություն ունեն. իրենց սկզբունքայնությամբ ճակատ ձեւավորել օլիգարխիկ համակարգի դեմ պայքարելու համար, եւ կանգնել շարքային քաղաքացու կողքին ու պայքարել նրա իրավունքների ոտնահարումը կանխելու համար, իսկ դա «Ժառանգությունն» արդեն ապացուցել է, որ կարող է անել ու անելու է:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ