Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Սա Երեւանն է, սա ըմբոստ քաղաք է, որը մշտապես քվեարկել է ընդդիմությանը»

Մայիս 03,2012 21:24

«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական նախընտրական շտաբը Շարլ Ազնավուրի անվան հրապարակում ընտրողների հետ  հանդիպում էր նախաձեռնել, որն ավարտվելու էր Հարություն Փամբուխչյանի՝ «Ձախ Հարութի» համերգային ծրագրով:
Մինչ սիրված երգիչը բեմ կբարձրանար` ելույթ ունեցան «Ժառանգության» համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածուները:
Մասնավորապես ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ասաց, թե իմանալով հանդերձ, որ ելույթ է ունենալու «Ձախ Հարութը», իր համար դժվար եւ անսովոր է սկսնակ երաժիշտի նման  լինել երգչի ելույթից առաջ հավաքվածներին «տաքացնողի» դերում, ուստի նախապես հայտարարեց, թե իր ելույթը կարճ է լինելու: Նա չխոսեց «Ժառանգության» քարոզարշավի ու  դրա տպավորությունների մասին, բայց ասաց, թե սա Երեւանն է՝ մեր մայրաքաղաքը, այստեղ է  ծնվում ընդդիմադիր միտքը, ու հարկ համարեց երեւանցիների հետ կիսել իր տպավորությունը, այն է. «Հայաստանն այսօր ֆեոդալիզացիայի ժամանակաշրջան է ապրում, ինչ-որ մարդիկ ֆեոդալական բարքեր են փորձում ներմուծել մեր կյանք, ամեն մի տեղական իշխանություն իրեն ֆեոդալ է զգում եւ ինքն է որոշում, թե ով կարող է գալ իր ֆեոդալության տարածք եւ դիմել ժողովրդին»:
«Սա արտառոց բան է»,- ասաց Արզումանյանը՝ որպես ասվածի օրինակ բերելով մի քանի ժամ առաջ Մատենդարանին հարող տարածքում ԲՀԿ-ի, ըստ էության, տապալված հանրահավաքը: «Տեսաք, մի քանի հարյուր հազար մարդ, որ  88-ից հետո չէինք տեսել: Ավտոբուսներով Հայաստանի բոլոր ծայրերից բերել էին ֆեոդալներին սպասարկելու եւ մեզ պատգամ ուղարկելու համար: Բայց նույնիսկ բնությունն ընդվզեց դրա դեմ (խոսքը հորդառատ անձրեւի մասին էր- խմբ.), եւ թույլ չտվեց, որ այդ զավեշտը շարունակվի: Դա ընդամենը 15 րոպե տեւեց: Հայաստանում ամեն ինչ կարելի է: Կարելի է 20 տարի փող գողանալ,  հարկ չմուծել, հետո այդ գողացած փողերով շրջաններից մարդկանց աբտոբուսներով  բերել եւ մեզ ցույց տալ, թե, իբր, աջակցություն ունեն։  Գողը չի կարող աջակցություն ունենալ: Ժողովուրդը շատ լավ գիտի ամեն մեկի արժեքն էլ»:
Արզումանյան ասաց, թե երեւանցիները բոլորն էլ 1990-ական թվականներից մշտապես ընդդիմադիր ուժերի օգտին են քվեարկել, «որովհետեւ սա Երեւանն է, սա ըմբոստ քաղաք է, սա ընդդիմադիր քաղաք է, եւ թույլ չի  տալու, որ ի ձայնն առնեն մուրաբայով, մեղր ու բլիթով: Ոչ, եղբայր: Մեր քաղաքում դա չի անցնի: Դրա համար ես վստահ եմ, որ  դուք ձեր ձայնը տալու եք «Ժառանգությանը» ոչ միայն այն բանի համար, որ  տեսել եք, թե վերջին 5 տարիների ընթացքում ինչպես է այս կուսակցության փոքրաթիվ խմբակցությունն ԱԺ-ում ամեն մեկի իրավունքի եւ արժանապատվության համար պայքարել, փողոցներից տուն չի գնացել. ԱԺ-ից փողոց, փողոցից՝ բանտ, որտեղ եղել են մեր եղբայրները, եւ այս 5 տարվա ընթացքում ապացուցել է, որ մենք տեր ենք ձեր իրավունքներին: Հիմա եկել ենք նոր պատգամով, նոր եւ ընդլայնված թիմով՝ «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների» եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչներով միասին, եւ ասում ենք՝ ձեր այս բոլոր ընդդիմադիր ձայներով ըմբոստ ոգին գործուղեք խորհրդարան, եւ մենք խոստանում ենք՝ ինչպես 5 տարի շարունակ «Ժառանգությունն» է արել, մենք այդ ըմբոստ ոգին պահելու ենք այնքան ժամանակ մինչեւ իշխանությունը գա եւ հաշվետու դառնա յուրաքանչյուր քաղաքացու առջեւ: Մենք չենք գալու խաբելու: Կարծում եմ, որ մենք՝ երեւանցիներս, չենք գնալու նրանց ետեւից, ում գինը 5 հազար է, ու ինչ-որ 5 հազար դրամի համար մեր ձայնը չենք տալու նրանց»: Նախկին ԱԳ նախարարն իր ելույթն ավարտեց նրանով, որ ասաց, թե սիրում է բոլոր հավաքվածներին ու առանձին-առանձին նրանց ձայնը հայցում է մայիսի 6-ին կայանալիք ընտրություններում. «Մայիսի 6-ին միասին տեր դառնանք մեր երկրին, մայիսի 6-ին մենք գալու ենք նոր Հայաստան ստեղծելու համար»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031