Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա պարզապես հիշեցնելն է, ահազանգելն է այն հիմնախնդիրների մասին, որոնք առկա են». ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը՝ ֆոտոցուցահանդեսի մասին

Մայիս 03,2012 16:07

Տարեց կինը բռնել է ոստիկանի կոկորդը, ոստիկանն էլ կնոջ վրա է բղավում: «Ով ում իրավունքն է հարգում» լուսանկարը լրագրող Ռուզան Մինասյանն է մակագրել: Այսօր այն ցուցադրվել է Մամուլի ազատության օրվա կապակցությամբ Երեւանում բացված «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդեսին: Կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ: Ցուցահանդեսի նպատակն է անդրադառնալ տեղեկատվություն ստանալու իրավունքի խոչընդոտներին ու հնարավորություններին, եւ կառավարությանը, մամուլի ներկայացուցիչներին ու ընդհանուր հանրությանը հիշեցնել այս իրավունքին հասնելու գործում իրենց դերակատարման մասին: Ֆոտոցուցահանդեսին մասնակցող 70-ից ավելի լուսանկարներն ու ծաղրանկարները կտպագրվեն նաեւ Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ ֆոտոկատալոգում:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նշում է՝ երկրորդ տարին է՝ կազմակերպում են այսպիսի միջոցառում. «Ցուցահանդեսում կան եւ՜ պրոֆեսիոնալ, եւ՜ ոչ պրոֆեսիոնալ լուսանկարներ, կարեւոր չափանիշն այն է՝ որքան դիպուկ են նրանք ներկայացնում այս իրավունքների իրականացումը: Պատահական չէ, որ այս անգամ այն կազմակերպվում է ընտրություններից առաջ, որպեսզի այսպես կրկին բարձրացնենք տեղեկատվության ազատության խնդիրները՝ այդպիսով փորձելով կանխել բոլոր հնարավոր բախումները,- ասում է նա, ավելացնում՝ միամիտ չէ իմանալու կամ կարծելու, որ այս միջոցառումով ոլորտում միանգամից փոփոխություններ կնկատվեն. «Սա պարզապես հիշեցնելն է, ահազանգելն է այն հիմնախնդիրների մասին, որոնք առկա են»:

Ցուցահանդեսին բացման խոսքում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ողջունում է ցուցահանդեսը, ասում. «Ցանկանում եմ օգտվել այս առիթից եւ կարեւորել լրագրողների ցանկացած վայրում իրականացրած աշխատանքը, քանի որ ազատ արտահայտվելու իրենց իրավունքն իրականացնելու համար նրանք երբեմն վտանգի են ենթարկում իրենց կյանքը: Հուսով ենք, որ Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրությունների լուսաբանման ժամանակ ականատես կլինենք մասնագիտական նման նվիրումի»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031