Այսօր թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կրկին քննարկեց Սամվել Ալեքսանյանի գրանցումը, որպես ԱԺ պատգամավորի թեկնածու, ուժը կորցրած ճանաչելու եւ նրան ընտրարշավից հանելու մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի բողոքը ու որոշեց կրկին մերժել:
Հանձնաժողովի նիստին չէր ներկայացել 190 դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը, որը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հաստատել էր, որ Ս.Ալեքսանյանը գումար է բաժանում: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Սարգսյանը նրա բացակայությունը բացատրեց նրանով, որ իրենցից հասնում էր տեղեկացնել նիստի մասին, իսկ Զատիկյանի իրավունքն էր որոշել մասնակցե՞լ, թե՞ ոչ :
Ն. Փաշինյանը նիստի ընթացքում միջնորդեց որպես վկա հրավիրել տիկին Զատիկյանի հետ զրուցած լրագրող Աննա Զախարյանին, որը կներկայացնի մանրամասները, սակայն հանձնաժողովը դրա անհրաժեշտությունը չտեսավ, միայն հիշեցրեց, որ նշված հեռախոսազանգի օրը՝ ապրիլի 20-ին, տիկին Զատիկյանը հատել է Հայաստան-Վրաստան անցակետը, մինչդեռ լրագրողը քաղաքային զանգով է խոսել տիկին Զատիկյանի հետ:
Պարոն Փաշինյանը հանձնաժողովից նաեւ հետաքրքրվեց ունե՞ն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՝ իր բողոքին վերաբերող երեկվա որոշումը, իսկ հանձնաժողովի պատասխանը՝ բացասական էր:
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում պարոն Փաշինյանն ասաց, որ հանձնաժողովի դարակներում արդեն կա իր դիմումին վերաբերող որոշումը. «Ուզում են այդ վարչական վարույթն այնպես տանել, որ հարմարեցնեն իրենց որոշմանը… մենք ունենք անհերքելի փաստեր: Սա նշանակում է , որ հանձնաժողովը մեկ ժամ հետո կորոշի Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար դիմել դատարան»: Ն. Փաշինյանը կրկին նույն բողոք դիմումով դիմելու է ԿԸՀ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ