«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին` Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մաշտոցի պուրակում քարոզարշավի վերջին օրերին հայտնվելը բեմականացո՞ւմ էր, քարոզարշավի PR էր, ի՞նչ էր` պատասխանեց. «Այն, ինչ կատարեց Սերժ Սարգսյանը` օրենքի պահանջ էր: Սա եզակի էր այն առումով, որ իշխանությունը ժողովրդի ճնշման տակ հարգում է օրենքը եւ իրականացնում է օրենքի պահանջած դրույթները: Այս առումով ժողովուրդը զարմացած էր: Բայց ես զարմացած չեմ, ուղղակի մի կողմից կա ուրախություն, որ վերջապես ականջալուր եղան ժողովրդի պահանջին, մյուս կողմից՝ տխրում ես, թե ինչու ժողովուրդը պետք է այդքան տառապի, օրեր անցկացնի Մաշտոցի պուրակում, քաշքշոցներ լինեն, տանեն ոստիկանություն, եւ ընտրություններից մի քանի օր առաջ մեկ էլ պարզվում է` նախագահն ասում է, թե չի կարելի այսպես, տգեղ է»:
Նախագահն իրավունք ունի՞ քաղաքապետի որոշումներին խառնվել` պարոն Հակոբյանը պատասխանեց, որ նախագահը դրա իրավունքն ունի: Մեր դիտարկմանը, որ «Ժառանգությանն» էլ են հաճախ մեղադրում նման PR անելու մեջ, բայց, քաղտեխնոլոգների գնահատմամբ` «Ժառանգության» ամենահաջողված PR-ը Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքսեղմումներն են, համաձա՞յն եք սրա հետ` պարոն Հակոբյանը պատասխանեց. «Մենք, այո, ստանդարտից դուրս ենք: Այն ստանդարտը որ կա` Երեւանից մի 20 ավտոբուս լցնում են եւ ուղարկում Հրազդան կամ Արարատ, եւ գնում են ու Երեւանից ավտոբուսով բերած ժողովրդի ֆոնի վրա լավ ճառեր են ասում: Խնդրեմ, գուցե դա իրենց քաղաքական ճաշակն է, կամ կարող է դա ազդում է ժողովրդի վրա: Մենք դրա խնդիրը չունենք, ուղղակի գնում ենք մարդկանց հետ անհատապես զրուցում ենք: Օրինակ ես` 9-րդ ընտրատարածքի մեծամասնական առաջադրված պատգամավոր եմ, երեկ գնացել եմ Նորագյուղ եւ մարդկանց բնակարաններ, մարդկանց տուն եմ մտել: Հիմա չգիտեմ, գուցե կասեն PR եմ անում, ինչ եմ անում, մենք նախընտրում ենք քարոզարշավի այդ ձեւը: Դա ավելի ճիշտ է,ավելի մոտ քարոզչության ձեւ է, քան հախուռն ավտոբուսախառը հավաք կազմակերպելը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ