«Սիրելի ժողովուրդ, ամենակարևորը` գնացեք ընտրության և ոչ մեկի մի լսեք` միայն ձեր որոշումն է կարևորը ու առաջնայինը: Ինչ թելադրում է ձեր սիրտը, այդպես էլ ընտրեք»,- հորդառատ անձրևի տակ` ընտրողներին իր կոչն ուղղեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը`Մատենադարանի բեմահարթակից ու դրանով ավարտեց իր ելույթը: «Անձրև է գալիս, չեմ ուզում, որ թրջվեք: Աստված ձեզ պահապան, շնորհակալություն»,- ասաց նա` հրաժարվելով անձրևանոցից: Անձրեւի տակ էին կանգնած նաեւ ԲՀԿ-ի ողջ թիմը` համամասնական ցուցակի անդամները, ԲՀԿ-ական մարզպետները, մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները:
Կարճ ելույթներ ունեցան նաեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը:
Վ.Օսկանյանի կարճ խոսքն էլ քննադատական էր: Նա մասնավորաբար ասաց, որ եթե կան մարդիկ, ում համար հանդուրժելի է ներկայիս իրավիճակը, որը ստեղծվել է իշխող կուսակցության շնորհիվ, ապա թող դարձյալ ընտրեն այն: Թեև վստահություն հայտնեց, որ մայիսի 6-ին ժողովուրդը քվեարկելու է փոփոխությունների օգտին ու այն ուժի օգտին, որը միշտ եղել է ժողովրդի կողքին:
«Ես համոզված եմ, որ վստահելով ձեր քվեն կտաք այն ուժին, որի կարգախոսներից մեկն է` «Մարդու կողքին, մարդու համար» և որի բարձրագույն արժեքը մարդն է: Եվ ես ավելի քան համոզված եմ, որ մայիսի 7-ին, քվեարկությունից հետո, հերթական անգամ չենք խոսելու հայի հետին մտքի մասին, քանի որ մեր բոլորիս թիկունքին կանգնած է մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»,- իր խոսքում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հանրահավաքում պետք է երգեր նաեւ Ռուբեն Հախվերդյանը, սակայն անձրեւի պատճառով դա էլ տեղի չունեցավ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև