Լրահոս
Օրվա լրահոսը

«Րաֆֆիենց գերդաստանն է եղել իմ առաջին ծափահարողը»

Մայիս 03,2012 14:05

Կամ՝ Ձախ Հարութի այցի, «սարի քյալլի եկեղեցիների» ու երգչի դաշնակցական չդառնալու մասին

Ամերիկահայ երգիչ Հարութ Փամբուխչյանը (Ձախ Հարութ) Երեւանում է: Ասում է՝ Հայաստան է եկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերով, չնայած զբաղվածությանը՝ չի մերժել. «Ես նրանց գերդաստանի երգիչն եմ, ուրախությունների ու տխրությունների վկան, իսկ Րաֆֆիի հետ համարյա տարեկիցներ ենք: Ամերիկայում էդ ընտանիքն է եղել իմ առաջին ծափահարողը: Իսկ ինչ վերաբերում է քաղաքականությանը, այն իմ արյունն ու խառնվածքը չէ, քարոզարշավին էլ երգել եմ, բայց բեմից չե՛մ ասել՝ ժողովուրդ, Րաֆֆիին ընտրեք, որովհետեւ դա իմ գործը չի, ժողովրդի գործն է…»: Երգիչը նեղվում է, երբ ամեն ինչի մեջ այլ ենթատեքստ են փնտրում, պրովոկացիոն հարցերով իրենից փորձում ինչ-որ բաներ կորզել. «Ասում են՝ ինչքա՞ն դրամ են քեզ տվել, որ երգես: Հո ամեն ինչ դրամի մեջ չէ՞, էդ ընտանիքը ազնվության մարմնացում է, ես էլ իրենց շատ հարգում եմ: Ի դեպ, երբ 25 տարեկանում Ամերիկա եկա, 1,5 տարի ձրի երգեցի բոլոր կուսակցությունների, հայրենակցական միությունների ու ազգային կառույցների համար: Հայկական դպրոցներ կան, որոնց շաղախի մեջ իմ քրտինքը կա, ինչ ձեռնարկ եղել է, դրամահավաքի համար երգել եմ»:

Խոսելով իր երգերի երկարակեցությունից՝ Հարութ Փամբուխչյանը նշում է, որ

երգը պիտի մտածել տա մարդուն. «Թե չէ՝ հիմա երգեր կան, որոնց կարելի է սեզոնային համարել՝ էստեղ լսում ես, էնտեղ մոռանում: Հարատեւելու ուժը չկա, երգը մարդու մոտ պետք է հիշողություններ արթնացնի: Ինչպես, օրինակ, «Տարիներս անցան»-ը … Մարդիկ կան՝ երգեր են երգում, ընկել են ինչ-որ սպեցիֆիկ բիթի հետեւից, բառերն էլ ոչինչ չեն ասում, ցավալի է»:

Երգիչը 1975-ին է հեռացել Հայաստանից: Խնդրեցինք զուգահեռներ տանել իր ժամանակի եւ այսօրվա Երեւանի միջեւ:

«Ես սիրում եմ Երեւանը, իմ քաղաքն է, էստեղ եմ ծնվել, կրթություն ստացել ու մարդացել…Էն ժամանակ կոմունիստական սիստեմ էր, բայց մուրացկաններ չկային: Հիմա մարդիկ աղբարկղերն են խառնում: Օրերս 90 տարեկան մի կին տեսա, ախր ինչո՞ւ պետք է նա փողոցի անկյունում կոտեմ ու մաղադանոս վաճառի: Ասացի՝ մայրիկ ջան, ինչի՞ ես նստել…Ինչ կար-չկար դիմացը վերցրի, վճարեցի, խնդրեցի տուն գնա: Պտտվեցի, հետ եկա, տեսա նորից դրել-վաճառում է կանաչին: Լավ բաներ եմ տեսնում՝ ուրախանում եմ, վատից էլ տխրում եմ: Ափսոսում եմ, որ ծայրահեղ աղքատներ ու ծայրահեղ հարուստներ կան Հայաստանում, որոնք աշխատատեղեր բացելու փոխարեն սարի քյալլին եկեղեցի են սարքում: Ընկերներ ունեմ, որ եկան էստեղ դրամներ ներդրեցին ու հետ չեկան Լոս Անջելես՝ սպանվեցին: Սփյուռքը վախենում է, թե չէ՝ ֆինանսական կարողություն ունեցողներ կան, որ կուզենան ներդրումներ անել հայրենիքում»,- ասում է զրուցակիցս: Նաեւ հավելում է, որ չի ափսոսում ԱՄՆ գնալու համար՝ բոլոր ակնկալիքներն արդարացվել են, նշում է, որ եթե նկարեր ու քանդակեր (մասնագիտությամբ նկարիչ- քանդակագործ է), կյանքը լրիվ այլ ընթացք կունենար. «Էդ ասպարեզում երեւի պիտի մեռնես-գնաս, որ գործերդ սկսեն գնահատել: Բայց ես երգեցի 1-2 տեղ, ու բուռն արձագանքներ եղան: Երբ իմ առաջին ձայնապնակը եղավ՝ Արթուր Մեսչյանի «Ուր էիր Աստված» երգով, այն ասես ռումբի պես պայթեց, ու կոնտրակտները թափվեցին գլխիս, նույնիսկ ամերիկյան հեռուստատեսությունը սկսեց հետաքրքրվել ինձանով»:

Հարութը սիրով է հիշում 89-ի համերգները երեւանյան ստադիոնում. «Ստադիոնի խելագարությունները իմ կյանքի ամենաերջանիկ օրերն են եղել»: Կյանքի լիբանանյան դրվագներն էլ չի մոռանում. «Երբ գնացի Լիբանան, պատերազմ սկսվեց, 6 ամիս մնացի ներքնահարկում, ռումբեր էին պայթում, մորուքս երկարել էր… Գնացի դաշնակցության ակումբ, հայ զինյալ տղերք կային, որ Բուրչամուտ հայկական թաղամասն էին պահում: Ակումբում հայտնեցի, թե զենքի հետ ծանոթ եմ, բանակ եմ գնացել, կարող եմ օգնել, դաշնակցության պարագլուխ Խաչիկ Արաբյանը, սակայն, ասաց՝ տղաս, դու պետք չունես զենք բռնելու, միայն երգելդ էլ բավական է, բայց ես եւ զենք էի բռնում, եւ կիթառ էլ: Ինձ ասացին՝ Հարութ, դու մեր տղեն ես, արի ընդունվի մեր շարքերը: Չուզեցի: Ասացի՝ հավատում եմ Ձեր արած գործին, դաշնակցությունը մեծ ներդրում ունի հայապահպանության առումով, եւ բնավ պարտադիր չէ կուսակցական լինելս: Մանավանդ, երբ իմ կարիքը զգացվի, էլի ձեր տղեն եմ: Ի դեպ, երկրորդ անգամ ինձ հենց դաշնակցությունը Հայաստան բերեց. համալիրում 6 համերգ տվեցի, որպեսզի հասույթը գնա Ղարաբաղ: Հիմա էստեղ խոսակցություններ են գնում, թե ինչու եմ եկել «Ժառանգության» համար: Մի հետաքրքիր բան ասեմ՝ էստեղի դաշնակցությունն ուրիշ դաշնակցություն է, էնտեղինը՝ լրիվ այլ»:

Մեր զրույցի ընթացքում երգիչը նաեւ անդրադարձավ Հայաստանում շնորհվող պետական պարգեւներին. «4 ամիս առաջ Կիլիկյան թեմի առաջնորդ Արամ Առաջին կաթողիկոսը ինձ պարգեւատրեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, ես գիտեմ, որ էդ շքանշանը Հայաստանում բաժանում են չամիչի նման: Բայց Հայաստանից դուրս լրիվ այլ է: Էդ մեդալը ստանալուց հետո համերգներ ունեցա Սփյուռքի մեջ ու նկատեցի, որ ժողովրդի դրական վերաբերմունքը իմ հանդեպ կրկնապատկվել է, որովհետեւ իրենք գիտեն, թե ինչ է նշանակում Արամ Առաջինի ձեռքով շնորհված մեդալը»:

Գալով սիրված երգերի թեմային, Ձախ Հարութին խնդրեցինք առանձնացնել իր համար հոգեհարազատ գործերը: Նա ասաց, որ դրանց մեջ են ժողովրդական ստեղծագործությունները, որոնք հիմնականում մորից է լսել, եւ Ռուբեն Հախվերդյանի երգերը:

Նա նաեւ մի հետաքրքիր դրվագ պատմեց այս առիթով. «Մի անգամ Լոս Անջելեսում մեկն եկավ ու ասաց՝ Հարութ, ես քեզ 17000 դոլար եմ պարտք: Զարմացա՝ ախր իրեն փող չէի տվել: Ասաց՝ 17 անգամ լսել եմ «Երեւանի գիշերներում» երգը համերգներին ու ամեն անգամ լսելով՝ ձրի գնացել Երեւան-հետ եկել»:

Ինչ վերաբերում է Երեւանում մեծ համերգ կազմակերպելուն, ինչ-ինչ բանակցություններ տարվում են, Հարութը կգա, եթե իրեն ու ընդհանրապես սփյուռքյան երգիչներին Հայաստանից այնպես հրավիրեն, ինչպես հայաստանցի երգիչներին են, օրինակ, ԱՄՆ հրավիրում. «Ամեն տարի էնտեղից Թաթային, Արմանին ու մնացածին հրավիրում են, իսկ էստեղից ինձ 10 տարի է՝ հրավեր չկա: Ուրախ եմ, որ տղաները գալիս էնտեղ լավ վարձատրվում-հետ են վերադառնում: Իրենք (Հայաստան կողմը) էլ եթե ուզեն, կարող են նույն կերպ վարձատրել մեզ: Բայց հարցն էստեղ գումարը չէ, ամիս է եղել՝ 16-17 հարսանիք եմ երգել, տեղ կա երգել եմ ու մեծ գումար պահանջել, բայց էն գաղութներին, որ հարուստ չեն, միշտ հարմարվել եմ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031