Լրահոս
Օրվա լրահոսը

«Գողապետարանի» պատերից այն կողմ

Մայիս 03,2012 13:49

Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին մեկ տարուց ավելի գտնվել է անազատության մեջ: «Առավոտը» ստորեւ ներկայացնում է նրա կալանավայրային դիտարկումներից:

«Գողական կառույց»

Կալանավայրերի ադմինիստրացիային կից աշխատում է «գողական կառույց»՝ ադմինիստրատիվ բոլոր հատկանիշներով: Այն կատարում է գործող իշխանության առավել անօրինական եւ հանցավոր գործառույթները: Ավելի կոնկրետ՝ «գողական» համակարգի ակտիվ գործունեությունն ու իշխանությունների անգործությունն առավել ակնհայտ է դարձնում կալանավայրում կատարվող հանցագործությունների մասին լռության պահպանումը, իրական փաստերի կոծկումը եւ այլն: Քաղբանտարկյալների մեջ ինտենսիվ քարոզվում է, որ «էստեղ պետք չի ոչինչ անել, դուրս կգնաք՝ կպայքարեք»: Թվում է՝ սա իշխանությունների մշակած ծրագիրն է անհնազանդ քաղաքացիներին իրենց քաջ ծանոթ միջավայրում մշակելու համար: Ըստ ստացված որոշ լուրերի՝ մարտի 1-ի կալանավորների նկատմամբ այլ կալանավորների կողմից նախնական շրջանում եղել է կոշտ եւ բացասական վերաբերմունք: Նրանց ընկալել են որպես ազգի եւ հայրենիքի դավաճաններ: Ըստ որոշ լուրերի՝ մարտի 1-ի որոշ կալանավորներ ժխտում կամ թաքցնում էին իրենց առնչությունը շարժման եւ ընդդիմության հետ, եթե պայմանները շատ անբարենպաստ էին լինում: Սակայն ինչ-որ ժամանակ հետո իրավիճակի փոփոխության հետեւանքով ղեկավարությունը հասկացնել է տվել, որ «նորեկներին» «չնեղեն»: Այդ «հասկացնել տալը» արտահայտվել է տարբեր ձեւերով: Մասնավորապես, ամենօրյա «պրավերկայի» ժամանակ ուղղակի դիմել են տվյալ անձին եւ հարցրել նրա որպիսությունը: Դա արդեն բավարար է, որ կալանավորներն իմանան, որ տվյալ անձին իրավունք չունեն նեղել: Մարտի 1-ի դեպքերից հետո կալանավայրերում զանգվածաբար հայտնվեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր կալանավայրերում առաջին շրջանում բախվեցին գողականության, ավելի ճիշտ՝ իշխանության որոշակի գործակալների հետ: Տեսանելի տարբերություն կար նրանց եւ մնացած կալանավորների կենցաղի եւ ապրելակերպի միջեւ (այլ հետաքրքրությունների շրջանակ, թերթ կարդալու ցանկություն, «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումներին հետեւել եւ այլն): Նախնական շրջանում կալանավայրերում ընդգծված հակակրանքով էին վերաբերվում այդ դեպքերի ժամանակ ձերբակալվածներին՝ ուղղակիորեն կրկնելով «Հայլուրերի» մեղադրանքները: Նրանց էին դիմում «Խեղճ սալդատին ինչի՞ էիք ծեծում», «Ինչի՞ էիք ավտոները վառում», «Խի՞ էիք Օպերան դարձրել աղբանոց» եւ այլ հարցադրումներով: Թեեւ ժամանակի ընթացքում աստիճանաբար նրանց հանդեպ վերաբերմունքը փոխվեց, սակայն քիչ թե շատ շարունակվում էր պահպանվել այն դրվածքը, որ «էստեղ բերդ ա, պետք չի ոչինչ անել, դուրս կգաք, ինչ կուզեք՝ կանեք»: Թվում էր, թե սա իշխանությունների կողմից մշակված ծրագիր էր անհնազանդ քաղաքացիներին իրենց քաջ ծանոթ միջավայրում մշակելու համար:

Բերդ մտնող յուրաքանչյուր կալանավոր հաշվառվում է նաեւ գողական ադմինիստրացիայում:

Կալանավորների
հավաքագրում

Նորեկ, անծանոթ կալանավորին մոտակա խցերից ուղարկվում է ծխախոտ, սուրճ, շաքարավազ, ուտելիք եւ այլն: Կարանտինը կարող է տեւել մինչեւ մեկ շաբաթ: Այս շրջանում նորեկ կալանավորը դեռ հանձնուք չի ստանում եւ կարիք ունի նյութական եւ բարոյական աջակցության, ինչը ստանում է ոչ թե ադմինիստրացիայից, այլ գողապետարանից՝ դրանով իսկ կախման մեջ ընկնելով գողական համակարգից, ինչին չի կարող լավատեղյակ չլինել կալանավայրի ադմինիստրացիան: Հենց այստեղից էլ շրջանառվում է նորեկ կալանավորի մասին ինֆորմացիան, իսկ հիմնական խուց փոխադրվելուց հետո արդեն նրա մասին ճշգրիտ ինֆորմացիան ուղղահայաց եւ հորիզոնական ուղղություններով գնում-հասնում է «գողապետարան»: Ադմինիստրացիային կից աշխատող «գողական» կառույցը նման է ֆաշիստական գաղափարախոսություն ունեցող կուսակցության: Կալանավայր մուտք գործող յուրաքանչյուր ոք (կալանավոր) պարտադիր դառնում է այդ «կուսակցության անդամ»: Ոչ ոք չի հանդգնում հակակրանք արտահայտել: Ամեն մարդ աշխատում է հարմարվել, նույնիսկ դրանում դրական կողմեր տեսնել (օգնում են չունեւորներին եւ այլն): «Կուսակցական անդամավճարը» ամսական 5-10 հազար դրամ է (գումար չունեցողները հատուցում են աշխատանքով): Այն գանձվում է ամեն խցում առանձին:

Յուրաքանչյուր խցի պատասխանատուն՝ «կամեր նայողը», հավաքված գումարի մոտ կեսը փոխանցում է բերդի գողապետին, իսկ մյուս կեսը պահում՝ պետք եղած դեպքերում օգտագործելու համար: Դրվածքն այսպիսին է «Նուբարաշենի» 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հարկերի համար: 5-րդը՝ ցմահների հարկն ունի առանձին «կուսակցություն»՝ իր գողապետով: Յուրաքանչյուր նորեկի առանձին բացատրվում է «կուսակցության» կանոնադրությունը եւ զգուշացվում է դրանից շեղվելու դեպքում պատժվելու մասին: «Կանոնադրության» առաջնային խնդիրը գաղտնապահությունն է. այս օրենքը խախտողներին սպառնում են պատժել՝ իրենց եւ իրենց ընտանիքի անդամներին: Ամենադաժան խոշտանգման ենթարկվածը սովորաբար չի հանդգնում այդ մասին բարձրաձայնել: Կանոնադրության 2-րդ կետը «կուսակցության» գերակայությունն է: Մասնավորապես՝ ոչ ոք իրավունք չունի ոչ մի հարցով դիմել ադմինիստրացիային, եթե այն նախօրոք չի համաձայնեցրել «կուսակցության» հետ: Հաճախ «կուսակցության» խցերի պատասխանատուները գերազանցում են իրենց լիազորությունները՝ թույլ չտալով կալանավորին օգտվել ամենատարրական իրավունքներից, օրինակ՝ դիմել հանրային պաշտպան խնդրելու համար: Կանոնադրությունը իրականացվում է հոգեբանական ճնշման կիրառմամբ, կենցաղային ամենատարբեր առիթներն օգտագործելով: Կանոնադրությանը չենթարկվող անձանց սաստում եւ քննադատում են խմբակային մեթոդով:

Խցերում, կացարաններում (բարաքներ) ձեւավորվում է հիերարխիա: Գաղութի գլուխն է գողապետը, հաջորդ ամենաբարձր մակարդակում են խաղամոլները (ղումարբազները), որոնք տալիս են ամենամեծ եկամուտը հանցավոր իրավահարաբերությունները կարգավորելու գործում: Ամենաբարձր դիրքում գտնվող անձին ծառայում են բոլորը, ամենացածր դիրքում գտնվողին իշխում են բոլորը: Ստորին դիրքի կալանավորները կատարում են «շեֆերի» լվացքը, մաքրությունը եւ այլն: Նրանք կոչվում են «ճուտ»: Ամեն գողական թիմ ունենում է իր շեֆից մինչեւ ծառայողը: Կալանավայրի ծառայողները (աշխատող կալանավորները) համարվում են նվաստ, ոչ հարգված, իսկ գողերը չեն աշխատում, նրանք «մենթերի ոտի տակը չեն մաքրում»: Ամենուրեք քիչ թե շատ հարգում են տարեցներին: Իսկ հիերարխիայում տեղերը բաշխվում են ըստ կատարած հանցագործության, ըստ բերդի կամ գաղութի գողապետի հետ ունեցած հարաբերությունների եւ մատուցած ծառայության: Բերդերում թեեւ խցերը լինում են դասակարգված՝ դատվածներ, չդատվածներ, համենայնդեպս, սպանություն գործածը բարձր դիրքի թեկնածու է համարվում, իսկ մանր գողություն կատարածը՝ ցածր դիրքի: Բերդում կա ինտենսիվ կուսակցական քարոզ. «վերադասները» «ստորադասներին» ըստ էության համոզում են, թե ինչքան հզոր է գողապետությունը:

ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031