Այսօր թիվ 38 ԸԸՀ-ում կայացած նիստում քննարկվեց մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Դավիթ Մաթեւոսյանի ներկայացրած դիմում-բողոքը: Պարոն Մաթեւոսյանի ներկայացրած դիմում-բողոքի համաձայն` պատգամավորության թեկնածու Վահե Հակոբյանի կողմից, կամ նրա անունից, ընտրատարածքի մեջ ներառված համայնքների մեծամասնությունում, նախընտրական քարոզչության ընթացքում իրականացվել եւ իրականացվում են բարեգործություններ, ինչն օրենքի խախտում է: Տվյալ համայնքում իրականացվող բարեգործությունը համայնքի ղեկավարի ու Հանրապետականի քարոզիչների համար հանդիսանում է հիմնական փաստարկը, որի օգնությամբ համոզում են ընտրողներին, որպեսզի վերջիններս իրենց ձայնը տան Վահե Հակոբյանին: Դիմումատուն նաեւ մասնավորապես նշել է, որ պատգամավորի կողմից իրականացվում են Ագարակ քաղաքի, Լեհվազ գյուղի մանկապարտեզների նորոգումները, նորոգվել է Կարճեւան գյուղի դպրոցի տանիքը, Վահրավար գյուղի խմելու ջրի ջրագծի նորոգման համար հատկացվել է 1 մլն. դրամ, նորոգվել ու նորոգվում են Կապան քաղաքի բարձրահարկ շենքերի վերելակները, բակերը եւ այլն եւ մտահոգություն հայտնել, որ այդ ամենն էական ազդեցություն են ունենալու ընտրությունների արդյունքների վրա: Հենվելով օրենսգրքի համամապատասխան կետին, որտեղ սահմանված է, որ նմանատիպ իրավիճակներում թեկնածուի, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է դատարան՝ ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար եւ առաջարկել հանձնաժողովին անհապաղ դիմել դատարան Վահե Հակոբյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:
Նիստն անցկացնող ԸԸՀ-ի նախագահի տեղակալ Յուրա Բալասանյանի խոսքով` դիմումը ստանալուց հետո հանձնաժողովի անդամների կողմից նշված փաստերի ճշտման կապակցությամբ կատարված ուսումնասիրությունների հիման վրա պարզվել է, որ Ագարակ քաղաքի, Լեհվազ գյուղի մանկապարտեզի նորոգումը, Կարճեւան գյուղի դպրոցի տանիքի նորոգումն իրականացվել են Մեղրի-Ագարակ հիմնադրամի միջոցներով, Վահրավար գյուղի խմելու ջրի վերաբերյալ որեւէ փաստ չի հայտնաբերվել, Կապան քաղաքի վերելակները եւ բակերը նորոգվում են եռակողմ` ԶՊՄԿ-ի, Կապանի քաղաքապետարանի եւ նորոգող կազմակերպության կողմից եւ այլն:
Մի քանի րոպե նիստին ուշացած ներկայացած դիմումատու Դավիթ Մաթեւոսյանը բերեց նոր փաստարկներ` արված լուսանկարների տեսքով, իսկ տեսանյութը դիտելու համար համակարգիչ պահանջած թեկնածուն այդպես էլ հնարավորություն չունեցավ տեսանյութը ներկայացնելու` տեղում համակարգչով ապահովելու հնարավորություն չունենալու պատճառաբանությամբ:
Հանձնաժողովը մերժեց թեկնածուի առաջարկը հետաձգել հանձնաժողովի նիստը մինչեւ վաղը` տեսանյութը դիտելու համար, նշելով, որ ծանրաբեռնված աշխատագրաֆիկ ունեն:
Կարդացեք նաև
Դիմումատուն հանձնաժողովին նաեւ մեղադրեց անգործության եւ խախտումները չնկատելու, չարձանագրելու մեջ: «Հսկողություն իրականացնելը հանձնաժողովի պարտականությունն է: Ես գիտեմ, որ դուք բացասական որոշում եք կայացնելու եւ ես ձեր հանձնաժողովի անգործությունը վիճարկելու եմ դատարանում», – հավելեց Դավիթ Մաթեւոսյանը, որը չսպասեց հանձնաժողովի որոշմանը եւ լքեց նիստը: Հանձնաժողովի նիստին ներկա 6 անդամները միաձայն մերժեցին Դավիթ Մաթեւոսյանի դիմում-բողոքը: «Դիմումում նշված փաստերի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վահե Հակոբյանի կողմից, նրա անունից, քարոզչության ընթացքում բարեգործություններ չեն իրականացվել եւ չեն իրականացվում: Նշված փաստերը չեն հաստատվել մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Պատգամավորության թեկնածու Դավիթ Մաթեւոսյանի դիմում բողոքը մերժվում է փաստերի հավաստիությունը ապացուցված չլինելու պատճառաբանությամբ», – որոշել է թիվ 38 ԸԸՀ-ն: Նիստին ներկա էր նաեւ միջազգային դիտորդ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ