Մաթիաս Ֆրիցը 4 տարի աշխատել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, ընդ որում՝ երկու տարի ղեկավարել է բուհի գերմաներենի ամբիոնը: Այժմ պարոն Ֆրիցը վերադարձել է իր հայրենիք՝ Գերմանիա, բայց սիրով է հիշում Հայաստանում աշխատած տարիները:
Aravot.am-ը նախկին բրյուսովցի պրոֆեսորին խնդրեց գնահատել համալսարանում ստեղծված իրավիճակը (ՀՀ կրթության եւ գիտության նախարարի կողմից տրված հրամանը՝ ռեկտոր Զոլյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ, ուսանողների դասադուլը եւ այլն): Պարոն Մաթիասի պատասխանը սեղմ էր. «Թեեւ ռեկտորի՝ աշխատանքից հեռացման պատճառները հայտնի չեն, բայց գտնում եմ, որ ռեկտորի փոփոխությունը Բրյուսովի համալսարանի՝ դեպի ժամանակակից համալսարան զարգացման սկիզբ է»:
Գերմանացի դասախոսին խնդրեցինք կարծիք հայտնել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների որակի ու մակարդակի մասին: «Բրյուսովի անվան համալսարանը բարձրագույն ուսումնական հաստատություն է, որն ունի միջազգային բարձր ճանաչում: Իմ Ֆրանսիայի գործընկերներից մեկը՝ Սորբոնի համալսարանից, մի առիթով մեծ հիացմունքով հարցրեց՝ օ՜, դուք աշխատում եք հայտնի Բրյուսովի համալսարանո՞ւմ: Այս հիացմունքը բնականաբար վերաբերում էր բուհի լեզվաբանական եւ պրակտիկ խոսակցական կրթությանը: Բրյուսովցի բազմաթիվ երիտասարդ կոլեգաներս գիտական մասնագիտացում են ստացել Արեւմուտքում: Ներկայումս իմ մագիստրոսներից երկուսը Գերմանիայի Բունդեստագի միջազգային պառլամենտական կրթաթոշակառու են: Իմ ավագ սերնդի կոլեգաների մեջ նույնպես կան հիանալի մասնագետներ, ինչպես, օրինակ, Մելանյա Ավետիսյանը: Իսկ երկու անվանի նախորդներս՝ գերմաներենի ամբիոնում, եղել են Գրիգոր Անդրեասյանը եւ Մանուշ Հարությունյանը»,-նշեց պարոն Ֆրիցը:
ԵԽ Նախարարների խորհրդի կողմից ընտրված Փոքրամասնությունների կամ տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի անդամ Սուրեն Զոլյանին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն է հայտարարել՝ առանց իրեն տեղեկացնելու Կոմիտեի պլենար նիստին մասնակցելու համար: Եթե Գերմանիայում նման բան լիներ, ինչպիսի՞ հանգուցալուծում կստանար խնդիրը:
Կարդացեք նաև
Գերմանացի պրոֆեսորն ասում է, որ երկու երկրների միջեւ նման համեմատական տանելը մի քիչ դժվար է, քանի որ կրթական քաղաքականությունը Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում առանձին մարզերի իրավասությունների շրջանակներում է.«Սակայն Գերմանիայում նույնպես ռեկտորը ընտրվում է համալսարանի խորհրդի կողմից, այնուամենայնիվ նշանակվում եւ աշխատանքից ազատվում է նախարարի կողմից: Գերմանիայում նույնպես վերջին խոսքը քաղաքականությանն է, ինչպես, օրինակ, դեսպանն է պարտավոր հետեւել արտաքին գործերի նախարարության ուղենիշներին»,-ասում է Մաթիաս Ֆրիցը: Մեր հաջորդ հարցին էլ՝ Գերմանիայում պատահե՞լ է դեպք, երբ որեւէ համալսարանի ռեկտոր դատի տա կրթության նախարարությանը, նա պատասխանեց. «Ճիշտն ասած, այդ մասին ես չեմ լսել: Որպես կանոն, ռեկտորները նաեւ պրոֆեսորներ են, որոնք ժամանակավորապես են ընտրվում ռեկտոր, եւ պաշտոնավարումից հետո հիմնվելով իրենց գիտական գերազանց որակավորման վրա՝ կարող են պարզապես շարունակել իրենց պրոֆեսորադասախոսական գործունեությունը»:
Դառնալով Հայաստանում իր աշխատած շրջանին՝ գերմանացի պրոֆեսորը հավելեց, որ տպավորված է բուհի գերմաներենի ամբիոնի աշխատակիցների աշխատասիրությամբ եւ լեզվի իմացությամբ. «Ուսանողների հետ աշխատանքը եւս հաճելի էր, քանի որ մեծամասնությունը հարցասեր եւ աշխատասեր էր, միմյանց օգնելու հարցում՝ պատրաստակամ: Նրանց թվում եւս շատ լավ մարդիկ կային, օրինակ՝ մեկից որպես հիշատակ յուղաներկով մի նկար եմ նվեր ստացել՝ «Մեր բակը» վերնագրով, որտեղ պատկերված է Բրյուսովի համալսարանի բակը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ