Մալաթիա Սեբաստիա վարչական համայնքի ղեկավար Դավիթ Օհանյանը հերքում է, որ ինքը ապրիլի 19-ին թիվ 190 դպրոցում կազմակերպված միջոցառմանը ՀՀԿ-ի քարոզարշավն է արել: «Կուզենայի դուք եւ Նիկոլ Փաշինյանը տարբերեիք մշակութային միջոցառումը քարոզարշավից: Ներկա եմ եղել իմ վարչական շրջանի դպրոցում մշակութային միջոցառման»:
Պարոն Օհանյանն իր մասնակցությունը Սամվել Ալեքսանյանի քարոզարշավներին բացատրեց ընկերական մտերմությամբ. «Սկսած 2003 թվականից, երբ առաջին անգամ Սամվել Ալեքսանյանն առաջադրվեց պատգամավորի թեկնածու, ես իր ընկերն եմ, մտերմիկ բարեկամն ու նախընտրական շտաբի պետը»:
Հարցին թե ինչքանո՞վ է կարեւորում, որ իր ղեկավարած վարչական համայնքում երկու հիմնական թեկնածուների միջեւ պայքարը լինի հավասար պայմաններում՝ ասաց.«Այդ ձեր կարծիքով է երկու հիմնական, մյուս թեկնածուին ես հիմնական թեկնածու չեմ համարում, այստեղ կա Սամվել Ալեքսանյան, հաղթանակն իրենն է, մայիսի 6-ին կտեսնեք ժողովրդի տված քվեները: Ես իմ ընկերոջը ու վարչական շրջանի բնակիչներին լավ եմ ճանաչում: Մենք անաչառ ենք, բայց փաստը ֆիքսում ենք»:
Նա ասաց, որ ոչ թե Ալեքսանյանը վարչական շրջանի ղեկավարի աջակցության, այլ վարչական շրջանի բնակիչները Ալեքսանյանի աջակցության կարիքն ունեն ու ինքը համոզված է, որ Ալեքսանյանն իր վաստակի շնորհիվ ջախջախիչ հաղթանակ է ունենալու:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ