Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան. «Յուրաքանչյուրն ինքը գիտի` իր ապրուստը հեշտացել է, թե դժվարացել»

Մայիս 03,2012 15:58

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

– Կարելի՞ է համարել, որ քարոզչության նախավերջին օրը հարցազրույց տալու Ձեր համաձայնությունը խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ ցանկացաք ինչ-որ ձեւով մասնակցություն ունենալ նախընտրական արշավին:
– Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին որեւէ մասնակցություն ունենալու ցանկություն չեմ ունեցել եւ չունեմ: Ընդհանրապես, կարծում եմ, որ դա նախագահի գործը չէ (ոչ նախկին, ոչ էլ գործող): Ուղղակի նախընտրական ժամանակաշրջանում ու տարբեր համատեքստերով ինձ հետ կապված այնքան շատ հրապարակումներ եղան, որ ես չեմ կարող խուսափել որոշ պարզաբանումներ տալուց: Կաշխատեմ չվերածել այս հարցազրույցը նախընտրական քարոզչության:

– Այս պահի ամենաարդիական եւ ամենաքննարկվող հարցը. ի՞նչ կապ ունեք «Բարգավաճ Հայաստանի» հետ: Ընդունված է համարել, որ այն Ձեր կուսակցությունն է, հատկապես եթե հաշվի առնենք Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը:

– Ես սերտ համագործակցություն եմ ունեցել տարբեր կուսակցությունների հետ, բայց երբեք չեմ հաստատել այնպիսի կապեր, որոնք դուրս կլինեին քաղաքական գործընկերության շրջանակներից: Վստահ եմ, որ մեր իրողությունների պարագայում կուսակցական ներգրավվածություն չունենալը թույլ է տալիս նախագահին` լինել լիարժեք արբիտրի եւ քաղաքական մրցակցության երաշխավորի դերում:

ԲՀԿ-ն հենց այն կուսակցություններից մեկն է, որի հետ համագործակցել եմ այդ ձեւաչափով: Եթե այն իմը լիներ, ապա 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երեւի թե այնտեղ, այլ ոչ թե ՀՀԿ-ում կհայտնվեին նախարարների եւ մարզպետների մեծամասնությունը:

Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ: Մի փոքր գաղտնիք բացեմ: Ես եմ համոզել նրան` չանդամակցել ԲՀԿ-ին եւ չմասնակցել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին (ինքն այդպիսի ցանկություն ուներ): Ես չէի ուզում արտգործնախարար փոխել այն պահին, երբ իմ նախագահական ժամկետի ավարտին մնացել էր 9 ամիս: Ուրախ եմ, որ Օսկանյանն այն ժամանակ հասկացավ ինձ: Ի դեպ, եթե ԲՀԿ «պատկանելությունը» որոշվում է ցուցակում ինձ հետ երկար տարիներ աշխատած մեկ նախարարի ներկայությամբ, ապա կառաջարկեմ նայել ՀՀԿ ցուցակին:

Իսկ ընդհանուր առմամբ, ուրախ եմ, որ ԲՀԿ-ն հաջողում է եւ ժողովրդականության զգալի աճ է արձանագրում: Կարծում եմ, դա լուրջ ազդեցություն կունենա հաջորդ գումարման Ազգային ժողովում կուսակցության ներկայացվածության չափի վրա:

– Իսկ ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները գործող իշխանության հետ: Խոսվում է այն մասին, որ Դուք ինչ-ինչ ստվերային եւ ապագայում բացահայտվելիք պայմանավորվածություններ ունեք իշխանության հետ:    

– Որեւէ անդրկուլիսյան պայմանավորվածություն իշխանության հետ ես չունեմ եւ չէի էլ կարող ունենալ: Իշխանությունը ուղիղ եւ հրապարակային պատասխանատվություն է կրում իր գործունեության արդյունքների համար, ու երկրի կառավարմանը մասնակցելու նպատակով ձեռք բերված ցանկացած ստվերային պայմանավորվածություն պարզապես վնասակար է, քանի որ խեղաթյուրում է իշխանության եւ պատասխանատվության միջեւ առկա ուղղակի կապը: Եվ անհատների ով լինելն այստեղ որեւէ նշանակություն չունի:

Իմ հարաբերությունները իշխանության հետ միանշանակ չեն: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այն հաջողություն ունենա, բայց դժգոհ եմ դրա գործունեության արդյունքներից, հատկապես` տնտեսական: Ի դեպ, այդ մասին ես ուղիղ ասել եմ նաեւ նախագահին:

Ինձ ընդդիմություն չեմ համարում եւ հարթ անձնական հարաբերություններ եմ պահպանել իմ կառավարման շրջանում իշխանության մեջ եղած եւ այժմ էլ պաշտոններ ունեցող շատերի հետ: Պաշտոնաթողությունիցս հետո մոտ մեկ-մեկուկես տարվա ընթացքում փորձել եմ օգտակար լինել խորհուրդներով: Հետո հասկացա, որ իմ փորձն ու գիտելիքները պահանջված չեն եւ դադարեցի դա անել: Վարչապետի հետ տնտեսական իրավիճակի վերաբերյալ վերջին անգամ քննարկում եմ ունեցել 2008 թվականին, կարծեմ` նոյեմբեր ամսին:

Արդեն 3 տարի է աշխատում եմ շատ լուրջ ռուսական ընկերությունում, փորձում եմ օգտակար լինել դրան, եւ ինձ համար այդ գործը հետաքրքիր է: Ուշադիր հետեւում եմ հայաստանյան անցուդարձին (ապրում եմ այստեղ, թեեւ հաճախ ճանապարհորդում եմ): Փորձում եմ չներքաշվել ներքաղաքական գործընթացների մեջ:

– Դուք ասում եք, որ դժգոհ եք իշխանության գործունեության տնտեսական արդյունքներից: Բայց անցած մի քանի ամիսների ու հատկապես նախընտրական քարոզչության ընթացքում տնտեսության պատասխանատուները բազմիցս խոսել են այն մասին, որ մարդկանց ապրուստը առանձնապես չի վատացել եւ որ մեր տնտեսությունը այնքան էլ վատ վիճակում չէ: Ավելին, այս համատեքստում բազմիցս ներկայացվել են կառավարության տնտեսական հաջողությունները: 

– Յուրաքանչյուր մարդ բոլորից լավ ինքը գիտի` իր ապրուստը հեշտացել է, թե դժվարացել: Այդ փաստը ինքն արձանագրում է ամեն օր` սառնարանի դուռը բացելիս կամ խանութ մտնելիս: Մարդիկ չեն հասկանում, երբ իրենց փորձում են համոզել, թե կյանքը լավացել է: Ի վերջո, դա վերածվում է անտարբերության եւ հասարակական համընդհանուր անվստահության: Իսկ դրանք ամենեւին էլ մեծ գործեր անելու տրամադրություններ չեն:

Երկրի տնտեսական եւ քաղաքական առողջության «ձայնաազդանշանային համակարգը» արտագաղթն է: Դրա սպառնացող չափերը` ֆունդամենտալ խնդիրների գոյության ամենաճշգրիտ ցուցիչն են: Մարդիկ լավից չեն փախչում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031