Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորագյուղցիները Ռուբեն Հակոբյանից կոնկրետ փող կամ ասֆալտ են ուզում

Մայիս 03,2012 16:09

ՖՈՏՈԼՈՒՐ

Թիվ 9 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված «Ժառանգության» թեկնածու Ռուբեն Հակոբյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչ երկխոսություն է եղել երեկ իր եւ նորագյուղցիների հետ իր հանդիպման ժամանակ: Երբ հետաքրքրվեցինք` նորագյուղցիների շրջանում Ձեր վարկանիշը բա՞րձր է` պարոն Հակոբյանը պատասխանեց. «Չէ, ես անկեղծ ասեմ, այնտեղ մի քիչ ուրիշ է` ընտրում են հորքուրի, մորքուրի, քեռու, աներոջ այդ բարեկամական շրջանականերից ինչպես կաշխատեն, ասենք, մեր թեկնածուն լավն է, 25 մետր ասֆալտ ասե՞մ վաղը բերի, եւ վաղը առավոտ 25 մետր ասֆալտ մի թեկնածուն բերում-փռում է միանգամից: 30 չի փռի, որովհետեւ այդ հաջորդ 5 մետրի տերը իր ձայն տվողը չի: Չգիտեմ, այնտեղ մի քիչ այս մակարդակն է, ե’ւ Նորագյուղում, ե’ւ Կիլիկիայում»:

Մեր հարցին`ընտրվելու համար դուք նորագյուղցիների համար ինչ-որ բան արե՞լ եք, ի՞նչ եք խոստանում` պարոն Հակոբյանը պատասխանեց. «Ես երեկ գնացի, հարցրեցին` ինչո՞վ եք եկել: Ես ասեցի` եթե ընտրեք, պատգամավոր դառնամ` այս-այս օրենքները կիրականացնեմ: Մի տարիքով մարդ ասեց` չէ’, տղա ջան, «կոնկրետ» ի՞նչ ես բերել, օրինակ, այս թեկնածուն այսքան ասֆալտ է փռում, այսքան տվել են, այսքան էլ խոստացել են, որ տան, բա դո՞ւ: Ասում եմ` հայրիկ ջան, ես ասում եմ` օրենքներ, ասում է` էէէ~հ, տղա ջան, դու ստեղից ձայն չտարար: Դա է եղել մեր վերջին զրույցը»: Վերջում պարոն Հակոբյանը գրկել է նյութական ակնկալիքներ ունեցող պապիկին ու համոզել, որ ճիշտ ճանապարհը սա է, բայց թե ընտրելիս ինչը կհաղթի` գրկախառնությո՞ւնը, թե՞ ասֆալտը` հարց է:

Ռուբեն Հակոբյանի բնութագրմամբ` «Նորագյուղը ոնց որ Աստծո կողմից մերժված տարածք լինի: Ժողովուրդն ընկալում է, ոնց որ թե պատգամավորը պետք է անպայման գա, 20 մետր ասֆալտ բացի, որ ասեն բրավո այդ պատգամավորին: Իրենք այդ հարթության վրա են տեսնում պատգամավորի գործունեությունը: Ես կարծում եմ` օրենքի շրջանակներում այնտեղ կարելի է շատ բան անել, ուղղակի բնակիչներին պետք է բացատրել, որ եթե ընտրություններից 5 օր առաջ գալիս են, մի 10 հազար դրամ տալիս են, 25 մետր ասֆալտ են բաժանում, պետք է գիտակցությունից դուրս գաք: Նա, ով քարոզում է ինչ-որ բան անել, նա պետք է անի: Այլապես, եթե դուք մնաք այդ տարածության վրա եւ այդ նշաձողի տակ, դժվար կլինի ձեզ օգնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031