Լրահոս
Օրվա լրահոսը

Հարթունյանի «հիստերիան» վիրավորա՞նք է, թե՞ «բժշկական տերմին»

Մայիս 03,2012 14:59

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան (դատավոր՝ Ալեքսանդր Ազարյան) էին ներկայացել Նարեգ Հարթունյանի, Արթուր Գալստյանի եւ Անի Մնացականյանի դեմ հարուցված քրեական գործով վկաները:

Նիստը սկսելուն պես Արթուր Գալստյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը միջնորդեց, որպեսզի վկաները միմյանց հետ չհաղորդակցվեն եւ գտնվեն տարբեր տեղերում:

Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը (դատախազ՝ Պետրոսյան) մեղադրում է «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության հիմնադիր-սեփականատեր Գարաբեդ Հարթունյանի որդուն՝ Նարեգ Հարթունյանին, որ նա 2009թ. օգոստոսից մինչև 2010թ. սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում փաստացի ղեկավարել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչությունում հաշվառված «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության գործունեությունը եւ կազմակերպել է ընկերության գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանի կողմից ընկերության հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 25.278.175 ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց խուսափելուն։

2010թ. սեպտեմբերի 11-ից, հանդիսանալով ընկերության տնօրեն, Նարեգ Հարթունյանը ընկերության գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանի և գրասենյակային գործերի կառավարիչ, իսկ 2011թ. հունվարի 11-ից կազմակերպչական գործերով փոխտնօրեն Անի Մնացականյանի օժանդակությամբ, հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով՝ 38.373.127 ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց։

Վկա Աստղիկ Գրիգորյանը դատարան էր ներկայացել սոցիալական քարտով, սակայն դա չխանգարեց, որպեսզի նա ցուցմունք տա: Նա ասաց, որ աշխատել է նշյալ ՍՊԸ-ում որպես հաշվետար, ապա՝ գանձապահ: Նրա գործը եղել է այն, որ առաքիչներին տվել է ապրանքների ձեւակերպման թղթերը: Ըստ այս վկայի, գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանի հետ է աշխատել:

Կանխիկ գումարները տնօրինել է փոխտնօրեն Արմեն Մնացականյանը, որը նշումներ էր կատարւմ կապույտ գույնի տետրում: Ամսական այս ՍՊԸ-ի կանխիկ-անկանխիկ շրջանառությունը կազմել է 30-32 մլն դրամ: Վկան ՀԴՄ տեսել է, բայց տեսել է Արթուր Գալստյանի աշխատասենյակում: Երբեք չէր տեսել, որ որեւէ մեկին ՀԴՄ կտրոն տրվեր:

Վկան հայտնեց, որ մինչ Նարեգը  տնօրենը եղել է Սեւակ Արծրունին: Նարեգ Հարթունյանը հարցով դիմեց վկային, թե «ֆաշիստիկ վիճակը ո՞նց է եղել, ո՞նց էր Սեւակի ժամանակաշրջանը»:  Այս վկան ակնարկեց, որ լսել է գժտությունների մասին, կապված Նարեգի եւ Սեւակի հետ, իսկ ավելին չգիտեր:

Մեկ այլ վկա՝ Արտյոմ Մարտիրոսյանը, որն աշխատել էր մինչեւ 2010թ. որպես տնօրեն, չթաքցրեց անգամ իր զգացումները Նարեգ Հարթունյանի նկատմամբ: Նա ասաց, որ հիմնարկի չարաշահումների հետ կապված, երբ մոտեցել է Նարեգին, վերջինս «հիստերիա» է բարձրացրել:

Այս բառի վրա Հայկ Ալումյանն ըմբոստացավ եւ դիմելով դատարանին՝ կոչ արեց վկային կարգի հրավիրել: Դատախազը տեղից նկատեց, թե վկան նկատի ունի բժշկական վիճակը: Ըստ Ալումյանի, բժշկական վիճակ կարո՞ղ է դիտել վկայի «տկարամտությունը»: Նախագահողը վկայից փորձեց իմանալ, թե ինչ է նշանակում «հիստերիա բարձրացրեց»: Վկան ասաց, որ «Նարեգը ներվային վիճակում էր, եւ իրեն ասա՝ կամ մնում, աշխատում ես, կամ օգնում ես Սեւակ Արզարունու (նույն ինքը՝ Արծրունին) դեմ: Նրան պիտի ոչնչացնեմ: Նարեգը մի շաբաթ ժամանակ տվեց: Կարճ ասած, ուզում էր աշխատեի նրա լծի տակ»: Վկան նաեւ ասաց, որ ինքն աշխատանքից ազատվել է, վերջնահաշվարկ մինչ օրս չի ստացել, 2 ամսվա աշխատավարձը նույնպես, եւ որ ՍՊԸ մտած ապրանքները առանց ապրանքագրերի էին, իսկ ՀԴՄ-ներով էլ «մաքրում» էր Արթուր Գալստյանը:

Ի դեպ, ըստ այս վկայի, իրեն ազատեցին մի շրջանում, երբ «Ջի Էյջ Ստորիջ» ՍՊ ընկերությունը Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի «Գրիգորովիչի» անվան սննդի կոմբինատից Հայաստանի Հանրապետություն էր ներմուծում պարենային ապրանքներ, որոնք մատակարարների միջոցով իրացվել են ՀՀ տարածքում գտնվող տարբեր ընկերությունների։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031