Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ». Չի բացառվում, որ բացակաների փոխարեն էլ կքվեարկեն

Մայիս 03,2012 14:55

 Արագածոտնի մարզի Արեւուտ գյուղն ունի 133 բնակիչ, սակայն այս պահի դրությամբ գյուղի ընտրացուցակում 164 ընտրող կա: Նույն մարզի Ավշեն գյուղում էլ 291 բնակիչ է փաստացի բնակվում, սակայն գյուղն ունի 312 ընտրող: Լոռիի Այգեհատ գյուղում ապրում է 220 մարդ, բայց ընտրացուցակներով գյուղն ունի 230 ընտրող: Այս մարզի Ձորամուտում բնակչության թիվը -92-ով կրկին հօգուտ ընտրացուցակների է: Այլ է պատկերը Թալինում. բնակչության թվի եւ ընտրացուցակում առկա ընտրողների թվի տարբերությունը  487 մարդ է. Ընտրացուցակներում ընդգրկված է 5215 մարդ, բայց Թալինում առկա բնակչության թիվը 5702 է:

Այս ուսումնասիրությունները կատարել է «Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնը` համադրելով վիճծառայության` բնակչության թվի 2011-ի ու ՀՀ ոստիկանության կայքի ընտրողների վերաբերյալ տվյալները:

Կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր, «Ուրբաթ» ակումբում, մտահոգություն հայտնեց, որ ցուցակների նման անհամապատասխանությունը կարող է բերել նրան, որ հանրապետությունից բացակայող մարդկանց փոխարեն նույնպես քվեարկեն. «Ճիշտ է ոստիկանությունը պարզաբանել է, որ Հայաստանից հեռացածները մնում են հաշվառման մեջ եւ ես չեմ վիճարկում նրանք պե՞տք է լինեն ընտրացուցակներում թե` ոչ, խնդիրն այն է, որ ընտրությունների ժամանակ չքվեարկեն նրանց փոխարեն: Այստեղ հարց է առաջանում արդյոք հաշվառման հասցեն պետք է լինի ընտրացուցակների հիմքը»: Պարոն Հոկտանյանը առայժմ չստանալով իր հարցի պատասխանը, հույս հայտնեց, որ ընտրությունների ժամանակ գոնե դիտորդները աչալուրջ կլինեն եւ «կփորձեն ֆիքսել նման ընտրախախտումները»:

«Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ»-ի մասնագետները մոնիտորինգի են ենթարկել նաեւ 80 եւ ավելի տոկոս ընտրող ունեցող համայնքերը: Նրանց համար կասկածների տեղիք է տվել, օրինակ` Վանաձորի ընտրողների թիվը. պարզվել է, որ Վանաձորի բնակչության 91 %-ն ընտրող է: Տավուշի մարզում բնակչության 80 %-ն է ընտրող, Գեղարքունիքում` 72 %-ը: Նորք Մարաշում բնակչության 85 %-ն է ընտրող: Առհասարակ, իր բնորոշմամբ` «հետաքրքրաշարժ թվաբանության» են հանդիպել նաեւ ՀՀ –ի բնակչության եւ ոստիկանության հրապարակած ցուցակների տվյալները համադրելիս, ինչի արդյունքում պարզվել է, որ բնակչության 75 %-ն ընտրող է: Ըստ վիճծառայության բնակչության թիվը` 3 միլիոն 309 հազար 387 է, ընտրողների թիվը` 2 միլիոն 493 հազար 97 մարդ:
Նշենք, որ վաղը ՀՀ ոստիկանությունը, որպես լիազոր մարմին, կհրապարակի ընտրողների վերջնական ցուցակը:

Վարուժան Հոկտանյանը, աչքի առաջ ունենալով նախկին ընտրությունների փորձը,  չբացառեց, որ տեղամասից մինչեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) հասնելը քվեարկության արդյունքները փոփոխության ենթարկվեն: Նա խորհուրդ տվեց, եթե հնարավորություն լինի խախտումների վերաբերյալ արձանագրությունները հենց տեղամասերից իրենց, ուղարկեն որպեսզի իրենք  օգտագործեն այդ տվյալները, այլ ոչ թե ԿԸՀ-ի կայքում դրվածը. «2009-ին, երբ դիտորդ էի, հենց մեր տեղամասում արձանագրություն կազմվեց, բայց այն ինչը հետո տեղի ունեցավ, ԿԸՀ-ի կայքում դրանք տարբեր էին: Իհարկե ընտրական տեղամասային հանձնաժողովը որոշեց վերահաշվարկ անել եւ հաջորդ օր մենք տեսանք այլ թվեր»:

Հակակոռուպցիոն կենտրոնը դիտարկել է նաեւ 6 եւ ավելի անձ ունեցող տներ բնակարաններ, պարզելով, որ 1 հասցեում օրինակ` 6-ից 10 ընտրող կա, կամ` ընդամենը մեկ հասցեում գրանցված 51 ընտրող են հայտնաբերել:

Երեւանի Նորագյուղ թաղամասում էլ 1 հասցեում 229 ընտրող է եղել. «Դա Թարովի 46 փողոցն էր: Պարզվեց այդ հասցեի տակ 45 սեփական տուն կա, այսինքն` մինչեւ հիմա իշխանության համապատասխան մարմինները հասցեների հարցը նորմալ չեն լուծել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031