Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ու մեդիա փորձագետ, Iditord.org կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանն ամփոփելով քարոզարշավը՝ անդրադարձան ընթացքում օգտագործված տեխնոլոգիաներին: Բադալյանի կարծիքով՝ նախ միօրինակ քարոզարշավ էր, հիմնական տեխնոլոգիան՝ հանրահավաքներն ու հանդիպումներն էին ընտրողների հետ: Ուրիշ ագիտացիոն տեխնոլոգիաներ չկիրառվեցին, օգտագործվեցին միայն քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների 1 %-ը: Մարտիրոսյանի համոզմամբ էլ՝ տեխնոլոգիաներն իրոք քիչ էին, ու այս անգամ նույնիսկ DVD-ների տեսքով պարտիզանական մեթոդները չկիրառվեցին, որն անում էին նախկինում. «Ուժեղ օգտագործվեց միայն ցանցը, բացվեցին բազմաթիվ լրատվական կայքեր, ձեւավորվեցին տեղեկատվական հոսքեր: Ցանցը դարձավ հիմնական քարոզչական հարթակներից մեկը»:
Անդրադառնալով քաղաքական ուժերին՝ Բադալյանն ասաց, թե ՀՀԿ-ն տարբեր ստրատեգիաներ տարավ իր քարոզարշավի ժամանակ, դրանցից մեկը՝ քարոզարշավներին կուսակցության նախագահի՝ Սերժ Սարգսյանի մենակ գնալն էր, ինչը ճիշտ չէր, քանի որ ԱԺ-ն մեկ մարդու տեղ չէ. «Դա նախագահի ընտրություն չէ: Ազգային ժողովը թիմի ընտրություն է: Անհասկանալի է, եթե ՀՀԿ նախագահը գնում է որեւէ ընտրատարածք եւ ասում, օրինակ, ձայն տվեք այսինչ թեկնածուին, ապա ինչու այդ մարդիկ քարոզարշավի ժամանակ ելույթներ չեն ունենում ու չեն կանգնում նրա թիկունքին: Այսինքն՝ ստացվում է այնպես, որ նախագահը ամաչում է այդ մարդկանցից, կամ՝ եթե ամաչում է, ինչո՞ւ է ընդգրկել իր ցուցակի մեջ: Տպավորությունն այնպիսին էր, որ Սերժ Սարգսյանը չկարողացավ թիմ ձեւավորել: Սխալ էր նաեւ Մաշտոցի պուրակի PR կիքսը: 80 օր շարունակ պայքար էր գնում, որ բուտիկներ չդրվեն, քաղաքապետն ասաց՝ պետք է դրվի, կառավարությունը որոշում կայացրեց, մեկ էլ հանկարծ քվեարկությունից 4 օր առաջ համակարգի ղեկավարը գալիս ու ասում է՝ հանիր: Նախ՝ նախագահն ինչ իրավունք ունի կարգադրել ՏԻՄ-ի ղեկավարին: Բացի այդ՝ նախագահը ոտքի վրա «ջրեց» կառավարության որոշումը: Իրականում՝ եթե PR ես անում, ապա պետք է տիրապետես դրա կանոններին, հակառակ դեպքում քո դեմ է աշխատում»: ԲՀԿ-ի մասով էլ Բադալյանը կարծում է, որ հզոր էներգետիկա կար, TV-ն ցույց էր տալիս, թե հսկայական մարդիկ են գալիս նրանց հավաքներին, բայց դա քաղաքական չէր. «Քաղաքական կոմպոնենտը այստեղ միայն Վարդան Օսկանյանն էր: ՀԱԿ-ի մոտ էլ սկզբնական շրջանում հաջող չէր քարոզարշավը, ապա հստակեցվեց, ասելով՝ ձայն տվեք կոնգրեսին, բայց թե ինչու՝ պարզ չէր: ՀԱԿ-ի կիրառած միակ լավ տեխնոլոգիան «30 վայրկյանն» էր»: ՀՅԴ-ն էլ, ըստ Բադալյանի՝ վերցրեց իր քարոզչական ագիտացիան, դրեց իր ծրագրի վրա, խիստ գերագնահատելով այն, բայց հասարակությունն արդեն ծրագրերի չի հավատում՝ «քարոզարշավը դա գիտխորհուրդ չի, որ դնես եւ ուսումնասիրես ծրագրերը: ՀՅԴ-ի հիմնական մրցակիցներն էին «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը, որը Հայ դատի վրա էր քարոզարշավ կատարում: ՕԵԿ-ը 2008 թվի մարտի 1-ից դադարել է որպես կուսակցություն գոյություն ունենալ եւ եթե խորհրդարանում հայտնվի էլ, ապա դա կլինի շնորհիվ վիրտուալ ընտրողների, մեկ էլ մահացածների, արտագաղթածների ու ՀՀԿ-ից տարած ձայների հաշվին: Ամենից կիքսոտը «Ժառանգության» քարոզարշավն էր: Նրանք ամենասկզբում ասացին, մենք շատ տեղ ենք ունենալու, դե եթե այդպես է, ինչո՞ւ դաշինք չստեղծվեց»,- հավելեց Բադալյանը:
Մարտիրոսյանն էլ շեշտեց, որ ընտրությունների օրերին ընտրական տեխնոլոգիաներից է կայքերի վրա հարձակումը: Իսկ սոցցանցերն առավել շատ օգտագործել են ՀՀԿ, ԲՀԿ, որովհետեւ նրանք ակտիվ երիտթեւեր ունեն:
Կարդացեք նաև
Քարոզարշավի ընթացքի մասին էլ Մարտիրոսյանն ասաց՝ «իշխանության երկու ուժերը` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, եւ ընդդիմադիր երկու ուժեր` ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» պայքարում են միմյանց դեմ, իսկ ՕԵԿ-ը լավ երգ է գրել, ու դրանով ամեն ինչ ավարտվել է»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ