Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունն» իր կոալիցիոն գործընկերոջը ոչ դավաճանել է, ոչ՝ փոխել

Մայիս 03,2012 21:52

«Ժառանգության» նախընտրական շտաբի նախաձեռնությամբ Շարլ Ազնավուրի հրապարակում Կենտրոն համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգության» համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասաց, թե քարոզարշավի շրջանակներում շրջելով Հայաստանի մարզերում, իրենց հանդիպումների արդյունքում եւս մեկ անգամ համոզվեցին, որ  Հայաստանին իշխանափոխությունն անհրաժեշտ է օր առաջ իրականացնել, ու «Ժառանգությունն» էլ գալիս է փոխելու իշխանություններին եւ ոչ Հայրենիքը:

«Մենք գալիս ենք, որ ՀՀ քաղաքացին այլեւս ընկճված չապրի, որ անաշխատանք չլինի, ունենա արժանապատիվ աշխատանք, որով կարողանա կերակրել իր ընտանիքն ու բարեկեցություն ապահովի: Ողորմության փոխարեն մենք  նախընտրում ենք աշխատանքը: Մենք գալիս ենք, որպեսզի կառուցենք այն Հայաստանը, որն ուզում էինք տեսնել 88-ից ի վեր: Մենք՝ ձեզ հետ միասին,  կերտելու ենք այն երկիրը, որը պետություն է լինելու եւ ոչ թե ուղղակի երկիր: Մենք գալիս ենք կառուցելու համար այնպիսի երկիր, որն անկախ դատական համակարգ է ունենալու, որտեղ օրենքի իշխանություն է լինելու, ու ձեզ հետ միասին հասնելու ենք հաղթանակի»,- հայտարարեց Քոքոբելյանը:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հայտարարեց, թե «Ժառանգության» թիմը միասնական է, ամբողջական մի թիմ է, որտեղ արդեն գործող պատգանավորների կողքին տեղ ունեն նաեւ քաղաքականության ճանապարհը նոր բռնած մարդիկ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները. «Մեզ մոտ չկան «ժառանգականներ», «ազատ դեմոկրատներ»: Մեր թիմում կան ՀՀ ազատ քաղաքացիներ, մարդիկ, ովքեր հավատում են մեր ազատությանն ու անկախությանը, հավատում են, որ բոլորը՝ երկրի նախագահից սկսած ենթակա են օրենքին»:
Հանրահավաքում ելույթ ունեցան նաեւ «Ժառանգության» համամասնական ցուցակը համալրած հասարակական սեկտորի ներկայացուցիչները՝ ի դեմս նաեւ Արման Մուշեղյանի, ով հայտարարեց, թե  գալու է խորհրդարան` ապահովելու համար ՀՀ բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ հաշմանդամների, հավասար  իրավունքները, եւ, ինչպես «Ժառանգության» իր թիմակիցները, ինքն էլ է գալիս իր խոստումը կատարելու եւ երկրում դրական փոփոխություններ իրականացնելու համար: Նա անդրադարձավ այս օրերին հատկապես լրագրողների կողմից շատ տրվող հարցին՝ արդյոք ԱԺ մտնելուց հետո «Ժառանգությունը» որեւէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կկազմի՞: «Ժառանգությունը» ԱԺ է գնում ժողովրդին ծառայելու համար, եւ անցած 5 տարիներին նա իսկապես ծառայել է ժողովրդին: «Ժառանգության» միակ կոալիցիոն գործընկերը ժողովուրդն է, եւ նա իր կոալիցիոն գործընկերոջը երբեւէ ոչ դավաճանել է, ոչ էլ՝ փոխել»,-ասաց Արման Մուշեղյանը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031