Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն համայնքի միջոցներով հնարավոր չէ վերանորոգել մշակույթի տունը»

Մայիս 03,2012 16:35

 

 

«Էնքան սիրուն կառույց էր` մեծ դահլիճով ու բեմով: Ճանաչված արտիստները համերգներով միշտ գալիս էին ու ելույթ ունենում այնտեղ, համ էլ հնդկական կինոներ էինք նայում մեծ էկրանով, – ասում  է Արշալույս համայնքի բնակիչներից մեկը համայնքի մշակույթի տան մասին, ապա ավելացնում,- էդ օրերը մեզ համար տոն էին, դասական շորեր էինք հագնում ու ընկերներով, զույգերով գնում հանգիստը վայելելու»:

Այսօր Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մշակույթի տունը թեև դրսից բարեկարգ է, բայց ներսից ամբողջությամբ քանդված է: Այն կառուցվել է 1935 թ.-ին և մոտ 20 տարի է ծառայել նպատակին, ապա աստիճանաբար խարխլվել:

«էս շատ մեծ շինություն է, սրա կառուցման համար երկար ժամանակ ու որակով աշխատանք էր պետք: Բայց այդ գործընթացը շատ արագ կատարվեց, հետո էլ տանիքը փայտից էր: Ըտենց կամաց-կամաց խոնավությունից սկսեց փչանալ»,-ասում է շինարարներից մեկը, ով մասնակցել է մշակույթի տան կառուցման աշխատանքներին:

Կառույցի հարևանությամբ ապրողների խոսքով մի քանի տարի առաջ` ամեն օր, գյուղի երեխաները մտնում էին այնտեղ ու գիպսեր տանում:

«Մի անգամ մտանք, որ կավիճ վերցենք, վերևից մի հատ մեծ գիպս ընկավ գլխներիս», – հիշում է Վարդգեսը: Այժմ այդ խնդիրը լուծվել է` քարե պարիսպներով փակվել են շինության մուտքերը. դա  արվել է համայնքի միջոցներով:

Ներկայումս նկուղի բնակչությունը չունի աշխատանքից հետո` ազատ ժամերին, հանգստանալու և ժամանց կազմակերպելու վայր:

«Ժամանակակից կառույց դարձնելու համար շատ աշխատանք ու ֆինանսներ են պետք. միայն համայնքի միջոցներով հնարավոր չէ վերանորոգել մշակույթի տունը»,- ասում է գյուղապետ պարոն Զարզանդ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ներկայումս կա ծրագիր, որի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը համայնքում, դահլիճ տրամադրել ավագանու նիստերի անցկացման, տոնական օրերին մասսայական միջոցառումներ կազմակերպելու համար, իսկ գլխավոր նպատակը համայնքի բնակիչների կրթության և հոգևոր զարգացման համար պայմաններ ապահովելն է:

«Այդ ծրագրի շրջանակներում էլ հենց նախատեսվում է մշակույթի տան վերանորոգումը, որի համար կոնկրետ ժամկետներ նշված չեն», – ասում է պարոն Գրիգորյանը, ում խոսքով մշակույթի տունը կունենա նաև շախմատի, նարդու և այլ խաղերի համար նախատեսված սենյակներ:

 

 

                                                                                                Մարգարիտա Ղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031