Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյան. «Բիոմետրիկ անձնագրերի ներդրումով ՀՀ քաղաքացիների`արտերկիր մուտքի վիզայի ստացումը կդյուրացվի»

Մայիս 03,2012 17:15

-Պատմեք, խնդրեմ, ՀՀ-ում բիոմետրիկ անձնագրերի շրջանառության մեջ ներդրման մասին:

– Կենսաչափական տվյալներով, կամ այսպես կոչված բիոմետրիկ անձնագրերի հիմնական նպատակը անվտանգ հասարակություն ունենալն է: 2001 թվականի ԱՄՆ-ի դեպքերից հետո աշխարհը փոխվեց, և դա պարտադրեց, որ մարդիկ ունենան ավելի պաշտպանված անձը հաստատող փաստաթուղթ: Դրա համար պետք է ունենալ համապատասխան էլեկտրոնային կրիչով, կենսաչափական տվյալներով փաստաթղթեր, որպեսզի հնարավոր լինի անձի նույնականացումը, իդենտիֆիկացիան իրականացնել 100 տոկոսանոց ճշգրտությամբ: Կան Եվրամիության համապատասխան ստանդարտներ, որտեղ ասվում է, որ անձը հաստատող ցանկացած, մանավանդ` ճամփորդական փաստաթուղթ պետք է լինի պաշտպանված ըստ մի շարք ցուցանիշների: Հիմնվելով այս ամենի վրա, ընդունվեցին օրենքներ նույնականացման քարտի (այսպես կոչված ID) մասին, որը օգտագործվելու է ՀՀ տարածքում նախկին` սովորական  անձնագրի  փոխարեն, և ՀՀ տարածքից դուրս օգտագործելու համար նախատեսված անձնագրի վերաբերյալ: Վերջինս կներառի էլեկտրոնային պահոց, որի  մեջ կլինեն աջ և ձախ ցուցամատերի մատնահետքերը և թվային լուսանկար: Սա արդեն հնարավորություն կտա, որպեսզի ՀՀ քաղաքացիների` արտերկիր  մուտքի արտոնագրի (վիզայի) ստացումը դյուրացվի, ինչը, իհարկե, ողջունելի կլինի:

Օգտվելով առիթից, կցանկանայի նաև մի փոքր անձնագրային և վիզաների բարեփոխումների մասին:

Այստեղ նույնպես մեծ աշխատանքներ են կատարվել:

Օրինակ, անձն իր հաշվառման տարածքը փոխելու համար արդեն կարող է այցելել միայն նոր վայրը, և դրանով իսկ մյուսի գրանցումից ավտոմատ կերպով դուրս գալ: Բարելավվել են նաև աշխատանքային պայմանները, մասնավորապես, վերանորոգվել են 4 ստորաբաժանումներ, իսկ Մաշտոցի պողոտայում ընդանրապես մի նոր շենք է կառուցվել՝ ընդ որում, այս բոլորն իրականացվել է արտաբյուջետային միջոցների հաշվին: Բոլոր աշխատակիցները, ներառյալ բաժանմունքի պետին, ներկայումս նստած են մեկ հադլիճում, և ես էլ on-line ռեժիմով, համակարգչի էկրանի վրա տեսնում եմ (ցույց է տալիս. Գ. Խ.), թե ինչ է կատարվում բոլոր ստորաբաժանումներում:  Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, նաև՝ գործերը արագացնելու համար, բաժանմունքներում  տեղադրել ենք հատուկ  տերմինալներ, որոնց միջոցով տեղում արվում են բոլոր անհրաժեշտ վճարումները:

Նաև մենք նոր համակարգ ենք  ներդրել, որի շնորհիվ, հավաքելով 090 007 007 հեռախոսահամարը, քաղաքացին ամիջապես տեղեկություններ է ստանում, թե, ասենք, ինչպիսի փաստաթղթեր են հարկավոր անձնագիր, կամ, ասենք, մուտքի արտոնագիր ստանալու համար, ընդ որում երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Պարզեցված են ընթացակարգերը մուտքի արտոնագիր կամ  քաղաքացիություն ստանալու  համար, ժամկետներն են կրճատված, պարզեցված է նաև փաստաթղթերի ցանկը, որը անհրաժեշտ է անձնագիր ստանալու համար` ցուցակից հանված են նախկինում եղած շուրջ  6 փաստաթուղթ:

Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031