ԱԺ ընտրությունների նախընտրական փուլում Լոռու մարզում գրանցվել է ընտրախախտման երեք դեպք, որոնց վերաբերյալ կատարվում է նախաքննություն:
Այս մասին այսօր «Լոռի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը:
Նա նշեց, որ նախընտրական շրջանում ստեղծվել է շտաբ, գործում է թեժ գիծ, որի աշխատանքները անձամբ ինքն է ղեկավարում.«Ամեն մի իրավախախտման, հանցագործության դեպքի վերաբերյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում` հանցագործությունը կանխելու կամ բացահայտելու ուղղությամբ»:
Կարդացեք նաև
Նա կոչ արեց բնակիչներին ընտրախախտումների, ընտրակաշառքի բաժանման դեպքերում ահազանգել: «Անձամբ ես պատասխանում եմ ամեն մի ահազանգին մարզի տարածքում, եւ խնդրում եմ բոլորին, ազգաբնակչությանը, ովքեր շահագրգռված են, որպեսզի մեր հանրապետությունում, մեր մարզում տեղի ունենա թափանցիկ, արդար ընտրություն, դիմել ամեն մի հարցով: Վախի մթնոլորտը շատ վաղուց է վերացել, ոչ մեկին չեն կարող հետապնդել, օրենքը գործում է լիովին: Մենք կանք օրենքի գործելու համար»,-ասաց նա:
Խոսելով նույն բնակարանում մի քանի տասնյակ մարդկանց հաշվառման դեպքերի մասին` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը նշեց, որ օրենքը չի արգելում միեւնույն տարածքում անսահմանափակ քանակով անձանց հաշվառումը: «Միեւնույն տարածքում կարող են հաշվառվել անսահմանափակ քանակով մարդիկ: Դա օրենքն է ասում»,-նշեց Անուբախ Համբարյանը` տեղեկացնելով, որ միայն այս շրջանում 714 մահացած անձինք են հայտնաբերվել ու հանվել հաշվառումից:
Ամփոփելով մարզի նախընտրական մթնոլորտը` Անուբախ Համբարյանը նշեց, որ նախընտրական արշավը Լոռիում բարձր մակարդակով է իրականացվել:
Այս տարի ԱԺ ընտրություններին Լոռու մազից կմասնակցի 233 803 մարդ:
Անուշ ԲՈւԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր