Մայիսի 3-ին ամբողջ աշխարհը նշում է Մամուլի ազատության միջազգային օրը: Խոսքի ազատությունը մեր ամենաթանկ իրավունքներից մեկն է: Այն ամրապնդում է ցանկացած այլ ազատություն եւ հանդիսանում հիմք մարդկային արժանապատվության համար: Վերջինիս իրականացման մեջ մեծ նշանակություն ունի ազատ, բազմակարծիք եւ անկախ մամուլի գոյությունը: Դրա համար էլ Երեւանի մամուլի ակումբը՝ «Ինտերնյուզի» եւ Հայաստանի ժուռնալիստների միության հետ կազմակերպել էր «Մամուլի ժամանակը» խորագրով մրցանակաբաշխությունը: Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը նշեց, որ դա իրենց հինգերորդ մրցանակաբաշխությունն է. «Առաջինը եղավ 2006 թվականին: Այդ ժամանակ մրցանակը շնորհվեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին: Երկու տարի՝ 2009-ին ու 2010-ին, մենք փոքրիկ դադար տվեցինք, քանի որ չգտանք արժանի լրագրողի: Այս մրցանակը զուտ մրցանակ չէ եւ տրվում է միայն լավագույններին»:
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն էլ փաստեց, որ խոսքի ազատությունը ՄԱԿ-ի համար առաջնային է: Ըստ նրա՝ ազատ խոսքի հիմքում ընկած է անաչառ լուսաբանությունը. «Շատ բան Ձեզանից է կախված, հարգելի լրագրողներ, թե ինչպես կլուսաբանեք: Կարեւոր է նաեւ հասարակական կազմակերպությունների դերը, ինչպիսիք են Երեւանի մամուլի ակումբը, «Ինտերնյուզը», Հայաստանի ժուռնալիստների միությունը: Շնորհավորում եմ նաեւ հաղթողին եւ ավելացնում, որ մինչ այժմ բոլոր հաղթողների դերը լրագրության ոլորտում մեծ է եղել»:
Ավանդական եւ նոր մեդիայի հնարավորությունները լավագույնս համադրելու համար «Ինտերնյուզ» հ/կ-ի տնօրեն Նունե Սարգսյանը առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանին հանձնեց ավանդական ժամացույցը: «Ես մեծ հաճույքով եմ հանձնում այս մրցանակը: Աննան շատ մեծ ու կարեւոր դեր է կատարում այս ասպարեզում: Ինչո՞ւ հենց ժամացույց, քանի որ այն խորհրդանշում է ազատ խոսքի ժամանակը»,- նշեց տիկին Սարգսյանը:
Կարդացեք նաև
Առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը նշեց, որ սա իր ամբողջ կոլեկտիվի մրցանակն է, քանի որ այս կես տարիների ընթացքում նրանք բոլորն էլ իրենց դերն են ունեցել կայքի զարգացման գործում. «Նրանք ստիպված էին փոխել իրենց աշխատանքի ավանդական մեթոդները: Այս մրցանակը համարում եմ դրա գնահատականը»:
Տիկին Իսրայելյանը հիշում է՝ երբ դեռ նոր ցանկանում էին կայքը բացել, իրենց ասում էին` դուք հետ եք ընկել, անդառնալիորեն ուշացել եք: Սակայն հիմա հպարտությամբ է ասում, որ մի քանի ամսում կարողացել են կրկնապատկել ու եռապատկել կայք այցելողների թիվը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ